ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող հայ վարակակիրների կյանքը` անանուն, մեկուսացած և զգուշավոր
Դեկտեմբերի 1-ն աշխարհում հայտնի կարմիր ժապավենի օրն է: Այդ օրը կրծքներին կարմիր բանտ փակցրած մարդիկ հորդորում են պայքարել ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ի դեմ: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն առաջին անգամ արձանագրվել է 1981 թ. Լոս Անջելեսում նույնասեռ 5 տղամարդկանց մոտ: Հենց այս փաստն էլ հիմք դարձավ կարծելու, թե ՁԻԱՀ-ը նույնասեռականների հիվանդությունն է: Այսուամենայնիվ, մեծ է համոզմունքը, որ վիրուսը տեխնածին է:
Մեր օրերում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը տաբու է՝ խայտառակություն, ամոթ, շատերի համոզմամբ՝ անբարոյականություն: Մինչդեռ մարդկային պատմությունները վկայում են, որ շատ հաճախ նրանք զոհ են: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը մեծ մասամբ տղամարդկանց հիվանդություն է: Միգրանտներն ու խոպանչիները հաճախ անհեռատեսորեն տարվում են Ռուսաստանի ազատ վարքի տեր աղջիկներով՝ կարծելով, թե ծանր հետևանքներ չեն լինի:
Արմեն, 32 տարեկան, Երևան
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: Կինն էլ, փոքրիկն էլ առողջ են: 8 տարի առաջ պատահաբար իմացել է իր վիճակի մասին: ՄԻԱՎ-ը նրա կյանքում ձեռքբերումների սկիզբ է դարձել:
Եթե ես մի քիչ տեղեկացված լինեի, այսօր ՄԻԱՎ չէի ունենա: 8 տարի առաջ էր. ամուսնացած չէի: Ազատ կյանքով էի ապրում, մտածում էի՝ ես ապահովագրված եմ, ՄԻԱՎ-ն ինձնից հեռու է:
Մոսկվայում էի. քաղաքացիություն ստանալու համար անալիզ հանձնեցի: Մինչև պատասխանը կգար, 40 րոպե սպասում էի: Ահավոր րոպեներ էին: Սիրտս այնքան արագ էր աշխատում, որ վերնաշապիկս շարժվում էր: Բժիշկների հետ խորհրդակցեցի, ասացին՝ ավելի լավ է՝ վերադառնաս Հայաստան: Որպես միգրանտի՝ իմ բուժումը թանկ էր՝ տարեկան 20 հազար դոլար, իսկ Հայաստանում անվճար է:
Իմ ՄԻԱՎ-ի վիճակի մասին քչերը գիտեն՝ կինս ու մի քանի ընկերներս: Ոչ թե ամաչում եմ, այլ չեմ ուզում՝ ավելորդ ուշադրություն դարձնեն: Խանգարում է: Այդ չափից շատ հոգատարությունը խղճահարությունից է ծնվում:
- 21-րդ դարի 50 ամենատարածված հիվանդությունները
- Սուր քրոնիկ ճակատագիր. Ապրել հեպատիտ C-ով
- Թե ինչպե՞ս 15 ամիս հրաժարվեցի սուրճից ու ալկոհոլից և ի՞նչ ստացվեց արդյունքում
Կինս ընկերոջս քույրն էր: Դեռ ամուսնացած չէինք. ասացի՝ առողջ չեմ՝ պիտի այլևս չհանդիպենք: Մեր բաժանումը, սակայն, չստացվեց: Երեք ամիս մասնագետների հետ աշխատեցինք, նրանք բացատրեցին, որ ՄԻԱՎ-ը կյանքի վերջը չէ: Բնավորությամբ սառնասիրտ եմ, գուցե հենց այդ պատճառով էլ շոկային վիճակն արագ հաղթահարեցի: Մասնագետների աջակցությունը անչափ կարևոր է. նրանք օգնում են, որ ինքդ քեզ վերագտնես:
Հասարակությունը պատրաստ կլինի ՄԻԱՎ-ով հիվանդներին ընդունել, եթե տեղեկացված լինեն: Ես անցել եմ այս ճանապարհով. չեմ ցանկանա, որ մյուսներն էլ անցնեն: Ջահել տղերքը թող ինձ պես չմտածեն, թե ապահովագրված են վիրուսից: Ավելի լավ է ունենալ մեկ զուգընկեր, քան անընդհատ փոխել ու պատահական սեռական կապի մեջ լինել:
Օլյա Պանֆիլովա, Ուկրաինա
Սովորաբար ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդների առջև փակ են հասարակության դռները, նրանք էլ փակ են լրատվամիջոցների համար: Հարցազրույցի համար մեծ ջանք է պահանջվում: Եթե անգամ հիվանդը համաձայնի, անհույս է նրան բաց դեմքով նկարահանելը, իսկական անունն ու տարիքը նշելը, ձայնը չփոխելը:
Օլ յա Պանֆիլովային հանդիպեցի Երևանում: Պայմանավորվել էինք տեսախցիկի առջև խոսել: Անկեղծ զրույցի համար առաջին ժեստը ես արեցի. ձեռքս պարզեցի բարևելու: Ուկրաինուհու հետ հարցազրույցը բաց դեմքով էր:
Գրողը տանի, ես զարմացած եմ: Դուք չվախեցա՛ քձեռքս սեղմել: Հատկապես Հայաստանում դժվար է հանդիպել Ձեզ պես անվախ անձնավորության: Չմտածեցիք. «Հանկարծ չե՞մ վարակվի»: Սա խոսում է Ձեր տեղյակության մասին: Ուկրաինայում մարդիկ երկու խմբի են բաժանվում. մի մասը աջակցում է, մյուս մասը՝ անմարդկային վերաբերմունքի արժանացնում: Ես այնտեղ ստեղծել եմ մի խմբակ, որը զբաղվում է հասարակությանը տեղեկացնելով: Մարդիկ պատրաստ են քեզ ընդունել, երբ պարզում են, թե ի՛նչ է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը:
Հենց իմանում են՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ ունես, առաջին հարցն է՝ ինչպե՞ս ես վարակվել: Ախր ի ՜նչ կարևոր է, ես չեմ հասկանում: Վարակվել եմ ներարկիչից: Երբ ծնվեց աղջիկս, նրա օրգանիզմում էլ վիրուս կար: Ես վերանայեցի իմ անցածն ու ապրածը: Հասկացա, որ իմ արատավոր ապրելաձևը իմ երեխային տարբերակեց իր հասակակիցներից: Հետո ինձ համար մի նոր, դժվար փուլ էր սկսվում: Պետք է աղջկաս բացատրեի, թե ինչու նա ամեն օր պարտադիր պիտի դեղորայք ընդունի:
Ծնողական խնամքը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոց
Իմ կարծիքով, խորհրդատուն շա՜տ կարևոր դեր ունի: Հոգեբանների հետ շփումն էլ անհրաժեշտ է: Բայց երբ տեսնում ես քո նմանին, տեսնում ես՝ ինչպես է ապրում, պայքարում, հաղթահարում բոլոր վախերը, հասկանում ես, որ մենակ չես: Ոչ էլ միակը աշխարհիս երեսին: Երբ արտասահմանում հանդիպեցի ՄԻԱՎ ունեցողների հետ ու տեսա, թե նրանք ինչպես են ապրում, ինքս ինձ ասացի. «Էս ինչքա՜ն հետ ես դու, ուշքի՛ արի ու ապրի՛ր, մի՛ տանջվիր ու տառապիր»: Պետք չէ ապրել՝ ՄԻԱՎ-ը դրոշակ դարձնելով, որ քեզ մարդիկ խղճան:
Ես մասնագետների, այս կազմակերպության շնորհիվ կարողացա հաղթահարել: Այսօր ՄԻԱՎ-ն ինձ համար ստիմուլ է: Քայլ առաջ անելու, նոր ձեռքբերումների, ինչ-որ բանի հասնելու և ինքս ինձ ապացուցելու, որ ՄԻԱՎ-ը չի կարող հաղթել: Ես հիմա ավելի շատ երազանքներ ունեմ, քան երբևէ: