Մարգարետ Միտչել. Համաշխարհային գրականության ամենատպավորիչ, զգացմունքային գրքի հեղինակի ծննդյան օրն է (տեսանյութ)
Նա գրող էր ու ըմբոստ անհատականություն։ Նա պուրիտանական հասարակությանը շոկի մեջ էր գցում իր անբռնազբոս պարերով։ Որպես լրագրող քաղաքում ազատորեն շրջում էր այն ժամանակներում, երբ կնոջ տեղը տունն էր։ Բարեգործ էր, որի առատաձեռնությունը ռիսկի տակ էր դնում իր իս
Միտչելը ծնվել է Ատլանտայում, 1900 թվականին։ Նրա հայրը՝ իրավաբան Յուջին Միտչելը, կառուցել է քաղաքի առաջին հանրային գրադարանը և հիմնել Ատլանտայի պատմության միությունը։ Մայրը խստաբարո և կիրթ իռլանդուհի էր, անդրդվելի կաթոլիկ։ Միտչելը 18 տարեկանում սիրահարվում է ամերիկյան բանակի մի երիտասարդ սպայի, որը զոհվում է Առաջին աշխարհամարտում։ Մեկ տարի անց գրիպը խլում է մոր կյնաքը։ Համալսարանական ուսումը կիսատ թողնելով՝ ապագա գրողը վերադառնում է ծննդավայր։
21 տարեկանում ծանոթանում է երկու երիտասարդի հետ և հանդիպում երկուսի հետ էլ։ Ռեդ Ապշոուն և Ջոն Մարշը նրան ժամադրում են, և նա որևէ մեկին չի մերժում։ Նույնիսկ պատահում է, որ մի ժամադրությունից վերադարձող Մարգարետին նրա տան մոտ սպասում է մյուս երկրպագուն։ Ի վերջո, Միտչելն ընտրում է Ռեդին: Ջոն Մարշը երջանիկ զույգի հարսանիքին դառնում է փեսայի խաչեղբայրը։ Պատմաբան Մոլի Հասկելը շատերի պես չհասկացավ Միտչելի ընտրությունը. «Ոչ-ոք չէր հասկանում, թե ինչու նա ընտրեց արբեցող, անհաջողակ և որոշակի իմաստով վտանգավոր այդ մարդուն»։
Ռեդը գործազուրկ էր, ուստի Մարգարետը որոշում է լրագրությամբ զբաղվել։ Ամուսինը մի քանի օրից անհետանում է, ամիսներ անց վերադառնալուց հետո սկսում է ծեծել, ու փորձում է նույնիսկ բռնաբարել։ Կյանքի այս դրվագի մասին ուսումնասիրություն է կատարել պատմաբան Էեթրին Կլարկը. «Բռնաբարության այդ էպիզոդը ավելի ուշ Միտչելն օգտագործում է վեպում, բայց մեկ տարբերությամբ՝ Սկարլետը, պարտադրված սիրային գիշերից հաճույք է ստանում, ի տարբերություն վեպի հեղինակի անձնական փորձի»։
Միտչելը մեկ տարի անց ապահարզան է պահանջում։ Երեք տարի անց՝ 25 տարեկանում ամուսնանում Ջոն Մարշի հետ։ Հենց Ջոն Մարշի օգնությամբ ու խրախուսմամբ, Միտչելը մեկ տարի անց սկսում է գրել իր լեգենդար վեպը, որի առաջին ընթերցողն ու խմբագիրը ամուսինն էր։ Երբ վեպը հրատարակվում է, Ջոնը դառնում է Մարգարետի գործերի կառավարիչը։ Միտչելի հաջողությունը չի փոխում ամուսինների հարաբերությունները։ Ավելին, նրանք երկուսով պատասխանում են բազմաթիվ ընթերցողների նամակներին։ Միտչելը պատասխանել է բոլորին։ Անխտիր։ Տարիներ շարունակ։
Գրողը ֆինանսավորում է Ատլանտա տիպի 2 հածանավի արտադրությունը և մասնակցում է ռազմանավի օծման հանդիսավոր արարողությանն ու ջուրն իջեցնելու ռազմական ծիսակարգին։ Այս մասին պատմում է նաև Մարգարետ Միտչելի կենսագիրը՝ Մարիեն Ուոկերը. «Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա օգնում է պատերազմից տուժած ընտանիքներին։ Դառնում է Կարմիր խաչի կամավոր»։ Միտչելը 1942-ին նամակ է ստանում դոկտոր Բենջամին Մեյսից։ Նա խնդրում էր օգնել, որ սևամորթ երիտասարդները համալսարանական կրթություն ստանան։ Մեյսն ազդեցիկ գործիչ էր։ Նա ավելի ուշ դառնալու էր Մարտին Լյութեր Քինգի մենթորը։
Այդպես սկսվում է Մարգարետի և Բենջամինի երկար տարիների գաղտնի գործակցությունը։ Մեյսն ուղարկում էր գումարի չափը, գրողն էլ գումարն անմիջապես փոխանցում էր բանբերին։ Մինչև իր կյանքի վերջ Միտչելը գաղտնի օգնում է սևամորթ ուսանողներին, հետո ֆինանսավորում սևամորթների համար նախատեսված առաջին հիվանդանոցի շինարարությունը։ Հենց այդ տարիներին՝ 1945-ին սրտի կաթված է ստանում Միտչելի ամուսինը և դառնում անկողնային հիվանդ: Միտչելը 2 տարի խնամում է ամուսնուն և ոտքի կանգնեցնում։ Բայց նրանց կյանքը փոխվում է։ Նրանք հազվադեպ են դուրս գալիստնից, և նախընտրում են միայն կինոթատրոն գնալը։
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է «Քամուց քշվածները». Հատոր առաջին (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Հենց այդպիսի մի օր էլ, 1949 թվականի օգոստոսի 11-ին, երբ ամուսինները անցնում էին փողոցը՝ կինոթատրոն մտնելու համար, մեքենան վրաերթի է ենթարկում երկուսին էլ։ 5 օր կոմայում մնալուց հետո Մարգարետ Միտչելը մահանում է։ Նա ընդամենը 48 տարեկան էր։ Եվ կտակում՝ որպես վերջին խնդրանք իր ամուսնուն հորդորում է այրել «Քամուց քշվածների» ձեռագիրը։ Ջոն Մարշը այդպես էլ վարվում է՝ թողնելով մի քանի էջ՝ որպես ապացույց։ Ապացույց, որ իր կինը գրել է 20-րդ դարի գլուխգործոներից մեկը, աշխարհին պարգևել դարակազմիկ վեպ և կերտել է հերոսներ, որոնց հմայքը չի խամրում։