Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Երևանում բացվեց Էդիկ Պողոսյանի անհատական առաջին ցո

Երևանում բացվեց Էդիկ Պողոսյանի անհատական առաջին ցուցահանդեսը՝ «Ներկատարյալը» (լուսանկարներ)

10/02/2025

newmag-y-n

Արվեստագետ Էդիկ Պողոսյանի գրաֆիկ դիզայնի առաջին անհատական «Ներկատարյալ» ցուցահանդեսն արդեն բաց է։ Մինչև հոկտեմբերի 8-ն այցելուները կարող են վայելել յուրահատուկ ցուցադրությունը։



Ցուցահանդեսը բազմաժանր ու բազմազան է, որտեղ ներկայացված են հեղինակի 30 տարիների աշխատանքների ընտրանին` Թեհրանի 1995-ի առաջին պատվիրված լոգոյից մինչև Հայաստանի 2025-ի վերջին ամսագրի շապիկը, ստեղծագործությունների նմուշները՝ գինու պիտակներից, մինչև թատերական պաստառներ, գրքերի շապիկներ, մանկական ամսագրեր, հեղինակային տառատեսակներ ու նույնիսկ Հայաստանի 3-րդ սերնդի թղթադրամների գաղափարները, որոնք ներկայացվամ են նաև Հայաստանի կենտրոնական բանկի թանգարանում։



Էդիկ Պողոսյանի ստեղծագործական ու մասնագիտական այս տարիներն Արտակ Ալեքսանյանը կոչեց հեղինակի կարիերայի առաջին երեսուն տարիները, որոնց լավագույն ներկապնակը ներկայացված է ցուցահանդեսին. «Էդիկը կարողանում է Հայաստանի ստեղծագործ դաշտում երկու կարևոր բևեռներ իրար միացնել՝ ստեղծագործ միտքն ու ինդուստրիալիզացիան։ Այսինքն, նա կարողանում է աշխատել իրական ինդուստրիայի հետ, լինի դա թատրոն, գրահրատարակչություն, բրենդի ինքնություն, թե՝ տպագրություն ու միևնույն ժամանակ լինել ստեղծագործ։ Դրանով նա ունիկալ է։ 

Այս ցուցահանդեսը նաև հաջողության պատմություն է, պատմություն, որ գուցե հետաքրքրի առաջին հերթին դիզայնով, վիզուալ ինքնությամբ զբաղվող երիտասարդ մասնագետներին, ուսանողներին։ «Ներկատարյալ» ցուցահանդեսը որոշակի առումով ցույց է տալիս նաև մեր երկրի անցած ճանապարհը, այն գույները, ձևերը, ստվերներն ու էլեմենտները, որոնք վերջին երեսուն տարիներին մենք ընկալել ենք, որպես ճաշակի դրսևորում։ Այս երեք տասնամյակն ամփոփող ստեղծագործական աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում նաև Էդիկի համար ամենակարևոր մարդկանցից մեկին, նրա հավատարիմ գործընկերոջը, թիմակցին, մուսային ու կնոջը»։


Դիզայներ, գրաֆիկ և երգիծանկարիչ Հարություն Սամուելյանը հիշեց, որ ծանոթացել են 2005 թվականին Թեհրանում, երբ Էդիկ Պողոսյանն ու իր գործընկերները նրան հրավիրել են երգիծանկարչության ու գրաֆիկական հումորի ցուցահանդես կազմակերպելու. 



«Ես Թեհրանում ներկայացրեցի Հայաստանի երգիծանկարիչներին։ Այդ ցուցահանդեսի պաստառը այս ցուցահանդեսին նույնպես ներկայացված է։ Մենք անմիջապես բարեկամացանք ու մտերմացանք։ Անմոռանալի օրեր ենք անցկացրել։ 

Ու նույնիսկ այդքան երկար տարիներ ծանոթ լինելով, ես չէի պատկերացնում, որ իմ ընկերն այսքան ծավալուն, հսկակայան աշխատանք է կատարել գրաֆիկ դիզայնի տարբեր ոլորտներում։ Իհարկե, ծանոթ էի որոշ գործերին, բայց այս ահռելի ծավալը, բազմազանությունն ապշեցնում է։ Ես նրան ճանաչել եմ, որպես կարիկատուրիստ, բայց նա շատ ավելի բազմաշնորհ է։ Բավականին խորը աշխատանքներ ունի, որոնք բազմաթիվ մրցանակներ են ստացել»։


«Ներկատարյալ» ցուցահանդեսի բացման ամփոփումն արեց հեղինակը՝ խոսելով ցուցահանդեսի դրդապատճառների մասին. «Ես սիրում եմ իմ գործերը տեսնել ուրիշների հայացքով, լսել նրանց կարծիքը։ Ռետրոսպեկտիվ, հետահայաց ցուցահանդեսներն երբեք մարդն իր համար չի անում։ Գաղափարն առաջացավ, երբ պարզվեց, որ իմ վաղեմի ընկերները պարզապես չգիտեն, թե ես ինչ եմ անում գրաֆիկ դիզայնի ոլորտում։ Հասկացա, որ դա իմ մեղքն է, ես չեմ ներկայացրել աշխատանքներս։ 

Ցուցահանդեսը նաև ինքս ինձ հաշվետու լինելու համար է, հասկանալու, թե ինչ եմ արել, ինչ փուլում եմ, հիշել առաջին գործերս, տեսնել անցած ուղիս, մինչև այս պահը, մինչև վերջին աշխատանքս, որը ներկայկացրեցի անցյալ ամիս։ Այս ընթացքում նաև հասկացա, թե ինչքան կարևոր է արխիվացումը։ Ընկերներիս հետ խոսել եմ, փորձելու ենք արխիվացնել ոչ միայն մեր, այլ նաև ոլորտի պատմությունը, դա կարևոր ներդրում կլինի Հայաստանի գրաֆիկ դիզայնի պատմության գրանցման առումով։ Հատկապես, որ երիտասարդ սերունդը գրեթե չգիտի ավագ սերնդի կատարած աշխատանքները, որը շատ կարևոր է»։


«Ներկատարյալ» ցուցահանդեսը բաց կլինի հոկտեմբերի 1-8-ը, 11։00-ից 20։00-ն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում։



 Լուսանկարները՝ Արամ Կիրակոսյանի

Կարդացեք նաև

Տարածել