Immersive Education Solutions. Կրթական վիրտուալ  շրջայց տիեզերքում

Immersive Education Solutions. Կրթական վիրտուալ շրջայց տիեզերքում

newmag-ը պատմում է Immersive Education Solutions նախագծի մասին, որով երեխաները 360 աստիճանով, եռաչափ տարածությունում տեսնում են այն, ինչի մասին կարդում են դասագրքերում:

Պատկերացրեք դասասենյակ, որը աշակերտներին տեղափոխում է տիեզերք, ծանոթացնում մոլորակներին,  աստղերին, գալակտիկաներին: Երեխաները 360 աստիճանով, եռաչափ  տարածությունում տեսնում են այն, ինչի մասին կարդում են դասագրքերում: Սա հայկական Immersive Education Solutions նախագիծն է:

Ստարտափը ավանդական կրթությունը փորձում է դարձնել ինտերակտիվ և «խելացի»:

Աստղագիտության մասին պատմող ուսուցողական ֆիլմը նախագծի առաջին աշխատանքն է: Առաջիկայում Immersive Education Solutions թիմի անդամները ուսուցողական ինտերակտիվ ֆիլմեր են ստեղծելու նաև քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության և պատմության մասին: Ֆիլմերը դիտելու համար անհրաժեշտ են համապատասխան պլանետարիումներ, որոնք նախագծի հեղինակ Լևոն Արամյանի խոսքով սկզբնական   փուլում բոլոր դպրոցներին տրամադրելու անհրաժեշտություն չկա. «Մոբիլ՝ շրջող պլանետարիումների միջոցով  կարող ենք ցուցադրություններ կազմակերպել ամենուր: Եթե լինեն դպրոցներ, որոնք պլանետարիումներ ձեռք բերելու հայտ կներկայացնեն, պատրաստ ենք տրամադրել ֆիլմերի հետ միասին: Համոզված եմ, ունենք  բոլոր հնարավորությունները՝ Հայաստանում այդպիսի պլանետարիումների արտադրություն սկսելու համար»:


[ Startup Հայաստանից ]


Նախագիծը դպրոցներում փորձնական ցուցադրվել է: Կրթական գործընթացում պլանետարիումները կլինեն աջակցող լուծումներ, որոնք դասապրոցեսը կդարձնեն ավելի գրավիչ. «Նման ֆիլմերը մեծ սեր և կրթվելու ցանկություն կառաջացնեն։ Պատկերացրեք,  դառնում եք ուսուցանվող նյութի մասնակից։ 360օ ֆիլմերի թողարկումից հետո ցուցադրություններ կկազմակերպենք Հայաստանի  և Արցախի տարբեր համայքներում»: 

Հայկական թիմը միակն է կովկասյան տարածաշրջանից, որը անցել է Tech-I Global Pitch Competition միջազգային  մրցույթի կիսաեզրափակիչ:

Մրցույթին մասնակցում էին  135 պետություններ և ավելի քան 1000 ստարտափեր: 30 հաջողակներին ընտրելու հարցում կարևոր է նաև հանրության քվեն: Immersive Education Solutions նախագծի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ:

Պլանետարիումներում ուսուցողական տեսանյութերը կարող են դիտել միաժամանակ 15-20 աշակերտ: Նախագծի հեղինակները նախատեսում են ուսուցողական ֆիլմերը նաև թարգմանել: Immersive Education Solutions-ը ցանկանում է դիրքավորվել միջազգային շուկայում: Նախագիծը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ստարտափերից է:

Գրել կարծիք