Տեղի ունեցավ Էլենա Ֆերանտեի Նեապոլիտանական քառյակի 2-րդ գրքի հեռուստաշնորհանդեսը. «Նոր ազգանվան պատմությունը» (տեսանյութ, լուսանկարներ)
2021-ին Newmag-ը հրատարակեց Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» նեապոլիտանական քառագրության առաջին մասը: Հրատարակչությունն ընթերցողին չի թողնում երկար սպասել ու ահա՛, արդեն 2-րդ գիրքը՝ «Նոր ազգանվան պատմությունը», պատրաստ է: Արմենիա հեռուստաընկերությա
Ֆերանտեն իր գրական ուղին սկսել է 1990-ականներին, ու հենց սկզբից էլ նա հետաքրքիր էր գրական շրջանակի համար։ Նրա ձայնը ամբողջությամբ տարբերվում է, քանի որ իր քառահատորում առաջ է քաշում 1950-ականները, երբ Իտալիայի քաղաքական պատմության հետնաբեմում են զարգանում իրադարձությունները, որնց հիմքում աղքատությունն է և ընտանեկան բռնությունը։ Բայց երկրի քաղաքական անցուդարձը վեպերում ընդամենը ֆոն է՝ հերոսների միջավայրը, ժամանակաշրջանի զգացողությունը փոխանցելու համար:
Եվրոպայի հետպատերազմյան տնտեսական վերածնունդը և սեռական հեղափոխությունը, ձախերի վերելքը և երկրի ոչ վաղ անցյալի ֆաշիստական անցյալը, մաֆիայի ազդեցությունը և ուսանողական զանգվածային ցույցերը թույլ չեն տալիս պոկվել գրքից: «Նոր ազգանվան պատմությունը» իրադարձությունների, կրքերի ու վեճերի հորձանուտ է: Հերոսները հետաքրքիր են իրենց հակասություններով ու բնավորություններով՝ ընդգծում է խմբագիրը՝ Աննա Բախշյանը. «Լիլան չափից դուրս կտրուկ է, հանդուգն, անսանձ, անհավասակշիռ, Էլենան ավելի լավ ճանապարհ է ընտրում, քան Լիլան, որը կործանում է իր կյանքը՝ շատ շուտ ամուսնանալով, իր տաղանդն է զոհաբերում, չի կարողանում բացահայտել իրեն»:
Մանկությունից սկսված մտերմությունը՝ արդեն հասուն կյանքում. սեր, խանդ, իտալական կրքեր, ընտանիք ու առաջին հերթին ընկերություն. Էլենա Ֆերանտեի նեապոլիտանական քառագրության 2-րդ գիրքը՝ երկու երիտասարդ կանանց՝ Լիլայի ու Էլենայի կյանքի նոր շրջանն է: Այստեղ սկսվում է նրանց պատմության այլ փուլ՝ փորձություններով, դժվարություններով, բայց երբեք չհանձնվելու համառությամբ: Խմբագիր Աննա Բախշյանը աշխատանքի ընթացքում նաև ընթերցող է եղել. «Երկրորդ հատորում արդեն հասունացել են, ավարտական վերջին դասարանում են սովորում, և շատ ավելի բուռն է իրենց կյանքը, առաջին համբույր, ամուսնություն»:
Լիլան և Էլենան դեռ ձգտում են փախչել նեապոլիտանական ծայրամասերի թշվառությունից ու աղքատությունից, բայց յուրաքանչյուրն ընտրում է իր ճանապարհը: Ընկերները մեծանում են, նրանց ճանապարհները կյանքում անխուսափելիորեն տարբերվում են: Ֆերանտեն մեծ վարպետությամբ ներկայացնում է երկու հասուն կանանց կյանքի ուղին՝ ինտրիգային, խիստ տարբեր ու միևնույն ժամանակ, նաև շատ սովորական: Հեռուստաշնորհանդեսին ներկա լրագրող Մանու Իրիցյանն անկեղծանում է՝ մինչև հայերեն թարգմանվելը՝ մեկ շնչով 4 գիրքն էլ ընթերցել ու տպավորվել է. «Սովորական մարդկային հարաբերությունների նման մեկը տաղանդավոր է, բայց դժբախտ, մյուսը՝ հակառակը, և եթե ամենափոքր տարիքում հանճարեղ ընկերուհին է գրում գիրք, հետո արդեն հանճարեղ ընկերուհու մասին են գրում»:
Ըստ գրաքննադատների, Էլենա Ֆերանտեն միակն է, որ կարողանում է այդքան ազնիվ պատմել կանանց ընկերության մասին՝ վեր հանելով հասուն կյանքում առաջացող խնդիրները, վեճերն ու նրանց խճճված, զարգացող կապը: Newmag հրատարակչության առցանց բովանդակության պատասխանատու Գոհար Մանուկյանի խոսքով, սա գիրք չէ միայն երկու ընկերուհիների կյանքի մասին՝ 1950-ականների ամբողջ համայնապատկերը կարելի է տեսնել գործի էջերում. «Այդ խնդիրները բոլորիս կյանքում կան, բայց հետաքրքիրն այն է, որ երբ բացում ես ֆերանտեի գիրքը, չես կարողանում պոկվել, դա իսկապես ֆերանտեմանիա է»:
Կարդացեք նաև
Ֆերանտեի գրքերը կարդում են ամբողջ աշխարհում, Հայաստանում բլոգեր, Newmag-ի Book Club-ի անդամ Ալիսա Գրիգորյանը «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցելուց հետո անհամբեր սպասում էր 2-րդ գրքին. «Ստացվում է այնպես, որ մենք այդ հերոսների հետ անցնում ենք մի ամբողջ կյանք, տեսնում ենք նրանց անձնական աճը, հերոսների լավ նկարագրություն կա գրքում, Ֆերանտեն ներկայացնում է նաև Նեապոլի այն կյանքը, որը մեզ ծանոթ չէ»: Երկու կանանց կյանքի ու ընկերության մասին պատմող այս գիրքը նաև ցանկացած իրավիճակում չհանձնվելու և պայքարելու մասին է:
Newmag-ը ներկայացնում է Էլենա Ֆերանտեի նեապոլիտանական քառագրության երկրորդ գիրքը՝ հասուն կանանց ընկերության, խնդիրների ու անձնական դրամայի մասին: Ֆերանտեն բառացիորեն հիպնոսացնում է ընթերցողին` ընկերուհիների բորբոքված կրքերով ու սոցիալական դրամայով: «Նոր ազգանվան պատմությունը» շուտով հասանելի կլինի բոլոր գրախանութներում: