Էվերեստի առաջին գրավումն ու հայկական եռագույնը Երկրի գագաթին

Էվերեստի առաջին գրավումն ու հայկական եռագույնը Երկրի գագաթին

Միայն 20-րդ դարում 203 մարդ է մահացել էվերեստը հաղթահարելու ճանապարհին: Նրանք շարունակում են զոհվել նաեւ հիմա, երբ անմատչելի լեռը կես դարից ավելի նվաճված է: newmag-ը պատմում է Երկրի ամենաբարձր լեռն առաջին հաղթողների ու Էվերեստը նվաճած հայերի մասին:

1953-ին լեռնագնացները չգիտեին, աշխարհի ամենաբարձր լեռան կատարին հնարավո՞ր է շնչել, թե ոչ: Չգիտեին` իրենց կօգնե՞ն թթվածնային բալոնները, թե իրենք էլ կդառնան հերթական արկածախնդիրները, որոնք կյանքի գնով ոչնչի չեն հասնի: Իսկական խենթերի գործ էր, գնալ մի տեղ, որտեղ ողջ մնալու հավանականությունը տասը տոկոս էլ չկար:

everest_01 everest_09

Միայն նա, աշխարհի ամենախենթը` սըր Էդմունդ Հիլարին կարող էր այնքան երազել առաջինը լինելու մասին, որ չթաղված դիակների կողքով, անտեսելով ամեն ինչ, ձգտեր ու հասներ աշխարհի գագաթին:

Երկրագնդի ամենբարձր կետը` Էվերեստը, գտնվում է Նեպալի և Չինաստանի սահմանին:

Տիբեթում այն ընդունված է անվանել Ջոմոլունգմա, որը թարգմանաբար նշանակում է «աստվածային»: Նեպալում էլ այն կոչում են Սագարմատխա՝ «Աստվածների մայր»: 

1856-ին Անդրե Վոգի  առաջարկով լեռն անվանվել է Էվերեստ, ի պատիվ աշխարհագրագետ Գեորգի Էվերեստի: Նա առաջիններից էր, որ 1847-ին նկատեց սարը: Մի  քանի  տարի անց, դիտարկումներից  ու  հաշվարկներից  հետո, լեռան բարձրությունը հաստատվեց 8848 մետր, որը ծովի մակարդակից ամենաբարձր գագաթն է համարվում:

Իրականում էվերեստը շարունակում է աճել: 1994թ.-ին հետազոտության խումբը հայտնաբերել է, որ լեռը բարձրանում է տարեկան 4 միլիմետրով: Բանն այն է, որ հնդկական ենթացամաքը առանձին հողակտոր է եղել, որը միացել է Ասիայի, որտեղ էլ կազմավորվել են Հիմալայերը:

Մայրցամաքային շերտերը մինչ հիմա շարժվում են, ու լեռներն էլ ավելի բարձր են հրում:

1999-ին Ամերիկյան հետազոտական արշավը լեռան գագաթի տակ արբանյակային սարք է տեղադրել՝ աճը ուսումնասիրելու և գրանցելու համար: Նրանց առավել ճշգրիտ ուսումնասիրությամբ՝ լեռան բարձրությունը հիմա 8850մ է:

Մինչև Հիլարիի էքսպեդիցիան՝ Էվերեստը բարձրանալու փորձ էին կատարել 11 խմբեր, մեծ մասը` անգլիական: Ամենից վեր 1924-ին բարձրանալ հաջողվել էր Մելորիին ու Լիին: Բայց պարզ չէ` նրանք հասել էին գագաթին, թե` ոչ, քանի որ այդպես էլ հետ չէին եկել:


[ Պոստ Ֆակտում ]


500 տոննա սարքավորում ու 350 հոգանոց անձնակազմ: Միայն ստորոտին հայտնվելու համար նրանք հաղթահարեցին ավելի քան 300 կմ: Կենտրոնական ճամբար… Էվերեստի ուժը… Կհումբուի սառցե հոսքը… Ասեղների պես սրածայր հարյուրավոր սառցաբեկորներ… Ձյունե կամուրջներ ու անդունդներ… Մարդն այդտեղ էր առաջին անգամ:

everest_02 everest_05

Լեռնագնացներն ստիպված էին պայքարել սեփական օրգանիզմի դեմ: Օդում թթվածնի քանակությունը սովորականից 3 անգամ պակաս էր: Ամեն քայլը փորձություն էր: Իսկ լեռնային հիվանդությունից պաշտպանված չեն անգամ փորձառու ալպինիստները:

Մարդը կորցնում է ինքնագիտակցությունը, ընկնում ցնորքների մեջ ու նրան թվում է, թե լեռները շուռ են գալիս իր վրա, կենդանիները փորձում են հոշոտել իրեն:

Այս հիվանդության մասին գիտեին նաև էվերեստը նվաճող առաջին խենթերը: Գիտեին, որ ոչ ոք չի կարող ու չի փորձի օգնել իրենց: Լեռնագագաթին օգնությունը ինքնասպանության պես մի բան է: Օգնողը սովորաբար զոհվողի հետեւից է գնում:

everՀարավային փլվածք: Բարձրությունը 8000մ, այսպես կոչված` մեռյալ գոտի: Հիլարին ու Տեցինգը այդտեղից ճանապարհը երկուսով էին շարունակելու: Վերջին անհանգիստ գիշերն էր: Բարձրությունը գողանում է ոչ միայն ուժերն ու միտքը, այլև քունը:

1953-ի մայիսի 29-ը Էվերեստի նվաճման օրն է: Հիլարին ու Տենցինգը շարժվեցին 7:30-ին: Վերջին 400 մետրը նրանք անցնելու են առանց ֆոտոխցիկի: Կբավականացնեն արդյո՞ք նրանք ուժերն ու թթվածինը:Ժամը 9-ին նրանք հասան հարավային գագաթին: Մնացել էր 80 մետր:

«Մենք չափազանց մոտ էինք, երբ հանկարծ ուղիղ մեր առաջ վեր խոյացավ 12 մետր բարձրությամբ ժայռաբեկոր: Խելքիս փչեց բարձրանալ դրա վրա: Այդ պահին արդեն կասկած չկար, որ բարձունքը մերն է»:

Հիլարիի խմբի հաղթանակի լուրը հասավ Լոնդոն: Այն նվեր էր նոր թագադրվող Եղիսաբեթ Երկրորդ թագուհու համար: Կրկնակի ուրախության մասին հայտնեց BBC-ին: Այդ հաղորդագրությունը լսեցին նաև Հիմալայներում: Այդ ժամանակ Հիլարին կարծում էր, որ վտանգավոր շղթայական ռեակցիա է սկսվելու: Ժամանակը ապացուցեց նրա խոսքերի ճշմարտացիությունը:

«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ. Էվերեստի գագաթին հասնելու փորձերի թիվը կհասնի վտանգավոր չափերի: Դա կանեն նույնիսկ անփորձ լեռնագնացները»:

***

Էվերեստի գագաթին նաև Հայաստանի դրոշն է ծածանվում, չնայած մինչեւ հիմա ոչ մի հայաստանցի չի բարձրացել աշխարհի ամենաբարձր լեռը: Հայաստանի բնակիչ չեն, բայց ազգությամբ հայեր են այն 3 երիտասարդները, որոնք տարբեր խմբերով ու տարբեր ժամանակներում հասել են Էվերեստի գագաթին:

wpe10669

Նրանցից առաջինը ամերիկաբնակ Իգոր Խալաթյանն է: 2002-ին նա 8848 մետրը հաղթահարել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի կողմից, այսինքն` հարավից: Իգոր Խալաթյանի ճանապարհորդությունը տեւել է մոտ 74 օր: Նա գագաթին մնացել է մոտ տասը րոպե, լուսանկարել, պարզել հայկական եռագույնն ու արագ վերադարձել: Այդ ամենի համար ամերիկահայը վճարել է 50 հազար դոլար:

***

Էվերեստի նվաճումը լեռնագնացների ազնիվ ու մասնագիտական երազանքն է, մինչդեռ շատ մեծահարուստների համար այն պարզապես վտանգավոր ժամանց է: Էվերեստի նվաճումից հետո լեռը  դարձավ թեթևամտության վայր: 1996-ի մայիսին զանգվածային վերելքը ողբերգական ավարտ ունեցավ: 30 մարդ որոշել էին նույն օրում հասնել Էվրեստի գագաթ: Թվում է, թե այստեղ չի կարելի գործել չմտածված: բայց Փոթորիկ սկսվեց, ու 30-ից 8-ը պարզապես չվերադարձան:

Էվերեստի նվաճումը 20-րդ դարի ամենամեծ հաղթանակներից մեկն էր: Սա հաղթանակ էր բնության նկատմամբ:

 

Բայց հիմա ժամանակն է պահել ու պահպանել պարտված բնությունը: Հավանաբար 21-րդ դարը հենց բնապահպանության դարն է: Հակառակ դեպքում բնությունն այս անգամ կպարտվի եւս մեկ ու վերջին անգամ` իր հետ կործանելով նաեւ մարդուն:

 

Գրել կարծիք