Ավելի քան 25 տարի առաջ Տիգրան Հայրապետյանը կանխատեսել էր 44-օրյա պատերազմից մինչև ներքին խժդժություններ
Տիգրան Հայրապետյանն իր «Փրկե՞նք հայրենիքը» գրքում ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման 5 տարբերակ, վերլուծել բոլոր դետալները, իրար կողքի դրել փաստերը, համաշխարհային պատմության օրինակներն ու պատմական փորձը և դուրս բերել Հայաստանի համար լավագույն լուծումը
Չենք ուզում, որ հայրենիքի անբաժանելի մասնիկի ու նրա բնակչության հանձնումը թշնամի-հարևանի (ով ինչպես կուզի) ողորմածությանը հիմնավորվի մի խումբ արկածախնդիրների տհասության հետևանքով առաջացած աղետով, ինչպես որ չենք ուզում, որ ժողովուրդը զոհ դառնա պարբերական, բախտի քմահաճույքին հանձնված, ուստի անհեռանկարային պատերազմին:
Որովհետև անընդունելի ենք համարում զգացմունքայնության և անձեռնահասության վրա հիմնված ցանկացած եզրահանգում, իսկ առարկայական իրողությունների վրա հիմնված դատողություններ անելու, առավել ևս որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ նվազագույն աշխատանքը, ձեռնհաս կառույցները ոչ ոք չի կատարել և չի կատարոււմ, չի ունեցել և չունի՝ սկսած վարչակարգից մինչև հեղինակավոր կուսակցությունները:
...Միաբանության հարցում չի կարելի իդեալիստ լինել: Մեր պատմության ճակատագրական պահերին սեփական փոքրոգի անհամաձայնության զոհ գնալու ավանդույթը նույնքան կայուն է, որքան դառը պարտությունների կրելու ավանդությունը: Այս երկուսը համարժեք են միմյանց, իսկ ավելի ճիշտ՝ փոխադարձաբար պայմանավորված են մեկը մյուսով:
Անհոգ լավատեսությամբ համակվելու հիմքեր չկան, ինչպես որ հիմքեր չկան կարծելու, թե մեր պատմության այս փուլում ժողովուրդը ներկայացնող քաղաքական ուժերն ու նրանց առաջնորդները կխախտեն այս կործանարար ավանդականությունը: Կա միայն անհրաժեշտության գիտակցություն, որի իրականացումը մեծ և խիստ ծանր աշխատանք է պահանջում:
Սա է ճանապարհը դեպի քաղաքակրթություն, զարգացող, բարգավաճող և ուժեղ հասարակություն, որն ընդունակ կլինի լուծելու իր հիմնահարցերը՝ ներառյալ արնածոր ազգային խնդիրը: Իսկ հարցադրումը կատարում ենք այն պարզ պատճառով, որ նման ընտրության համար պետք է ժողովրդի բոլոր խավերի աջակցությունը, քանզի միայն այդ դեպքում ինտելեկտուալ միջավայրը կազմելու կոչված անհրաժեշտ կառույցները կարող են ստեղծվել, հագեցվել մասնագետներով և նյութատեխնիկական միջոցներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օգտագործել ժողովրդի քվեն՝ քաղաքական բախտախնդրությունը կանխելու համար:
Կարդացեք նաև
- «Փրկե՞նք հայրենիքը». Newmag-ը ներկայացնում է Տիգրան Հայրապետյանի 3-րդ գիրքը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Փրկե՞նք հայրենիքը» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
- Շնորհանդես-քննարկում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում՝ նվիրված Տիգրան Հայրապետյանին (տեսանյութ, լուսանկարներ)
- «Փրկե՞նք հայրենիքը». Հատվածներ Տիգրան Հայրապետյանի գրքից
Ինքնուրույն, զարգացած և բարձրորակ ազգային միտքը ցանկացած ժողովրդի ազգային անվտանգության միակ կայուն և իրական երաշխիքն է: Այլ ճանապարհի ընտրությունը տանում է հայրենիքը դեպի հարատև խավար, որի մեջ կկորսվեն ազատության, պետականության և ազգային երազները: