Ինչ անել, երբ օրդ չի ստացվել, շփումներն էլ անտանելի են. Խորհուրդներ «Տրամադրության վերելակը» գրքի հեղինակից
Հաջողությունը պատահական գործոն չէ, որը հանդիպում է մարդկանց՝ առանց որևէ լուրջ պատճառի: Այն առողջ հարաբերությունների արդյունք է: Մարդիկ, ովքեր ավելի լավ են կառավարում իրենց տրամադրության վերելակը, ավելի շատ կապեր ու աջակցող համակարգեր ունեն, քան մյուսները:
«Տրամադրության վերելակը» գրքի հեղինակ Լարի Սենի խոսքով, ձեր հոգեվիճակը հմտորեն կառավարելն ու սխալ որոշումներ կայացնելուց գիտակցաբար հրաժարվելը առողջ վարքի առանցքային սկզբունքներից է. այդպես չեք վնասի ձեզ ու մյուսներին։ Հիշե՛ք, որ ձեր մտքերը անհուսալի դաշնակից են վատ տրամադրության ժամանակ, այնպես որ չարժի վստահել դրանց ու գործել բորբոքված վիճակում: Փոխարենը վիճարկե՛ք ձեր մտածողությունը, նախքան դրա վրա կհիմնվեք որպես գործողության ուղեցույց:
Երբ էլեկտրոնային նամակ եմ ստանում, որը հարուցում է դժգոհություն, անհանգստություն կամ զայրույթ և դրդում պատասխան քայլերի, ես կարող եմ գրել պատասխան նա¬մակը, սակայն չեմ ուղարկի, այլ կսեղմեմ սևագիրը պահպանելու կոճակը: Նման դեպքերում կթողնեմ, որ անցնի մի քանի ժամ կամ նույնիսկ մի ամբողջ օր: Այդ ժամանակ, երբ նորից կարդամ իմ պատասխանը, տրամադրությանս վերելակը ուրիշ հարկում կլինի, և ավելի հեշտ կլինի նկատել բացասական մտքերը, որ անզգուշորեն արտահայտել եմ։ Երբեմն ջնջում եմ պատասխանն ու նորը գրում, իսկ երբեմն էլ մանրակրկիտ խմբագրում եմ հաղորդագրությունը, դրանից դուրս հանում զայրույթն ու քննադատությունը, մինչև ի վերջո սեղմում եմ ուղարկել կոճակը։
Շատ ավելի բարդ է վերահսկել իրադրությունը, երբ վատ տրամադրության մեջ սիրելիներին ու մտերիմներին ենք ասում անախորժ բաներ։ Տեխնոլոգիան այս դեպքում մեզ օգնության չի գա։ Հարկավոր է սովորել շփման մեջ լինել շատ շրջահայաց, խուսափել վիրավորական խոսքերից և քայլերից սթրեսի և ցածրորակ մտածողության ժամանակ։
Պատկերացրե՛ք, որ մութ ու ցուրտ գիշերով մեքենա եք վարում սառցապատ ճանապարհով։ Իհարկե, դա կանեք առանձնակի զգուշությամբ։ Մեքենան կվարեք դանդաղ, շրջադարձերը կկատարեք ոչ կտրուկ ու կպահպանեք բավականաչափ հեռավորություն այլ մեքենաներից։
Այդ նույն զգուշությունը գործադրե՛ք նաև մարդկանց հետ շփվելիս, երբ վատ տրամադրություն ունեք։ Հիշե՛ք, որ այդ պահին ձեր բնազդները լավագույն օգնականը չեն։ Եվ դա լավագույն պահը չէ մարդկանց ասելու, թե ինչ եք մտածում նրանց մասին իրականում, ոչ էլ կարեւոր որոշումներ կայացնելու կամ մեծ խնդիրներ լուծելու ժամանակն է։ Սպասե՛ք, մինչեւ նորից վերագտնեք ձեր բնականոն դրությունը, իսկ տրամադրության վերելակը կրկին հայտնվի վերին հարկերում։ Կտեսնեք, որ ավելի արագ ու անցավ կկարգավորեք բոլոր խնդիրները։
Երբ մեր տրամադրությունը վատ է, մեզ միայնակ ենք զգում, կորցնում ենք կապը արտաքին աշխարհի հետ, չենք փնտրում շփումներ, օգնություն չենք սպասում: Երբ վատ տրամադրություն ունենք, մեզ հեշտ է վիրավորել ու վշտացնել: Մենք ավելի շատ ենք մեղադրում ուրիշներին և հակված ենք ենթադրել, որ նրանց խոսքերի կամ արարքների հետևում գաղտնի նպատակներ կան: Բարկությունը, անհանգստությունը, մեղադրանքները և զայրույթը հուսալի օգնականներ չեն. փորձեք կառուցել առողջ հարաբերություններ, որոնց հիմքում աջակցությունն ու համագործակցությունն են:
Բայց երբ մեր տրամադրության վերելակը վեր է խոյանում, ինքնազգացողությունն ու հոգեվիճակը արմատապես փոխվում են, իսկ առողջ հարաբերությունների համար վճռորոշ է հենց մտքի առողջ վիճակը: Արևելյան փիլիսոփայության մեջ կա հասկացություն՝ «մաքրել կարման»: Սա նշանակում է դուրս գալ տրորված ճանապարհից՝ ավելի շատ ընկերներ ձեռք բերելու և թշնամիներից ազատվելու համար, և կյանքն ավելի լավը կդառնա:
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Լարի Սենի «Տրամադրության վերելակը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ «Տրամադրության վերելակը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Լարի Սենի «Տրամադրության վերելակի» հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
- 10 խորհուրդ` Լարի Սենի «Տրամադրության վերելակը» գրքից (տեսանյութ)
- Ինչու դոկտոր Լարի Սենը գրեց «Տրամադրության վերելակը» գիրքը (տեսանյութ)