Գլխավոր Հոդվածներ

[Իրականում` ՈՉ] Հնարավո՞ր է իրականացնել Լևոն Տեր-Պ

[Իրականում` ՈՉ] Հնարավո՞ր է իրականացնել Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղության ծրագիրը»

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ առանձնահատուկ ուղերձով` Ղարաբաղում հաստատել խաղաղություն ու կնքել հաշտության պայմանագիր, բնականաբար փոխզիջումներով: «Խաղաղություն, անվտանգություն, բարիդրացիություն» կարգախոսով դաշինքը Հայաստանի և Արցախի անվտանգության, տնտեսության զարգացման համար առաջարկում է հաշտվել բոլոր հարևանների հետ:
Այդ դեպքում Հայաստանը հակամարտության մեջ գտնվող և շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից դուրս կգա և կդառնա բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առևտուր անող, տնտեսապես համագործակցող և հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր: Հաշտությունը վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը և շեշտակիորեն կնվազեցնի ՀՆԱ 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը: Հնարավո՞ր է իրականացնել խաղաղության այս ծրագիրը:
«Խաղաղության ծրագիրը» հնարավոր է կյանքի կոչել, որովհետև Ադրբեջանն աստիճանաբար համոզվում է, որ պատերազմով շատ բանի հասնել չի կարող: Եթե բանակցում ես (թեկուզ ֆորմալ), նշանակում է հեռանկարում խաղաղության հասնելու հնարավորություն առնվազն տեսնում ես, հակառակ դեպքում` ինչո՞ւ պետք է բանակցես: Այսինքն Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների միջոցով ու զիջումներ կորզելու ճանապարհով կամ փոխզիջումների գնով հասնել հաշտության: Այստեղ խնդիրն այն է, թե ո՞ր կողմի համար է այն ավելի կարևոր:



Այս թեմայով կարդացեք նաև



«Խաղաղության ծրագիրը» հնարավոր է իրականացնել, որովհետև ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Արցախն Ադրբեջանին կցել հնարավոր է միմիայն բոլոր արցախցիներին ֆիզիկապես ոչնչացնելու և Հայաստանի Հանրապետությունը լիկվիդացնելու գնով: Բայց մի՞թե Ալիևն ի վիճակի է այդպիսի պլան մշակել և իրագործել: Ոչ, իհարկե: Ոչ էլ հայկական կողմն է ի վիճակի հաղթական մարշով հասնել մինչև Բաքու: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մի քանի հազար զոհ տալով հնարավոր է առավելագույնը 800 հա հետուառաջ անել շփման գծի երկայքնով: Նաև ցույց տվեց, որ 2 կողմն էլ մարտական ակտիվ գործողությունների 4-րդ օրը պարզապես «շնչահեղձ են լինում» և չեն հասցնում թիկունքը համապատասխանեցնել առաջնագծի մսաղացի աճող պահանջներին: Էլ չասած, որ պատերազմական գործողությունների էսկալացիային զուգընթաց 2 կողմի համար էլ օր-օրի անհնար է դառնում արտաքին ճնշմանը դիմադրելը:
Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղության ծրագիրը» հնարավոր է իրականացնել, որովհետև սա միակ հարցն է, որի լուծմանը կողմ են (թեկուզ ֆորմալ) Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Եվրամիությունը, նաև Իրանը և նույնիսկ Թուրքիան: Այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը (թեկուզ առանց ԼՂ խնդրի լիակատար ու վերջնական կարգավորման) կողմ է միջազգային հանրությունը:

Բայց` հնարավո՞ր է իրականացնել Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղության ծրագիրը»: Իրականում` ոչ:


Ոչ, որովհետև ի տարբերություն Գերմանիայի, մեր հարևանը Ֆրանսիան չէ` Ադրբեջանն է, որը քնած սպային սպանողին հերոսացնում է, մոլորված գյուղացուն սպանում է միայն այն բանի համար, որ հայ է, զոհված հայ զինվորին գլխատում է, կտրում ականջներն ու ի ցույց դնում իր հասարակությանը` ներկայացնելով որպես հերոսություն: Ադրբեջանը բարբարոսական արժեքների վրա կառուցվող, խանական միապետության վերածվող պետական կազմավորում է, որի հետ որևէ բանակցություն ու պայմանագիր մնալու է թղթի վրա, եթե այդպես կամենա Բաքվի խանը:
Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղության ծրագիրը» հնարավոր չէ իրականացնել, որովհետև Ադրբեջանը նույնիսկ մինչև վերջ բանակցված պայմանագրից հրաժարվեց վերջին պահին: Խոսքը Կազանի փաստաթղթի մասին է. կողմերը գրեթե համաձայնության էին եկել, բայց վերջին պահին Իլհամ Ալիևը ներկայացրեց 10 նոր առաջարկ` հստակ իմանալով, որ դրանով խափանում է փաստաթղթի ստորագրումը: Այսինքն` Ադրբեջանի ղեկավարի մտքով էլ չի անցնում հաշտվել: Իսկ երբ հետդ չեն հաշտվում, որքան ուզում ես ձեռքդ պարզիր` այն օդում կմնա:


Բաժնի մյուս նյութերը



Բացի այդ` Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ արյունով ձեռք բերած հողն անարյուն տալ Ադրբեջանին: Խաղաղության հիմքում փոխզիջումն է, այսպես կոչված` «գրավյալ տարածքների» հանձնումը: Ավելի շուտ Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա, քան տարածքի հանձնում: Հետևաբար այն իշխանությունը, որը կհամաձայնի «Տարածքներ` հանուն խաղաղության» կարգախոսին, կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է:
Խաղաղության ծրագիրը հնարավոր չէ իրականացնել, որովհետև միայն առաջին հայացքից, կամ հրապարակային մակարդակում է, որ գերտերությունների շահերը համընկնում են: Խաղաղության պայմանագիրը ենթադրում է, որ կողմերի զորքերը պետք է հետ քաշվեն, բուֆերային գոտում պետք է հայտնվեն միջազգային խաղաղապահներ: Որտեղի՞ց են լինելու այդ խաղաղապահները: Ռուսաստանից: ՆԱՏՕ-ի ներկայությունը բացառվում է Հայ-ռուսական մեծ պայմանագրի պատճառով: Նաև այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի կազմում կարող են տեսակարար մեծ կշիռ կազմել Թուրքիայի զորախմբերը, ինչին դեմ կլինի Երևանը, կողմ` Բաքուն:

Հիմա` Հնարավո՞ր է իրականացնել Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղության ծրագիրը»


Իրականում` այո: Երկրորդ աշխարհամարտից հետո Ֆրանսիան ու Գերմանիան ավելի շատ տարաձայնություններ ունեին, քան Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն հնարավոր դարձավ խաղաղություն հաստատել հարուրամյակներ տևած պատերազմներից հետո: Նրանք դա արեցին կարճ ժամանակահատվածում` Մարշալի պլանով, ամերիկյան դոլարների հեղեղով ու Ստալինյան Ռուսաստանի էքսպանսիային դիմակայելու նպատակով:
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության գաղափարների գեներատոր: Հայաստանը կարող է ռեգիոնալ խաղաղության կոչով դիմել Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, Սիրիային, Իրաքին, Արաբական երկրների լիգային, Ռուսաստանին, Վրաստանին, Աբխազիային, Հարավային Օսիային, Արցախին և հանդես գալ Մեծ Մերձավոր Արևելքում խաղաղություն 50 տարիներ հաստատելու նախաձեռնությամբ: Սա կլինի Հայաստանի` գլոբալ մտածողության հաղթարշավ:


Բաժնի մյուս նյութերը



Հայաստանը կարող է Մեծ խաղաղության կոնֆերանսի հանդիպումները կազմակերպել այդ բոլոր երկրների մայրաքաղաքներում` ամեն կես տարին մեկ, հերթով: Հայաստանը կարող է այս մեծ ռեգիոնի օրակարգ բերել Մեծ Մերձավոր Արևելքի ու Հայկական բարձրավանդակի երկրների ապառազմականացումը, սպառազինության մրցավազքի դադարեցումը: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն միայն երջանիկ կլինեն այդ կարգի նախաձեռնությանն օժանդակելու համար միլիոնավոր դոլարներ տրամադրել: Այդ դեպքում Հայաստանի պետական դրոշը նույնիսկ կարելի է փոխել ու դարձնել ճերմակ` որպես ռեգիոնալ խաղաղարարի խորհրդանիշ:
Եվ այդ դեպքում` «Խաղաղություն, անվտանգություն, բարիդրացիություն» կարգախոսը կարող է դառնալ Հայկական բարձրավանդակի երկրների նորօրյա փիլիսոփայությունը:

Տարածել