Ինչու և ինչպես Մեսսին հեռացավ «Բարսելոնայից» (տեսանյութ)

August 6, 2021

2021-ի հուլիսի մեկին լրանում էր Մեսսի և «Բարսելոնայի» միջև պայմանագիրը։ Ու թեև իսպանական մամուլը, կատալոնական պարբերականներն ու Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում էին, որ ամեն ինչ կարգին է և շուտով արգենտինացին կկնքի նոր պայմանագիր, սակայն մեկ ամիս անց ակումբի պաշտոնական կայքը հայտնեց՝ Լիոնել Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»։ Սա անսպասելի էր ոչ միայն երկրպագուների, այլև հենց Մեսսի համար։ Ուր կգնա Մեսսին, կշարունակի՞ կարիերան, ի՞նչ առաջարկներ ունի. նա դեռ լուռ է. Ֆուտբոլային աշխարհը սպասում է նրա պատասխանին։

Ամեն ինչի պատճառը ֆինանսական այն մեծ ճեղքն է, որի առաջ հայտնվել է «Բարսելոնան»։ Ակումբը պետք է զգալիորեն նվազեցներ աշխատավարձերի շեմը, որ կարողանար պայմանագիր կնքել Մեսիի հետ ու նրան գրանցել թիմում՝ Լա լիգայի առաջիկա խաղարկության համար: Սակայն «Բարսելոնան» պաշտոնական հաղորդագրության մեջ նշում է, որ  գործարքը չի կարող կայանալ «տնտեսական ու կառուցվածքային խոչընդոտների պատճառով», որոնք պայմանավորված են Լա լիգայի կանոնակարգով: 

Պաշտոնական կայքում ակումբն իր մեծ ափսոսանքն ու շնորհակալությունն է հայտնել Մեսսին. ««Բարսան» ցանկանում է իր ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել Մեսիին թիմին մատուցած անգնահատելի ծառայությունների ու ներդրած ավանդի համար՝ միաժամանակ մաղթելով լավագույնը կյանքում ու մարզական կարիերայում»։

Կարդացեք նաև

Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» էր 2000 թվականից: Հիմնական թիմի կազմում 34-ամյա արգենտինացին հանդես էր գալիս 2005 թվականից: Մեսսին «Բարսելոնայի» կազմում 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող, 7 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 8 անգամ՝ սուպերգավաթակիր, 3 անգամ՝ ԱԱԱ-ի հաղթող, 3 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող:

Լա լիգայում ելույթների ընթացքում Մեսսին 9 անգամ դարձել է տարվա լավագույն խաղացող, 8 անգամ՝ մրցաշարի լավագույն ռմբարկու: Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ միակ խաղացողն է, որը 6 անգամ արժանացել է անհատական ամենահեղինակավոր մրցանակին՝ «Ոսկե գնդակին»:

Լեո Մեսսին խորապես հիասթափված է, որ կարիերան չի շարունակելու «Բարսելոնայում», քանի որ կողմերը նախնական համաձայնություն են ունեցել։ Նա նոր ակումբի հարցով պատրաստ է լսել առաջարկներ։ Ավելին այս ամառ արդեն հասցրել էր մերժել մի քանի ակումբի առաջարկ։ Բայց այս պահին ոչ մի ակումբի հետ բանակցություն չի վարում։

Մեսսիի հեռանալու առիթով թվիթերյան օգտատերերից մեկն առաջարկել է, որ «Բարսան» գործածությունից հանի «10» համարի մարզաշապիկը։ Երկրպագուները բազմաթիվ շնորհակալական տեսաուղերձներ են պատրաստել ու դրանցով ողողել համացանցը։ «Բարսելոնա» ակումբը ևս հավաքել է արգենտինացու բոլոր անմոռանալի ու փառահեղ գոլերը մեկ տեսանյութում ու վերնագրել՝ «Շնորհակալություն, Լեո»…

Կարդացեք նաև

«Բարսելոնա» ակումբի մասին իր անմնացորդ նվիրումը Մեսսին մեկ անգամ չէ, որ արտահայտել է։ Այդ մասին նա պատմում է նաև իր հուշերում, որոնք տեղ են գտել Newmag-ի հրատարակած Լուկա Կայոլիի «Մեսսի» գրքում։