[Իրականում` ՈՉ] Ընտրակաշառքը իրականում ընտրակեղծի՞ք է

[Իրականում` ՈՉ] Ընտրակաշառքը իրականում ընտրակեղծի՞ք է

Ո՞ր դեպքում ընտրակաշառքը կարող է ընտրակեղծիք համարվել. newmag-ը վերլուծում է` ընտրակաշառք տվողների և վերցնողների բարոյական և օրինական «դիմանկարը»:

Խոսրով Հարությունյանն Ազգային ժողովում փետրվարի 27-ին գործընկերներին հորդորեց գնալ Գյումրի ու հարցնել, թե ով է «ընտրակաշառք բաժանում եւ ով էր բարձրացրել ընտրակաշառքի գինը»:  Հետո հուշեց` «կպարզվի, որ ընտրակաշառքն այնպես չի, որ միայն վերագրում են իշխանական ուժին: Բոլորը՝ առանց բացառության, այդ արատն օգտագործում են: Եկեք դրա դեմն առնենք»:

Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահի հորդորն ու հուշումը անվրդով էր, սովորական ու հերթական: Բայց կարծես նրան ավելի շատ զայրացրել էր ոչ թե այն, որ ընտրակաշառք են բաժանում, այլ այն, որ ոչ միայն բարձրացրել են ընտրակաշառքի գինը, այլև խորհրդարանում բողոքում են դրանից: Մյուս կողմից` նույն նախադասության մեջ` խոստովանության նման, հայտարարում է, թե միայն իրենք չեն անողները: Եվ կոչ է անում պայքարել այդ արատի դեմ:

Քրեական օրենսգիրքը ընտրակաշառք ստանալու համար նախատեսում է մինչեւ 700 000 դրամ տուգանք կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում: Ընտրական կաշառք տալու համար նախատեսում է մինչեւ 2,5 միլիոն դրամ տուգանք կամ մինչեւ 5 տարի ազատազրկում: Այսինքն` ընտրակաշառքը քրեական հանցագործություն է: Այնպես, ինչպես սպանությունը, գողությունը, բռնաբարությունը:

Ընտրակաշառք տալն ու վերցնելը նաեւ բարոյական խնդիր է: Նախ պետք է լկտիության այնպիսի դոզա ունենաս, որ այլ մարդու գումար առաջարկես` իր քվեն վերցնելու համար: Նույնն է, որ սիրածդ աղջիկը քեզ ընտրի միայն այն բանի համար, որ հարուստ ես, ամառանոց ունես, կամ թանկ մեքենա:


[Իրականում` ոչ]


Մյուս կողմից` մեկ այլ թյուրիմացություն է սեփական ձայնը` ընտրելու իրավունքը վաճառելը: Երբ վաճառում ես քվեդ, այլեւս բարոյական իրավունք չունես գնորդից պահանջել, որ քո իրավունքները պաշտպանի, քո եւ ընտանիքիդ համար օրենքներ գրի: Ընտրակաշառք վերցնելով` դու վաճառել ես պահանջելու իրավունքդ, հետեւաբար հույս չունենաս, թե քո ձայնը հետո տեղ է հասնելու: Քո ձայնի գնորդը քո քվեն չի խնդրել, քեզ չի խնդրել վստահել իրեն: Նա քո` ընտրելու իրավունքը գնել է քեզ համար ընդունելի գնով, որ ընդհանրապես ձայնդ կտրես 5 տարի:

Բայց` ընտրակաշառքը ընտրակեղծի՞ք է: Իրականում` Ոչ

Մեծ հաշվով ընտրակաշառքը այնքան էլ ընտրակեղծիք չէ, որովհետեւ փոխադարձ համաձայնությամբ է տեղի ունենում տալն էլ, վերցնելն էլ: Ոչ մեկի կարծիքին, համոզմունքներին ոչ ոք չի բռնանում: Մեկին ձայն է պետք, մյուսին փող. սովորական առեւտուր է: Կուզես` կվերցնես այդ գումարը, չես ուզի` չես վերցնի:

Եթե իրավական ու բարոյական հարթությունից դուրս ես նայում` ընտրակաշառքը պրագմատիկ հաշվարկ է. կուսակցական ձայնահավաքի մարքեթինգ: Օրինակ. Արեւմուտքում նախագահի կամ կուսակցության շտաբը միլիոնավոր դոլարներ է ծախսում գովազդային վահանակների, հեռուստատեսային արշավի, բուկլետներ տպագրելու և ընտրողին այդպե՛ս գրավելու համար, բայց Հայաստանում ավելի պրակտիկ մեթոդ է կիրառվում` գումարը ծախսվում է ոչ թե քարոզարշավի կազմակերպման վրա, այլ բաժանվում է առձեռն:  Ձեռք` ձեռքի: Ոչ ոք իրեն խաբված չի համարում:

Հիմա` ընտրակաշառքը ընտրակեղծի՞ք է

Ընտրակաշառքը կեղծիք է, որովհետեւ ամեն ինչ սկսվում է հենց այստեղից: Սա կյանքի ցուցիչն է` սոցիալական ծանր պայմաններից մինչեւ կառավարման համակարգի բոլոր արատները: Ընտրակաշառքն ազդում է ընտրությունների ընթացքի վրա: Հենց այդ պատճառով է, որ փողով ընտրված օրենսդիրները ձևավորում են կոռումպացված գործադիր համակարգ, որին պետք է կաշառակեր դատական համակարգ: Երբ չկա արդար դատական համակարգ, օտարերկրյա ներդրողը չի գալիս քո երկիր, որովհետեւ իշխանությանը սերտաճած մրցակցի դեմ դատական վեճում տանուլ է տալու: Երբ չկան միջազգային ներդրողներ, չկա տնտեսություն, չկա աշխատատեղ: Երբ վաճառում ես քվեդ, տանուլ ես տալիս ամեն ինչ ու հայտնվում այն միգրանտների ավտոբուսում, որոնք կյանքի կեսը կնոջից ու երեխաներից մի քանի հազար կիլոմետր հեռու են ապրում: Երբ վաճառում ես ձայնդ` վաճառում ես կյանքիդ կեսը: Գուցե լավագույն կեսը:

Գրել կարծիք