«Կապարի համը». Մեծ վեպ՝ փոքր մարդու մասին (տեսանյութ)

November 30, 2023

Լատվիացի ժամանակակից գրող Մարիս Բերզինշի «Կապարի համը» պատմություն է պատմական կարևոր ու ճակատագրական ժամանակշրջանում ապրող սովորական կամ փոքր մարդու մասին։ Վեպի գլխավոր հերոսը ռիգացի երիտասարդ արհեստավոր Մատիսն է։ Գիրքը Լատվիայի համար բախտորոշ շրջանի մասին է. Երկրորդ համաշխարհային պատերազմի, օկուպացիոն երկու ռեժիմների՝ կոմունիստների և նացիստների բախման կետում հայտնված երկրի պատմությունը հեղինակը ներկայացնում է երիտասարդ տղայի առօրյայով ու պրիզմայով։

«Կապարի համը» գրքում ու գլխավոր հերոսի կյանքում Լատվիայի պատմության դաժան իրադարձությունները հայտնվում են աննկատ՝ հասնելով անսպասելի ու սարսափելի  կուլմինացիայի։ Գլխավոր հերոսն իր ու Լատվիայի համար պատմական  այդ փուլում մենակ է մնում, քանի որ  մայրը գերմանացի խորթ հոր հետ հեռանում է Գերմանիա՝ կոմունիստներից փրկվելու համար։ Բայց կարմիրներից հետո գալիս են գերմանացիները։ Ներկարար Մատիսը սեռական կյանքը բարելավելու համար փոքրիկ վիրահատական միջամտության է դիմում, որից հետո պատմական-քաղաքական իրադարձությունները ուղղվում են երիտասարդ տղայի դեմ. Նա թլպատման պատճառով հրեա է դառնում նախ՝ կարմիրների, հետո՝ դարչնագույնների համար։ 

Մարիս Բերզինշը վեպում նկարագրում է 1939–1941 թվականները։ Գրքում հեղինակը ցույց է տալիս հասարակության անտարբերությունը, պատմում, թե ինչպես են ամեն մի նոր աղետից առաջ և քաղաքական փոփոխությունից հետո մարդիկ շարունակում ապրել իրենց առօրյայով՝ չհավատալով, որ պատմության դաժան բումերանգը մի օր էլ իրենց կհասնի։

Դրվագներից մեկում հրեական գետտոյում հերոսները հիշում են նաև հայերի Ցեղասպանությունը։ Լատվիացիները չեն հավատում, որ հայոց ցեղասպանությունը կարող է կրկնվել, այն էլ Ռիգայում։ Բայց այդ խոսակցությունից մի քանի օր հետո Ռիգայում գնդակահարվում, այրվում, աքսորվում են հազարավոր լատվիացիներ, հրեաներ։  

«Կապարի համը» ռեալիստական, պատմական իրադարձությունների մասին վեպ է, որտեղ պատերազմի պարադոքսն ուղեկցվում է կապարի համով ու հասնում ողբերգական ավարտի։ Գիրքը նաև բեմադրվել է, ու մինչև հիմա ամենադիտված ներկայացումներից մեկն է։

Կարդացեք նաև