BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը` գրքում] Դեն Բրաուն. Ինֆեռնո

[Շարունակությունը` գրքում] Դեն Բրաուն. Ինֆեռնո

ԳԼՈՒԽ 1


Հիշողությունները դանդաղորեն վերադառնում են… ասես պղպջակներ, որ բարձրանում են անտակ ջրհորի խավարից: Քողով կինը:
Ռոբերթ Լենգդոնը նրան էր նայում գետի մյուս կողմից, որի ջրերը խռնվում էին արյան կարմրությամբ: Կինը կանգնած էր գետի հեռավոր ափին՝ դեմքով դեպի նա: Կանգնած էր անշարժ, հանդիսավոր, դեմքը թաքցնում էր քողով: Ձեռքի մեջ կինն ամուր սեղմել էր մի կապույտ տաինիա , որն այժմ վեր պարզեց ի նշան հարգանքի` առ մարմինները դիզված իր ոտքերի առաջ: Մահվան շունչն էր կախված ամենուր:
Փնտրի՛ր, շշնջաց կինը: Եվ կգտնես:
Բառերն այնքան արագ հասան Լենգդոնին, ասես կնոջ ձայնը հենց իր գլխի մեջ էր հնչում:
—Ո՞վ ես դու,— գոռաց Լենգդոնը, բայց նրա ձայնը հնչյունի չվերածվեց:
Ժամանակը սպառվում է, շշնջաց կինը: Փնտրի՛ր և գտի՛ր:
Լենգդոնը քայլ արեց դեպի գետը, սակայն տեսավ, որ արնակարմիր ջրերը չափից ավելի խորն էին, որպեսզի անցներ: Երբ հայացքը կրկին դեպի քողով կինը դարձրեց, վերջինիս ոտքերի առաջ դիզված մարմինների թիվը բազմապատկվել էր: Դրանք այժմ հարյուրավոր էին, գուցե` հազարավոր, ոմանք` դեռ ողջ, գալարվում էին անասելի ցավի մեջ, մահանում էին անասելի մահով… հյուծվում էին կրակի երախում, խեղդվում էին կղկղանքի մեջ, լափում էին մեկը մյուսին: Լենգդոնը լսում էր տառապյալների ողբաձայն ճիչերը, որ արձագանքում էին գետի ջրերից:
Կինը շարժվեց դեպի Լենգդոնը` առաջ պարզելով նրբագեղ ձեռքերը. ասես օգնության էր կանչում:
—Ո՞վ ես դու,— կրկին գոռաց Լենգդոնը:
Կինը, ի պատասխան, ձեռքը տարավ քողին և դանդաղորեն բացեց դեմքը: Նրա գեղեցկությունը ցնցող էր, սակայն նա ավելի տարիքով էր, քան Լենգդոնը պատկերացնում էր. վաթսունին մոտ, ամուր և բարեկազմ, ասես չխամրող արձան: Ամրակուռ ծնոտ, խորաթափանց աչքեր: Երկար, արծաթագույն վարսերը գալարաձև թափվել էին ուսերին, իսկ պարանոցից կախված էր լազուրիտե թալիսման` գավազանին փաթաթված օձի տեսքով:
Լենգդոնը զգաց, որ ճանաչում է նրան… նույնիսկ վստահում: Բայց ինչպե՞ս: Ինչո՞ւ:
Այժմ կինը մատնացույց արեց հողից դուրս ցցված և ցնցվող զույգ ոտքեր, որ ակնհայտորեն պատկանում էին ինչ–որ դժբախտի, որին գլխիվայր թաղել էին մինչև գոտկատեղը: Նրա ճեփ–ճերմակ ազդրի վրա ցեխով գրված մեկ տառ կար` R:
«Ի՞նչ է սա նշանակում,— տարակուսեց Լենգդոնը:— Գուցե ինչպես… Ռո՞բերթ: Մի՞թե… ես եմ»:
Կնոջ դեմքն անհաղորդ էր: Փնտրի՛ր և գտի՛ր, կրկնեց նա:
Հանկարծ կինն ամբողջ մարմնով սկսեց ճերմակ լույս ճառագել… հետզհետե ավելի պայծառ: Նրա մարմինը սկսեց ուժգին ցնցվել, ապա շեշտակի կայծակից շանթահարված` ցրիվ եկավ և լույսի հազարավոր բեկորների վերածվեց:
Լենգդոնը գոռոցով արթնացավ:
Սենյակը վառ լուսավորված էր: Ինքը` լիովին մենակ: Բժշկական սպիրտի սուր հոտը կախված էր օդում, և մոտակայքում էլեկտրական սարքը հանդարտ ռիթմով տկտկում էր նրա սրտի խփոցներին համաչափ: Լենգդոնը փորձեց շարժել աջ ձեռքը, սակայն սուր ցավը արգելակեց նրան: Նայեց ներքև և տեսավ նախաբազկին ամրացված կաթիլային սարքը:


[Շարունակությունը` գրքում]



Նրա զարկերակն արագացավ, սարքը նույնպես հետ չմնաց. սկսեց ավելի արագ տկտկալ:
Որտե՞ղ եմ: Ի՞նչ է կատարվել:
Լենգդոնի ծոծրակը տրոփում էր ահագնացող ցավից: Նա ազատ ձեռքը զգուշորեն դեպի գլուխը տարավ և շոշափեց` փորձելով որոշել ցավի աղբյուրը: Խճճված մազերի տակ մոտ տասը կոպիտ կար զգաց, որ պատված էին լերդացած արյամբ:
Փակեց աչքերը` փորձելով հիշել կատարվածը:
Ոչինչ չկար: Բացարձակ դատարկություն:
Մտածի՛ր:
Միայն խավար:
Շտապ ներս մտավ խալաթավոր մեկը, որի անհանգստության պատճառը, ըստ երևույթին, Լենգդոնին միացված կարդիոմոնիտորն էր: Գզգզված մորուքով էր, թավ բեղով ու բարի աչքերով, որ խաղաղություն էին ճառագում թանձր հոնքերի տակից:
— Ի՞նչ է… պատահել,— դժվարությամբ հարցրեց Լենգդոնը:— Վթարվե՞լ եմ:
Մորուքավոր մարդը մատը հպեց շուրթերին, շտապ դուրս եկավ և միջանցքում ձայնեց ինչ–որ մեկին:
Լենգդոնը շրջեց գլուխը, բայց շարժումը սուր ցավ առաջացրեց` տարածվելով գանգով մեկ: Նա սկսեց խոր շնչել` սպասելով, մինչ ցավը կհեռանար: Այնուհետև շատ դանդաղ և զգուշորեն նայեց շուրջբոլորը:
Հիվանդասենյակում մեկ մահճակալ էր` իրենը: Կողասեղանին ո՛չ ծաղիկներ կային և ո՛չ էլ բացիկներ: Փոքրիկ սեղանիկի վրա՝ պլաստիկե տոպրակի մեջ, Լենգդոնը զանազանեց իր շորերը, որ ամբողջովին արնաշաղախ էին:
Տե՜ր Աստված: Բանը բուրդ է:
Նույն զգուշությամբ Լենգդոնը գլուխը շրջեց դեպի մահճակալի վերևի պատուհանը: Այնտեղ լոկ գիշերն էր: Ապակու մեջ Լենգդոնը տեսավ միայն իր արտացոլանքը` բժշկական սարքավորումների ֆոնին կանգնած մահագույն մի անծանոթի՝ հյուծված ու թույլ, մարմնից դուրս ցցված խողովակ–լարերով:
Միջանցքում ձայներ լսվեցին, և Լենգդոնը հայացքը կրկին դեպի դուռն ուղղեց: Բժիշկն այս անգամ ներս մտավ մի կնոջ ուղեկցությամբ:
Կինը հազիվ երեսունն անց լիներ: Հագին կապույտ բժշկական խալաթ էր, շեկ վարսերը՝ ձիու պոչ արած, որ քայլելիս ճոճվում էին թիկունքում:
— Ես բժիշկ Սիենա Բրուքսն եմ,— ասաց նա` շեմից ժպտալով Լենգդոնին:— Այս գիշեր բժիշկ Մարկոնիի հետ եմ աշխատելու:
Լենգդոնը թույլ–թույլ գլխով արեց:
Ճկուն ու բարձրահասակ` բժիշկ Բրուքսը շարժվում էր ատլետուհու վստահ քայլքով: Անգամ անձև բժշկական հանդերձանքն անկարող էր քողարկել նրա մարմնի նրբագեղությունը: Չնայած նրան, որ Լենգդոնը նրա դեմքին շպարի որևէ հետք չնկատեց, բժշկուհու մաշկն արտակարգ հարթ էր, միակ բիծը թերևս փոքրիկ խալն էր շրթունքների վերևում: Չնայած նրա աչքերը բաց դարչնագույն էին, սակայն արտակարգ խորաթափանց էին թվում, ասես ականատես էին եղել այնպիսի իրողությունների, որ հազվադեպ են այդ տարիքի մարդու հետ պատահում:
— Բժիշկ Մարկոնին այնքան էլ լավ չի խոսում անգլերեն,— ասաց նա՝ նստելով հիվանդի կողքին,— և խնդրել է, որ ես լրացնեմ Ձեր ընդունման թերթիկը:
Նա ևս մի ժպիտ ընծայեց Լենգդոնին:
— Շնորհակալ եմ,— քրթմնջաց Լենգդոնը:
— Ուրեմն,— գործունյա ձայներանգով խոսեց նա,— Ձեր անո՞ւնը:
Կարճ դադարից հետո հնչեց պատասխանը.
— Ռոբերթ… Լենգդոն:
Բժշկուհին փոքրիկ լապտերով զննեց Լենգդոնի աչքերը:
— Աշխատավա՞յրը:
Այս հարցի պատասխանը գտնելու համար ավելի երկար ժամանակ պահանջվեց:
— Պրոֆեսոր: Արվեստի պատմություն… և սիմվոլագիտություն: Հարվարդի համալսարան:
Բժշկուհի Բրուքսը զարմանքով իջեցրեց լապտերիկը: Մորուքավոր բժիշկը նույնպես տարակուսած էր:
— Դուք… ամերիկացի՞ եք:

Լենգդոնը նայեց շփոթահար:
— Ուղղակի…— բժշկուհին հապաղեց:— Երեկ, երբ հայտնվեցիք այստեղ, Ձեզ մոտ ոչ մի փաստաթուղթ չգտանք: Ձեր հագի «Հարիս Թվիդ» պիջակից և «Սոմերսեթ» կոշիկներից եզրակացրինք, որ բրիտանացի եք:
— Ամերիկացի եմ,— հավաստեց Լենգդոնը` իրեն չափից ավելի հյուծված զգալով, որ բացատրեր, թե ինչու էր որակյալ հագուկապը նախընտրում:
— Ցավեր ունե՞ք:
— Գլուխս,— պատասխանեց Լենգդոնը. լապտերիկի ծակող լույսն ավելի էր սաստկացրել տրոփող գլխացավը:
Բարեբախտաբար, բժշկուհին այն իր գրպանը դրեց և Լենգդոնի ձեռքը բռնելով՝ սկսեց երակազարկերը հաշվել:
— Գոռոցով արթնացաք,— ասաց բժշկուհին:— Պատճառը հիշո՞ւմ եք:
Լենգդոնի ուղեղում տարօրինակ տեսիլքը առկայծեց. քողով կին` շրջապատված գալարվող մարմիններով: Փնտրի՛ր և կգտնես:
— Վատ երազ էի տեսնում:
— Եվ ի՞նչ էիք տեսնում:
Լենգդոնն ամեն բան պատմեց նրան:
Դեմքի չեզոք արտահայտությամբ բժշկուհի Բրուքսը մի քանի գրառում կատարեց:
— Գաղափար ունե՞ք, թե ինչը կարող էր նման սոսկալի տեսիլք առաջացնել:
Լենգդոնը փորփրեց հիշողությունը և տարուբերեց գլուխը, որը սկսեց տմբտմբալ անորոշության մեջ:
— Շա՛տ լավ, պարո՛ն Լենգդոն,— ասաց բժշկուհին,— ուզում եմ մի քանի սովորական հարց տալ: Այսօր շաբաթվա ո՞ր օրն է:
Լենգդոնը մի պահ մտածեց:
— Շաբաթ օր է: Հիշում եմ, որ այսօր ավելի վաղ քայլում էի համալսարանի մասնաշենքով… գնում էի առավոտյան դասախոսություններին, իսկ հետո… հավանաբար դա վերջին բանն է, որ հիշում եմ: Վա՞յր եմ ընկել:
— Դեռ կանդրադառնանք դրան: Գիտե՞ք, թե որտեղ եք գտնվում:
Լենգդոնը փորձեց գուշակել:
— Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցում:
Բժշկուհի Բրուքսը ևս մի գրառում կատարեց:
— Հարազատներ ունե՞ք, որոնց կարող ենք զանգահարել: Կի՞ն: Երեխանե՞ր:
— Ո՛չ,— բնազդաբար պատասխանեց Լենգդոնը: Նա մշտապես վայելում էր ամուրի կյանքի բերկրանքը` մենություն և ազատություն, բայց տվյալ պարագայում ստիպված էր խոստովանել, որ կնախընտրեր կողքին որևէ հարազատ ունենալ:— Կարող եմ գործընկերներիցս մեկին զանգահարել, սակայն արդեն լավ եմ զգում:
Բժշկուհի Բրուքսն ավարտեց գրառումները, և մահճակալին մոտեցավ ավելի տարեց բժիշկը: Թանձր հոնքերը շոյելով` նա գրպանից հանեց փոքրիկ ձայնագրիչը և ցույց տվեց բժշկուհի Բրուքսին: Վերջինս գլխով արեց և դեպի հիվանդը շրջվեց:
— Պարո՛ն Լենգդոն, այս գիշեր, երբ մեզ մոտ հայտնվեցիք, անվերջ ինչ–որ բան էիք մռթմռթում:
Բժշկուհին հայացքը շրջեց բժիշկ Մարկոնիի կողմը, և վերջինս վեր պահեց ձայնագրիչն ու սեղմեց կոճակը:
Ձայնագրությունը միացավ, և Լենգդոնը լսեց սեփական ուժասպառ ձայնը, որ անվերջ նույն բանն էր կրկնում.
— Վա… իզար… Վա… իզար…
— Այնպիսի տպավորություն է,— ասաց կինը,— կարծես ասում եք` «Վայ իզուր: Վայ իզուր»:
Լենգդոնը համաձայնվեց, չնայած ոչինչ չէր հիշում:
Այժմ բժշկուհի Բրուքսը նրան էր նայում տագնապած հայացքով:
— Գաղափար ունե՞ք, թե ինչ պատճառով կարող էիք նման բան ասել: Ինչ–որ բան կա՞, որի համար զղջում եք:
Փորփրելով հիշողության ամենամութ անկյունները` Լենգդոնը կրկին տեսավ քողով կնոջը, որ կանգնած էր արնակարմիր գետի ափին` մարմիններով շրջապատված: Կրկին փչեց մահվան գարշահոտը:
Եվ հանկարծ Լենգդոնին համակեց վախի բնազդային զգացումը… վախ ոչ միայն սեփական անձի… այլև բոլորի համար: Կարդիոմոնիտորի տկտկոցները կտրուկ արագացան: Լենգդոնի մկանները կծկվեցին, և նա փորձեց նստել անկողնու մեջ:
Բժշկուհի Բրուքսը ձեռքը կտրուկ շարժումով Լենգդոնի կրծքավանդակին դրեց և նրան ստիպեց հետ պառկել: Նա մի հայացք նետեց մորուքավոր բժշկի վրա, որը դեպի սեղանիկը քայլեց և սկսեց ինչ–որ բանի պատրաստություն տեսնել:
Բժշկուհի Բրուքսը Լենգդոնի վրա խոնարհվեց` այժմ շշնջալով.
— Պարո՛ն Լենգդոն, ուղեղի վնասվածքների դեպքում մարդիկ սովորաբար դյուրագրգիռ են դառնում, բայց Դուք պետք է այնպես անեք, որ Ձեր զարկերակը չարագանա: Ձեզ չի կարելի նյարդայնանալ, անշարժ պառկե՛ք և հանգստացե՛ք: Ամեն բան լավ կլինի: Ձեր հիշողությունը դանդաղ կվերականգնվի:
Մորուքավոր բժիշկը վերադարձավ ներարկիչը ձեռքին և այն բժշկուհի Բրուքսին փոխանցեց: Բժշկուհին ներարկիչի պարունակությունը Լենգդոնին միացված կաթիլային սարքի մեջ դատարկեց:
— Ընդամենը թույլ քնաբեր է, կհանգստացնի Ձեզ,— բացատրեց բժշկուհին,— նաև ցավը կթեթևացնի:
Բժշկուհին ուղղվեց և ուզում էր արդեն հեռանալ:
— Պարո՛ն Լենգդոն, ամեն բան լավ կլինի: Պարզապես քնե՛ք: Եթե ինչ–որ բանի կարիք ունենաք, մահճակալին ամրացված կոճակը սեղմեք:
Նա անջատեց լույսը և մորուքավոր բժշկի հետ հեռացավ:
Մթության մեջ Լենգդոնը զգում էր, թե ինչպես էր օտար հեղուկը գրեթե անմիջապես հոսում երակներով և գրեթե ակնթարթորեն մարմինը հետ մղում դեպի այն անդունդը, որից հենց նոր էր դուրս եկել: Նա հաղթահարեց այդ զգացումը` պայքարելով, որ աչքերը բաց պահեր սենյակի մթության մեջ: Հետո փորձեց նստել, սակայն մարմինն ասես քար լիներ:
Դժվարությամբ տեղաշարժվելուց հետո կրկին հայտնվեց պատուհանին դեմ հանդիման: Լույսն անջատած էր, և նրա պատկերը՝ խավար ապակու ընդերքում արտացոլվող, անհետացել էր: Փոխարենը նշմարվում էր հեռավոր երկինքը:
Տաճարների սրաձողերի և գմբեթների ուրվագծում առանձնանում էր մի հոյակերտ շինություն: Դա ատամնավոր եզրապատով ազդեցիկ քարե ամրոց էր, որի գագաթին վեր էր խոյանում երեք հարյուր ոտնաչափ բարձրության, գլխամասում լայնացող աշտարակը` երիզված անհամար կրակակետերով:
Լենգդոնը կտրուկ նստեց անկողնու մեջ. գլուխը ցավից պայթում էր: Նա հաղթահարեց սաստիկ ցավը, և հայացքը աշտարակի վրա սևեռեց:
Միջնադարյան այդ կառույցը քաջածանոթ էր նրան:
Եզակին աշխարհում:
Եվ ցավոք, Մասաչուսեթսից չորս հազար մղոն հեռու էր:

Գրքի գնի մասին տեղեկությունն` այստեղ


__________
Պատուհանից այն կողմ՝ Վիա Տորեգալի փողոցի ստվերներում, մկանուտ կինը ճկուն շարժումով ցած թռավ «BMW» մոտոցիկլետի թամբից և զոհին հետապնդող հովազի նպատակասլացությամբ առաջ սլացավ: Նրա հայացքը հատու էր: Կարճ կտրած մազերն ասեղների պես ցցվել էին սև կաշվե մրցարշավային բաճկոնի՝ դեպի վեր ծալած օձիքի ֆոնին: Նա ստուգեց խլացուցիչով ատրճանակը և հայացքն ուղղեց Ռոբերթ Լենգդոնի պատուհանին, որտեղ լույսը հենց նոր էին մարել:
Այդ գիշեր՝ ավելի վաղ, նրա առաքելությունը խափանվել էր:
Մեն մի աղավնու ղունղունոցը խառնել էր ամեն բան:
Այժմ կինը վերադարձել էր՝ գործն ավարտին հասցնելու:

Տարածել