[Newmag Summer Fest-2021] «Զիդան. երկու կյանք» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

July 22, 2021

Երկար դադարից հետո Newmag-ն իր մարզասեր ընթերցողներին ներկայացրեց նոր գիրք: Newmag Summer Fest-ի ընթացքում տեղի ունեցավ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Զինեդին Զիդանի հուշագրության շնորհանդեսը։ Զիդանի կյանքի ու կարիերայի մասին այս ստեղծագործությունը յուրահատուկ աշխատություն է։ Հեղինակներ Ժան Ֆիլիպն ու Պատրիկ Ֆորը ֆրանսիացի հանրահայտ լրագրողներ են, որոնք երիտասարդ տարիքից հետևել են Զիդանի կարիերային ու գրի են առել նրա բացառիկ ուղու ամենանշանակալի իրադարձությունների մանրամասները։

«Զիդան. երկու կյանք» գիրքը Ժան Ֆիլիպի «Զիդան՝ համեստ արքան» գրքի և Ժան Ֆիլիպի ու Պատրիկ Ֆորի «Յազիդից մինչև Զիզու» գրքերի համալրված տարբերակն է։ Ինչու Յազի՞դ՝  հենց այդպես էին նրան կոչում ընտանիքի անդամներն ու մտերիմները։ Գիրքը նվիրված է Զիդանի կարիերայի ընթացքում կարևորագույն դերակատարում ունեցած Ժան Վառոյի հիշատակին։ Ստեղծագործությունը ֆրանսերենից հայերեն են թարգմանել Անահիտ Մեսրոպյանն ու Սերգեյ Մկրտչյանը։ Վերջինի խոսքով. «Երբ Newmag-ից ստացա Զիդանի կյանքի վերաբերյալ գրքի թարգմանության առաջարկը, մտավախություն ունեի, սակայն քանի որ ֆուտբոլ սիրում եմ, սկսեցի թարգմանել: Այս պատմությունը շատերին կհետաքրքրի՝ կյանքի ընթացքը, հաջողությունները, պարտությունը»։

   

Գիրքը սկսվում է Զիդանի ամենամտերիմ թիմակիցներից մեկի՝ բրազիլացի Ռոնալդոյի ընծայագրով։ Զինեդին Զիդանը համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկն է, նա ունեցել է փառահեղ կարիերա, սակայն նրա ճանապարհը ամենևին էլ հեշտ չի եղել։ Հիմնականում ֆուտբոլիստները հենց այսպիսի ուղի են անցնում մարզական փառքի գագաթնակետին հասնելու համար։ Զիդանի ուղին յուրահատուկ է, լի վերելքներով, վայրէջքներով, հաղթանակներով ու անսահման դրամաներով։

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի «կեղծ զանգից» ու դրան հետևած զարմանալի միջադեպից մինչև Դավիդ Բետոնիի հետ հետաքրքիր ծանոթություն. այս գրքում բազմաթիվ թեմաներ կան։

«Զիդան. երկու կյանք» գիրքը ֆուտբոլային աշխատություն է, բայց սա չի նշանակում, որ գրքի ընթերցմամբ բացի ֆուտբոլից որևէ այլ թեմայի չեք հանդիպելու։ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի «կեղծ զանգից» ու դրան հետևած զարմանալի միջադեպից մինչև Դավիդ Բետոնիի հետ հետաքրքիր ծանոթություն. այս գրքում բազմաթիվ թեմաներ կան։

   

«Զիդան. երկու կյանք» գրքի թարգմանության խմբագիրն Արմեն Ամիրխանյանն է. «Սպորտային այս մի գիրքը բացառիկ էր այն առումով, որ մյուսները գուցե ավելի սպորտային և կենսագրական էին, սա ավելի կյանքի և կռվի, պայքարի, իր ուղին հարթելու մասին էր։ Զուտ սպորտային գիրք չէր և ոչ էլ զուտ կենսագրական»։

«Ինչ-որ մեկին օգնելու համար պատճառ պետք չէ»՝ սա Զիդանի ամենահայտնի միտքն է, որը շնորհանդեսի ընթացքում վերհիշեց մարզական մեկնաբան Արամ Սահակյանը: Ըստ նրա, Զիդանը՝ հանճարեղ ֆուտբոլիստ լինելուց բացի, նաև բացառիկ մարդ է։ Նա դա բազմիցս ապացուցել է թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս։ Հենց այդ մարդկային արժանիքների, տղամարդկության, ընտանիքն ու հարազատներին սիրելու պատճառով Զիդանը շատ հաճախ հայտնվում էր նաև սկանդալներում։

Կարդացեք նաև

«Զիդան. երկու կյանք» գրքում տեղ են գտել Մարկո Մատերացիի հետ սկանդալային դրվագի սենսացիոն մանրամասները: Գրքում կան թե՛ հայտնի, թե՛ անհայտ փաստեր, ուշագրավ երկխոսություններ, որոնց այլ հրապարակումներում դժվար հանդիպեք։