Գլխավոր Հոդվածներ

Վահագն Դադրյան. գիտնական, ով իր աշխատություններով

Վահագն Դադրյան. գիտնական, ով իր աշխատություններով լույս սփռեց պատմության մութ էջերի վրա (տեսանյութ)

07/02/2025

newmag-y-n

Իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ և մաթեմատիկոս Վահագն Դադրյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից մեկն է։ Նրա հիմնարար աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական և հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։

Մաթեմատիկոս, հասարակագետ ու ցեղասպանագետ

Մաթեմատիկոս, սոցիոլոգիայի դոկտոր, ցեղասպանագետ, պատմաբան Վահագն Դադրյանը ծնվել է 1926 թվականին Կոստանդնուպոլսում: Ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ Սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի ու Հարվարդի համալսարաններում։

Համեմատական ցեղասպանագիտություն

Դադրյանի աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտությանը, իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։

Արխիվներ ու վելուծություն

Վահագն Դադրյանն ուսումնասիրել է Օսմանյան կայսրության՝ Հայոց ցեղասպանության իրականացման պատմության պաշտոնական փաստաթղթերը։ Նա համոզված էր, որ ցեղասպանությունը միանգամից չի իրագործվում, այլ երկարատև նախապատրաստվում է, և դահիճը սպասում է հարմար պահի:

Քաղաքագիտական վերլուծություններ

Դադրյանի աշխատություններն ունեն նաև քաղաքագիտական մեծ արժեք։ Ցեղասպանագետն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել կարևոր վավերագրեր, դրանք քննել է միջազգային իրավունքի, քրեագիտության, հասարակագիտության և ոճրագիտության տեսանկյունից՝ միաժամանակ ստեղծելով Հայոց ցեղասպանությունը գիտականորեն բնութագրող եզրույթներ ու սահմանումներ։

Բախտորոշ հանդիպումներ

Դադրյանի մասնագիտական կողմնորոշման համար շրջադարձային է եղել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը։ Մեկ այլ բախտորոշ հանդիպում էլ կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գերգերյանի հետ էր։ Նրա ուսումնասիրությունները ճանապարհ են հարթել Դադրյանի հետագա գիտական գործունեության համար։ 

Ուսումնասիրություններ

1975-ին Նյու Յորքի համալսարանից կրթաթոշակ ստանալով՝ Դադրյանը սկսում է իր հետազոտությունները Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, Բոննի և Վիեննայի պետական արխիվներում։ Նա առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Բրիտանական հանրային արխիվում պահվող 1918-1920 թվականների Պոլսի Բրիտանական բարձր հանձնակատարության, Բրիտանական արքայական իրավաբանական գրասենյակի փաստաթղթերը։

Դասախոսություններ

1960-1990-ական թվականներին Դադրյանը ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն դասախոսություններ է կարդացել Բեռլինի, Մյունխենի, Պարմայի, Տորինոյի, Ցյուրիխի, Ուփսալայի, Մայնի Ֆրանկֆուրտի, Բոխումի, Մյունստերի համալսարաններում, Ամստերդամի, Ուտրեխտի, Ժնևի և Բրյուսելի բուհերում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնում ու ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանում։ 1996-ին ՄԹ Համայնքների պալատում  Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին Դադրյանն առաջին հայ զեկուցող գիտնականն է եղել։

Գիտական ժառանգություն

Թուրքերենի, օսմաներենի, ֆրանսերենի, գերմաներենի, անգլերենի փայլուն իմացության շնորհիվ Դադրյանը Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հոդվածներ ու գրքեր է հեղինակել։ Տարբեր լեզուներով գրել է 22 մենագրություն, 140 գիտական հոդված, բազմաթիվ հրապարակումներ։ 40 տարիների գիտական աշխատանքի ընթացքում Դադրյանը սեփական միջոցներով աշխարհի տարբեր գրադարաններից ու արխիվներից հավաքել է մեծ քանակի վավերագիր նյութեր և ստեղծել մեծ արխիվ, որը կարևոր աղբյուր է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար։

Կարդացեք նաև

Տարածել