ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հնարավո՞ր էր ԵԽԽՎ-ում կանխել հակահայկական բանաձևը

Հնարավո՞ր էր ԵԽԽՎ-ում կանխել հակահայկական բանաձևը

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն ընդունեց Միլիցա Մարկովիչի հեղինակած՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» վերնագրով հակահայկական զեկույցը, իսկ բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը չընդունվեց:
Այս երկու բանաձևերը ԵԽԽՎ մեծ օրակարգ մտան 2015-ի նոյեմբերին, որից հետո հայկական պատվիրակության անդամները շտապեցին հայտարարել, որ Ադրբեջանի պատվիրակները կաշառել են եվրոպացիներին: Նրանք շրջանառության մեջ դրեցին «խավիարային դիվանագիտություն» տերմինը: Քաղաքագիտական շրջանակները ստրասբուրգյան ձախողման պատճառը համարեցին այն, որ Ադրբեջանը ձգտում է Ղարաբախի խնդրի կարգավորումը Մինսկի խմբից այլ հարթակ տեղափոխել:
Երբ մի բանաձևն ընդունվեց ու մյուսը` ոչ, հայկական փորձագիտական ու քաղաքական` ի դեպ նաև իշխանական շրջանակները, սկսեցին հայտարարել, որ Հայաստանը պետք է դասեր քաղի ու աշխատի ոչ թե վերջին պահին` արտակարգ ռեժիմով, այլ մշտապես:

Այսինքն՝ կամա թե ակամա բոլորը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը կոչ են անում պարզապես աշխատել:

Պատվիրակության համար «աշխատել» նշանակում է պաշտպանել այն երկրի շահերը, որի քաղաքացիների հարկերից գոյացած գումարով պետությունն օդանավի տոմս է գնել, հյուրանոցի համար է ամրագրել, օրապահիկ է հատկացրել: Աշխատել նշանակում է մեն մենակ, կամ մի քանի հոգով դեմ առ դեմ դուրս գալ երկրիդ շահերի դեմ խոսող, գործող խմբի դեմ: Այնպես, ինչպես սահմանին կանգնած զինվորն է մենակ կամ մի քանի հոգով դուրս գալիս հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ:
Զինվորը պետբյուջեի փողով սահմանին շոփինգ չի անում: Տեսնես` պատվիրակությունը Ստրասբուրգում անո՞ւմ է:

Աշխատել նշանակում է խոսել այլ երկրների, այլ պատվիրակությունների, այլ մարդկանց հետ: Ճանաչել պատվիրակներին, իմանալ նրանց ուժեղ ու թույլ կողմերը, ֆիքսել կապերը, հնարավորությունները, ազդեցության լծակները: Իմանալ` ով ում հետ է ճաշում, ով ինչից է կաշկանդվում, ինչից է ոգևորվում, ինչից է հուզվում, ինչ է սիրում: Աշխատել նշանակում է ամեն մեկի հետ կառուցել շփման անհատական ծրագիր:Աշխատել նշանակում է շփվել իմանալ, խոսել կարողանալ, լեզու իմանալ:
ԵԽԽՎ-ում հակահայկական` անգլերեն հստակ ձևակերպումներով զեկույցին ռուսերեն չպատասխանել: Պաթետիզմը, այն էլ ռուսերեն, Արևմուտքում դժվար են մարսում:

Ձանձրույթից հորանջող եվրապատվիրակներից չնեղանալ, չվիրավորվել, երբ թղթեր են ներտում: Անկախ վիրավորանքից` չլքել դահլիճը, երբ քո երկրի` քեզ քաղաքական մարտադաշտ ուղարկած երկրի շահերը վնասող փաստաթուղթ է մտնում օրակարգ: Կնոջ նեղացկոտությունը տանը գուցե անցնի, ԵԽԽՎ-ում ամեն ինչ մի քիչ այլ է:





Աշխատել նշանակում է ունենալ գործողությունների ծրագիր, հաշվարկ: Ունենալ քայլերի հաջորդականություն, օգտագործել փոքրիկ պատվիրակության ամբողջ ներուժը` նաև քեզ առավոտից երեկո պախարակող, ընդդիմադիր կուսակցականի ներուժը: Աշխատել նշանակում է հանուն ընդհանուրի զոհաբերել անձնական` նույնիսկ կուսակցական շահերը:
Բայց չգիտես ինչու` հայկական պատվիրակության անդամները ճիշտ հակառակն են անում: ԵԽԽՎ նստաշրջաններից վերադառնալուց հետո լրատվամիջոցներին հեքիաթներ են պատմում իրենց խրոխտ պահվածքի մասին: Նկարագրում են ադրբեջանցիների հայոյանքների թերություններն ու իրենց պատասխան հայոյանքների առավելությունները: Բայց դրանից ի՞նչ է փոխվում: Իրականում` ոչինչ:
Ռացիոնալ եվրոպացին ոչ նրանց, ոչ մերոնց հայոյանքներից չի հուզվում:

Հայկական պատվիրակությունը կարող էր կանխել և պետք է կանխեր հակահայկական փաստաթղթերի ընթացքը, եթե ժամանակին փորձեր աշխատել այլ պատվիրակությունների հետ, եթե համակարգված աշխատեր, եթե մի կողմ դներ անձնական ու կուսակցական գզվռտոցը:

Բայց կարո՞ղ էր հայկական պատվիրակությունը կանխել բանաձևերի ընդունումը: Իրականում` ՈՉ




Բանաձևերին ամբողջ կազմով կողմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Սերբիան: Քվեարկությանը մասնակցում էր ադրբեջանական պատվիրակության 6 անդամ` 6 կողմ:
Պարզ է, որ Թուրքիան այս հարցում չէր կարող միայնակ թողել փոքր եղբորը և ամբողջ կազմով պատրաստվել էր քվեարկությանը:
Հայկական պատվիրակությունը նույնիսկ ամենամեծ ջանքերի շնորհիվ չէր կարող 16-հոգանոց թուրքական պատվիրակությանը համոզել դեմ քվեարկել զեկույցին: Նույնիսկ ազգությամբ հայ պատգամավորին:

Հակահայկական բանաձևին ամբողջ պատվիրակությամբ կողմ քվեարկելու համար Ուկրաինան երկու պատճառ ուներ: Առաջինը Ղրիմի հարցն է. նրանք տարածքային ամբողջականության կողմնակիցն են: Հենց այդպես են ադրբեջանցիները մատուցում Ղարաբաղի մասով իրենց հավակնությունները և հենց այդպես է ձևակերպվում նաև Մինսկի խմբում Ղարաբաղի խնդրի կարգավորման բանաձևերից մեկը: Հետևաբար Ուկրաինան չէր կարող դեմ քվեարկել սեփական շահերին: Մյուս խնդիրն այն է, որ միջազգային այլ կառույցներում` օրինակ ՄԱԿ-ում, Հայաստանը Բելառուսի, Վենեսուելայի, Սուդանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի ու Բոլիվիայի հետ դեմ է քվեարկում ուկրաինական շահերին։ Այսքանից հետո ուկրաինացիներին համոզե՞լ կլինի:
Վրաստանը գրեթե նույնպիսի խնդիր ունի, ինչ` Ուկրաինան: Ղարաբաղի հարցում երբեք պետք չէ հույս դնել Վրաստանի վրա, որովհետև Վրաստանը տարածքային կորուստներ ունի հոգուտ Ռուսաստանի և տարածքային ամբողջականության կողմնակիցն է: Մանավանդ այն դեպքում, որ ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես ընդունում է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին ու հայտնվում միջազգային սկանդալում:





Ալբանիա-Ադրբեջան կապերը ավելի քան գործընկերային են: Ադրբեջանն այդ երկրին օգնում է էներգետիկ ռեսուրսեների հարցում: Ամենահայտնին TAP նախագիծն է, որով նախատեսվում է Շահդենիզ հանքավայրից Ալբանիայի միջոցով բնական գազ մատակարարել Արևմտյան Եվրոպա: Մատակարարումը կսկսվի 2019 թվականից: Այնինչ Հայաստանի և Ալբանիայի միջև ապրանքաշրջանառությունը (տարեկան ներմուծումը) մոտ 150 դոլար է (արտահանում գրեթե չկա): Այս երկու երկրների պաշտոնյաների փոխայցերը նույնպես հուսադրող չեն: Հայաստանի և Ալբանիայի միջև փոխայցեր եղել են 2 անգամ` երկուսի դեպքում էլ Հայաստանի արտգործնախարարներն են այցելել (ՀՀ-Ալբանիա երկկողմ հարաբերությունների պատմություն):
Ամբողջ պատվիրակությամբ կողմ քվեարկելու գրեթե նույն պատճառներն ունի Սերբիան: Պարզ է, որ Ադրբեջանի բարեկամ երկրներին դժվար թե հնարավոր լիներ տարհամոզելը:
Այսինքն՝ մինչև քվեարկությունը Ադրբեջանն արդեն ուներ անձեռնմխելի ձայնաքանակ` մոտ 50 կողմանկից: Մնացած երկրների միջև ձայները բաշխվել են կասկածելի բաժնեմասերով: Հենց այդ մնացածի առիթով էր հայկական պատվիրակությունը բարձրացնում կաշառակերության վարկածը:
Ի՞նչ կարող էր անել հայկական պատվիրակությունը, եթե նույնիսկ ժողովրդավարության օրրանում գտնվում են մարդիկ, որոնք պատրաստ են կաշառքով քվեարկել:

Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն պահանջված կոճակը սեղմել: Այսինքն հայկական պատվիրակությունը չէր կարող կաշառք վերցրած պատվիրակներին համոզել, որ վերադարձնեն փողը և քվեարկեն խղճի մտոք:
Երբ կաշառակերության թվերին գումարում ես միջպետական շահերը, ստացվում է 70-71 քվե, որը կարող է լինել Հայաստանի օգտին:

Հիմա` հայկական պատվիրակությունը կարո՞ղ էր կանխել  բանաձևերի ընդունումը




Իրականում միջազգային կառույցներում հայկական պատվիրակություններին միայնակ չի կարելի թողնել: Նրանց համար պետք է աշխատի պետությունն` իր բոլոր ռեսուրսներով: Իսկ այդ առումով Հայաստանն ավելի հարուստ է, քան Ադրբեջանը: Չկա երկիր, որտեղ հայկական գաղթօջախ չլինի: Բայց նաև Սփյուռքի հետ է պետք աշխատել, և ոչ թե գերադասել թելադրողի դերը:
Մյուս կողմից` մեր պրոբլեմները «խավիարային դիվանագիտության» ամենազոր ուժին վերագրելը և միջազգային ասպարեզում տապալումներն այդպե՛ս  արդարացնելը պարտվողականության դրսևորում է: 19-րդ դարում էր, որ մեր միամիտ հոգևորականները մեր բոլոր ձախողումները վերագրում էին «թղթե շերեփին»: 21-րդ դարում չափումներն այլ են:
Եվրոպայում հաղթել կարող են միայն եվրոպացիները: Եվրոպայում չեն վաճառվում միայն եվրոպական արժեքները: Եվրոպայում ընկալելի է միայն եվրոպական արժեքների պահապանների խոսքը:

Մեր եվրապատվիրակությանը պետք են եվրոպահայեր` իրենց վարքով, բարքով, պահվածքով, կենսագրությամբ, գիտելիքով, արտաքինով, կրթությամբ, աշխատունակությամբ ու մնացած այն բոլոր հատկանիշներով, որոնցով եվրոպացին ինքն իրեն տարբերակում է մյուսներից` այն եվրապրովիցիալներից, որոնց ինտելեկտի գագաթնակետը մեկը մյուսին ավելի այլանդակ ձայնով հայհոյելն է:

Տարածել