10 միտք` Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գրքից (տեսանյութ)
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների չորրորդ հատորում մեկտեղված են հոդվածներ, որոնցում հեղինակն ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները: Գրքից
1. Ազատականության արևմտյան ընկալման ամենաայլասերված տարբերակի և արևելյան բռնապետության գերադրական նկրտումների խաչասերումից ծնվեց հրեշը՝ հայաստանյան տիպի ժողովրդավարությունը, որն անսանձելի է դարձել անգամ նրա ստնտու քաղաքական այրերի համար: «Այսպես պետականություն չի կայանում, պարոնա՛յք»:
2. Մենք հազարամյակների պատմություն ունենք, բայց քիչ մնաց՝ 20-րդ դարի սկիզբը մեր հազարամյա տառապանքի վերջին ճիչը դառնար: Հայաստանի այսօրվա քաղաքականությունը ցույց է տալիս, որ տառապանքից դասեր չենք քաղել:
3. Այո՛, մենք հին և հարուստ մշակույթ ունենք, բայց դրա ֆետիշացումը հանգեցրել է նրան, որ հայ ժողովրդի իդեալը մնացել է անցյալում: Ամեն ինչի լավագույնը տեսնելով անցյալում՝ ինքներս էլ անցյալ ենք դարձել: Նույնիսկ աշխարհը մեզ գնահատում է որպես «արժեքավոր հնություն»:
4. Հայաստանը գլորվում է ավտորիտարիզմի և նեոգաղութացման անդունդը: Պատմությունը բազմիցս ապացուցել է նման ընտրության կործանարար հետևանքները: Միակ հույսն այն է, որ հայրենիքում ու սփյուռքում դեռ կան առողջ ուժեր, որոնք ի վիճակի են կանխելու իրադարձությունների զարգացման նման ընթացքը: Իսկ եթե ոչ...
5. Կհասկանաս, որ քեզ ու աշխարհը հարկ է ճանաչել այնպես, ինչպես ստեղծված է: Կհասկանաս, որ Աշխարհին տիրողներն այնու են տարբերվում քեզնից, որ գիտեն Օրենքը, և իրենց բանականությունը ենթարկում են նրա պահանջներին: Եվ մեծամիտ չեն քեզ պես, քանզի գիտեն իրենց ճշմարիտ արժեքը: Իզուր չէ, որ նրանց համար բարձրագույն արժեքները հոգևորությունն ու կամքի ազատությունն են, զի որքան շատ է ազատությունը, այնքան բարձր է հասարակության կազմակերպվածությունը:
6. Թե պատերազմում ես, զենքդ է ավելանում, թե չես ցանկանում պատերազմել, ծեծելով են ստիպում: Քեզ փորձում են համոզել, որ, եթե գլխիոտ կանգնես ի զեն, ոչ ոք քեզ չի կարող հաղթել: Եվ դու հավատում ես, որովհետեւ 1700 տարի այդպես էլ չհասկացար, որ այդ զենքով չարին չես հաղթի: Դու խորապես համոզված ես, որ վերջին Աշխարհամարտին Գերմանիային զենքով զգետնեցին: Զգետնեցին, իհարկե, զենքով, բայց ոչ՝ քո ենթադրած, այլ Մտածողի գրիչը դեն նետած գերմանացի ժողովրդի ընտրած զենքով:
7. «Հաց եւ տեսարաններ»: Զանգվածներին կառավարելու հին հռոմեական մեթոդն առայսօր չի կորցրել իր նշանակությունը և շարունակում է մնալ այս կամ այն վարչակարգի հարատևության հիմքը: Նորանկախ պետություններում «հացի» պակասը ստիպում է հիմնական շեշտադրումներն անել «տեսարանների» վրա, ինչը պետք է հնարավորություն տա երկարաձգելու վարչակարգի իշխանությունն այնքան ժամանակ, քանի դեռ զգացմունքային «տեսարաններն» ի վիճակի են փոխհատուցելու ինչպես «հացի» պակասը, այնպես էլ հասարակության մյուս պահանջները:
8. Ի՞նչ իմաստ ունի «պատերազմ թե՞ խաղաղություն» երկընտրանքի առաջադրումը Հայաստանում, եթե ո՛չ մեկը, ո՛չ մյուսն այսօր մեր կամքից կախված չեն: Ուստի ոչ թե խաղաղություն է պետք պետականության կառուցման համար, այլ ամեն գնով անհրաժեշտ է ամուր պետություն կառուցել՝ խաղաղ ապրելու իրավունքը ձեռք բերելու համար:
9. Ինչպես Գիրքը հարսանեկան խորովածի խարույկի մեջ այրած ընտանիքը, այնպես էլ տոնական կամ առօրեական խրախճանքներում հոգին մոխրացնելու ձգտող հասարակությունը դատապարտված են սթափվելու և սկզբում անհատական խորքերում, ընդամենը օրեր անց նաև խմբակային պոռթկումի բոհում պատասխան փնտրելու այն միակ պարզ, բայց ոչ պարզունակ հարցին՝ իսկ հետո՞:
10. Ազգային զարթոնքի էներգիան նախ որկրամոլության, իսկ ավելի ուշ՝ նյութապաշտության պտուտակախաղում մսխելու փուլում, մեծարգո՛ տիկնայք եւ պարոնայք, դուք ծնեցիք իշխանության հանցավոր համակարգը, պաշտպան կանգնեցիք քաղաքական դեմագոգիային, երկրպագեցիք տնտեսական թալանի քրմերին և հոգևոր տգիտության քարոզիչների պահապան հրեշտակները դարձաք:
Կարդացեք նաև
- Newmag֊ը ներկայացնում է Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գիրքը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների 4-րդ հատորի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- «Այս հատորը Տիգրանի բաց նյարդն է». տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը