Զոֆիա Բալդիգա. Հայաստան` իմ սիրո երկիր
Մինչև Հայաստան տեղափոխվելը նա սովորական աղջիկ էր, ապրում էր Վարշավայում և աշխատում ՀԿ-ում: Աջակցում էր ներգաղթայլներին: Վարշավայում բնակվող նրա ընտանիքը Հայաստանի ու հայերի հետ երբևէ առնչություն չի ունեցել: Բայց, երբ Զոֆիան հայտնեց մեր երկիր տեղափոխվելու որոշումը, ընտանիքի անդամները տիպիկ եվրոպացու ըմբռնումով վստահեցին աղջկան. նա թերևս ավելի լավ գիտեր` մոլորակի ո՞ր կետում է հարմար ապրել:
Զոֆիան իր բնորոշմամբ «աշխարհագրորեն անկայուն» լինգվիստ է: Աշխատում է առցանց և կարող է գործն անել ամեն տեղից: Արդեն 3 տարի է նրա աշխատելու և ապրելու վայրը Հայաստանն է: Թարգմանում է չեխերեն, լեհերեն, սլովակերեն տեքստեր` տեխնիկականից մինչև իրավական բնույթի: Բայց իրական կիրքը գրականությունն է: Ժամանակակից չեխ և սլովակ պոեզիա է թարգմանում լեհերեն: Սկսել է նաև հայկական պոետներին ուսումնասիրել: Ասում է` հայերենը հենց մի քիչ էլ կատարելագործի, լեհերը կարող են ծանոթանալ նաև հայկական գրականությանը:
Բառերից ու լեզուներից բացի, Զոֆիան սիրում է լուսանկարել և ճանապարհորդել: The Picktures ճամփորդական բլոգ է վարում Հայաստանի մասին: Աշխատանքից ու հետաքրքրություններից բացի, Զոֆիան գտել է ամենակարևորը` կյանքի ընկերոջը:
Մի այցի հրապույր
- Հայաստան եկա 2012-ին` Հայ կամավորների միության ծրագրով: Դեռ 2011-ին էի որոշել, երբ Նիդեռլանդներում մեկ ամիս կամավոր էի աշխատում փախստականներին կացարան տրամադրող կենտրոնում: Այնտեղ հանդիպեցի ու ընկերացա Գյումրիից եկած մի ընտանիքի հետ: Նրանցից շատ էի լսել պատմություններ այս երկրի ու մշակույթի մասին: Հետաքրքիր էր, ինչպես են նրանք փայփայում իրենց հիշողությունները հայրենիքի մասին, միևնույն ժամանակ բնավ չեն ուզում վերադառնալ Գյումրի: Հիմա նրանք Դյուսելդորֆում են ապրում, ես` Երևանում: Չգիտեմ` եթե նրանց չհանդիպեի, երբևէ կտեղափոխվե՞ի Հայաստան: Գտա Հայ կամավորների միության ծրագիրը google-ում, ու մի ցուրտ, պրահայան ձմեռային երեկո դիմեցի` մինչև վերջ չգիտակցելով` ինչ եմ անում: Հետո հայտնվեցի Երևանում: International Center for Human Development-ում կամավորական սկզբունքով օգնում էի աշխատավորական միգրանտների ծրագրին: Հայ կամավորների միության սփյուռքահայ աշխատակիցների ու աշխարհի տարբեր ծայրերից եկած կամավորների հետ ամեն շաբաթ շրջագայություն էինք կազմակերպում` բացահայտելով Հայաստանի գանձերը: Երկու շաբաթ անց հասկացա` երկու ամիսը ամենևին բավարար ժամանակ չէ այս երկիրն իրապես բացահայտելու, հասականլու համար: Հայաստանն այնքա՜ն շատ բան ունի ցույց տալու իր այցելուներին : Ես սիրեցի այստեղի մարդկանց: Ինձ ընդունեցին հարազատի պես, և ես ինձ տանը զգացի: Չգիտեմ` որտեղի՞ց եկավ պատկանելության այդ զգացումը: Ես մի սովորական աղջիկ էի սովորական երկրից: Ունեի աշխատանք և ապագայի ծրագրեր: Համոզված էի` Հայաստանն ուղղակի ամառային փորձառություն էր լինելու: Բայց հեռանալիս ես արտասվեցի, ուզում էի ավելի երկար մնալ: Վերադարձա հաջորդ տարի, 2013-ի հուլիսին: Կազմակերպությունը, որտեղ կամավորական աշխատանք էի տարել նախորդ անգամ, ինձ կարճաժամկետ աշխատանք առաջարկեց: Ունեի երկու ճամպրուկ` մեկը մեծ, մյուսը փոքր, առանց հետադարձի տոմս, 6-ամսվա աշխատանքի պայմանագիր, մի քանի ընկեր ու մեկ տարի մնալու նպատակ: Երեք տարի է արդեն` ես դեռ այստեղ եմ:
Գանձերի երկիրը
- Հայաստանը գեղեցիկ երկիր է, որը Եվրոպան չի բացահայտել իր համար: Այստեղ ինձ գանձ որոնող եմ զգում: Անընդհատ զարմանում եմ` որքան շատ կարող է այս փոքր հողը ցույց տալ ճանապարհորդին: Ես սիրում եմ մարդկանց ջերմությունն ու մտերմիկ վերաբերմունքը միմայնց հանդեպ: Ես հիանում եմ դինամիկ զարգացող հասարակությամբ և նրանով, թե ինչպես են իմ սերնդակիցները փորձում փոփոխություններ անել: Հայաստանը գուցե պակաս հարմարավետ է, քան Եվրոպան, բայց այն ոգեշնչման անսպառ աղբյուր է:
Արիանա Կաոիլի. Ես ապրում եմ, որովհետև գտել եմ Հայաստանը
Ամեն ինչ լավ է լինելու
- Չեմ սիրում այն օտարականներին, որոնք գալիս են մի երկիր ապրելու և սկսում են «արևմտացնել» այն: Կան այստեղ երևույթներ, որոնք ուղղելու կարիք կա: Սա փոքր երկիր է` շատ խնդիրներով: Ունի աշխարհաքաղաքական անբարենպաստ դիրք: Միայն կարող եմ ասել, որ զբոսաշրջության ոլորտում պետք է շատ ներդրումներ անել: Հենց դրա համար եմ ես շարունակում բլոգ գրել: Երբեմն արտասահմանցի ճանապարհորդները նամակ են գրում ինձ, Հայաստանի մասին հարցուփորձ անում, և դրանից սիրտս նվաղում է: Որպես այստեղ ապրող լեհ, կուզեի շատ լեհերի ու արևելյան եվրոպացիների տեսնել, որոնք կճանաչեն Հայաստանը: Իմ բլոգը` The Picktures-ը, հենց դրա համար է: Հայաստանը աշխարհին ճանաչելի եմ դարձնում իմ հնարավորությունների չափով:
Արցախ.մոլորակի կենտրոնը
- Արցախ այցելել եմ երկու անգամ` 2013-ին ու 2014-ին: Բախտ եմ ունցել տեսնել ամռանը և աշնանը: Արցախը, կարծում եմ, մեր մոլորակի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է: Արցախյան վեհ լեռների նման բնաշխարհ չկա աշխարհում: Վերջին շրջանում ես հետևում էի հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցներին: Պատերազմի օրերին ներգրավված էի The Bridge-ի կազմակերպած նախագծին. ՀԱՀ-ի ուսանողները տարբեր լեզուներով թարգմանում էին արցախյան լուրերը: Ծարգրի մասին կարդացի facebook-ում և մեկ րոպե անց հաղորդագրություն էի թարգմանում լեհերեն: Բառերը կարևոր են, ամեն դեպքում:
Ապագան` հեռու և մոտ
- Չեմ սիրում ապագան ծրագրել: Այս պահին չեմ պատրաստվում հեռանալ: Մեծ ցանկ ունեմ պոեմների, որ պետք է թարգմանեմ, ու վայրերի, որ պետք է լուսանկարեմ: Ունեմ կյանքի զուգընկեր (ամուսին բառը չեմ սիրում): Նա նվագում է VanaTor ֆոլք-խմբում: Խորհուրդ եմ տալիս` լսեք: Այնպես որ` ինձ այստեղ պահող շատ բան կա:
newmag #69 ապրիլ / մայիս