«Մեծ քառյակը» գրքի շնորհանդեսին տեղի կունենա «Տեխնոհսկաների ներքին խոհանոցը» թեմայով պանելային քննարկում

December 22, 2022

Newmag-ը և Digitain-ը համատեղ ներկայացնում են Smart մատենաշարի երկրորդ գիրքը. Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը. Amazon, Apple, Facebook, Google ընկերությունների թաքնված ԴՆԹ-ն» աշխատությունը: Գրքի շնորհանդեսին տեղի է ունենալու «Տեխնոհսկաների ներքին խոհանոցը» թեմայով պանելային քննարկմում, որի ընթացքում հյուրերը կբացահայտեն այս ընկերությունների շուրջ ձևավորված առասպելներն ու նրանց հաջողության հասնելու ճանապարհները: Բանախոսների տեղեկություններն առաջին ձեռքից են՝ նրանք աշխատել են նաև այս տեխնոհսկա կազմակերպություններում:

Որքան էլ աշխարհը վաղուց բացահայտել է, որ այս ընկերություններն անշահախնդիր չեն գործում, բայց, միևնույն է, շարունակում ենք նրանց վստահել մեր ամենաթանկ գաղտնիքները, պատրաստակամորեն պատմում ենք մեր կյանքի մասին՝ իմանալով, որ այդ տեղեկությունն օգտագործելու են՝ շահույթ ստանալու համար: Լրատվամիջոցներն այս ընկերությունների ղեկավարներին ներկայացնում են որպես հերոսների ու հանճարների, որոնց պետք է վստահել և ընդօրինակել: Ու հենց գրքում Սքոթ Գալուեյը ցույց է տալիս, որ չորս հսկաների հաջողության ամենամեծ գրավականը մարդկային հույզերն են, ու նրանց՝ այդ հույզերը մանիպուլացնելու կարողությունը:

Հեղինակը նաև թվարկում է Քառյակի տված արժեքավոր դասերը, որոնք ուրիշները կարող են կիրառել սեփական բիզնեսում կամ կարիերայում: Նրանց հաջողությունների ու առասպելական թվացող կայսրությունների մասին «Տեխնոհսկաների ներքին խոհանոցը» թեմայով քննարկմանը Rite ընկերության համահիմնադիր Աշոտ Խուդգարյանը զրուցելու է հենց ՏՏ ոլորտի մեծ ընկերությունների աշխատակիցների հետ, ովքեր նաև այս տեխնոհսկա կազմակերպություններում աշխատելու հնարավորություն են ունեցել:

Ինչպես են կարողացել 4 ընկերությունները վերածվել կայսրությունների, ինչպես են կարողանում վարպետորեն մանիպուլացնել ամբողջ աշխարհին ու ինչ է կատարվում նրանց ներքին խոհանոցում՝ հարցերը քննարկելու են բանախոսները:

Հայտնության չորս հեծյալների մասին գրքի շնորհանդեսին ու քննարկմանը կարող եք մասնակցել դեկտեմբերի 22-ին, 19.30-ին, Digitain ընկերության գրասենյակին կից FoodPark by DownTown-ում (Ծովակալ Իսակովի պողոտա 11): Մուտքն ազատ է:

Այդ օրը «Մեծ քառյակը» գիրքը կվաճառվի հատուկ զեղչով։

Կարդացեք նաև