[ Շարունակությունը՝ գրքում ] Էլֆրիդե Ելինեկ. Դաշնակահարուհին

[ Շարունակությունը՝ գրքում ] Էլֆրիդե Ելինեկ. Դաշնակահարուհին

Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը՝ Կարլեն Մատինյանի թարգմանությամբ, առաջին անգամ է հրատարակվում հայերեն: newmag-ը բացառիկ իրավունքով ներկայացնում է գրքի նախաբանը:

jelinekԴաշնամուրի ուսուցչուհի Էրիկա Քոհութը փոթորկահողմի պես ներս է գցում իրեն բնակարան, ուր նա ապրում է մոր հետ: Մայրը նրան փաղաքշանքով անվանում է «իմ փոքրիկ փոթորիկ», քանի որ երեխան երբեմն չափազանց արագաշարժ է: Նա ջանում է մորից խույս տալ: Էրիկան արդեն երեսունն անց է: Տարիքի առումով մայրը հանգիստ կարող էր Էրիկայի տատը լինել: Երկար ու տանջալից ամուսնական տարիներից հետո միայն Էրիկան աշխարհ եկավ։ Հայրն էստաֆետը առանց հապաղելու հանձնեց դստերն ու քաշվեց մի կողմ: Էրիկան հայտնվեց՝ հայրը անհետացավ: Այսօր Էրիկան ճարպիկ է դարձել իրավիճակի թելադրանքով: Աշնանային տերևակույտի պես սողոսկում է նա տան դռնից ներս և փորձում աննկատ անցնել իր սենյակ: Բայց մայրիկն արդեն այդտեղ է՝ պատրաստ հաշիվ պահանջելու: Հարցուփորձով պատին է դեմ տալիս Էրիկային. նա հավատաքննիչ է և գնդակահարող պատժախումբ՝ մեկ դեմքով, պետությունն ու ընտանիքը միաձայն լիազորել են նրան մոր իրավունքներով: Մայրը հարցաքննում է, թե ինչու է Էրիկան միայն հիմա՝ այսքան ուշ տուն գալիս: Վերջին աշակերտն արդեն մի երեք ժամ առաջ է տուն գնացել՝ հաստատ, Էրիկայի ծաղրով լիուլի «հագեցած»: Դու երևի կարծում ես, որ չեմ իմանա, թե դու որտեղ ես եղել, Էրիկա: Իսկ երեխան կանգնած է մոր լուռ հարցին հանդիման՝ գիտենալով, որ իրեն չեն հավատա, քանի որ երեխան առաջին անգամ չէ, որ ստում է: Մայրը որոշ ժամանակ սպասում է, բայց միայն մինչև մեկ, երկու, երեք հաշվելը:


[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] 


dashnakaharuhin-cover

Արդեն «երկու» հաշվի վրա աղջիկը փորձում է արդարանալ՝ բերելով ճշմարտությունից շատ հեռու հիմնավորում: Նոտաներով լի թղթապանակը կտրուկ դեպի իրեն քաշելով՝ մայրն այդտեղ տեսնում է իր հարցի պատասխանը: Բեթհովենի սոնատների չորսհատորյակի կողքին, նեղլիկ տարածքում խցկված է մի շրջազգեստ. երևում է, որ այն հենց նոր է գնված: Մայրն անմիջապես կատաղում է՝ տեսնելով զգեստը: Այդ շրջազգեստը քիչ առաջ խանութում կախված էր կախիչին՝ իր գրավիչ ու սլացիկ ուրվագծով և նրբագեղ գույնով, այժմ ճմռթած դրված էր այդտեղ՝ ասես ջնջոց, որին ուղղված էր մոր ջղային հայացքը: Զգեստին տված գումարը նախատեսված էր խնայգրքույկի համար: Իսկ հիմա քամուն են տվել։ Զգեստի փոխարեն դրանք պետք է ավանդի վերածվեին ավստրիական խնայդրամարկղում՝ որպես տան շինարարության կանխավճար: Բավական էր միայն ուղղվել դեպի անկողնային պարագաների պահարանը, որտեղ սավանների դեզի տակից երևում է այդ խնայգրքույկը: Սակայն այսօր այն դուրս էր եկել զբոսանքի, դրանից գումար էր հանվել, և դրա հետևանքն այժմ ակներև է. Էրիկան ստիպված կլինի հագնել այդ շրջազգեստն ամեն անգամ, երբ ուզենա իմանալ, թե ուր է ծախսվել այդ կլորիկ գումարը: Մայրը բղավում է. «Դու քամուն տվեցիր այն փողերը, որոնք մեզ ապագայում այնքա՜ն անհրաժեշտ են: Մենք կարող էինք նոր բնակարան ունենալ, բայց քանի որ չկարողացար սպասել, փոխարենը դու ունես միայն այդ փալասը, որը շուտով նորաձևությունից դուրս կգա»: Մայրն ամեն ինչը ուզում է միայն հետագայում, նա ոչինչ չի ուզում ներկա պահի համար: Միայն Էրիկան է հարկավոր նրան միշտ, և նա միշտ ուզում է իմանալ՝ որտեղ իր երեխան կգտնվի անհրաժեշտ պահին, երբ մայրիկին սրտի կաթված սպառնա: Մայրն ուզում է ներկայումս տնտեսել, որպեսզի հետագայում կարողանա վայելել: Իսկ Էրիկան զգեստ գնելու ժամանակ է գտել, որի կյանքը նույնքան կարճատև է, որքան ձկնաբրդուճի վրայի մայոնեզի շերտը: Այս զգեստն այլևս նորաձև չի լինի ոչ թե մեկ տարի, այլ մեկ ամիս հետո: Իսկ փողը շրջանառությունից դուրս չի գալիս երբեք:

Գրել կարծիք