Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Անհատական ցուցահանդես և գրքի շնորհանդես. Էդիկ Պողո

Անհատական ցուցահանդես և գրքի շնորհանդես. Էդիկ Պողոսյանը 2 իրադարձությունների մասին ներկայացրել է «Բարի լույս» ծրագրում (տեսանյութ)

09/29/2025

newmag-y-n

Գրաֆիկ դիզայներ, արվեստագետ Էդիկ Պողոսյանն իր ստեղծագործական ու մասնագիտական 30 տարիներն ամփոփում է «Ներկատարյալ» խորագրով բացառիկ ցուցահանդեսով։ Ցուցահանդեսի մասին Էդիկ Պողոսյանը պատմել է Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ժամանակ։

Էդիկ Պողոսյանի անհատական ցուցահանդեսն ունի խորագիր՝ «Ներկատարյալ»։ Դիզայները ներկայացրեց, որ անվանումը եկել է անգլերեն present perfect ժամանակաձևից. «Քերականորեն նշանակում է անցյալ ապառնի։ Այսինքն, այս ցուցահանդեսը ծնունդն է այն անցած ճանապարհի, որը ես անցել եմ։ Այդպես ծնվեց «Ներկատարյալ» խորագիրը։ Ես տարիներ առաջ հասկացա, որ իմ շատ ընկերներ չգիտեն, թե ես ինչով եմ զբաղվում, ինչ ճանապարհ եմ անցել։

Երկու տարի առաջ սկսեցի հավաքել այն ամենը, ինչ արել եմ 30 տարիների ընթացքում։ Հասկացա, թե ինչքան կարևոր բան է արխիվացումը։ Ես գործեր ունեմ, որ ֆլոպի վրա են եղել։ Իմ մասնագիտական գործունեությունը շատ բազմաժանր է։ Գեղանկարիչ եմ, աշխատել եմ գրաֆիկ դիզայնի ոլորտում, քաղաքական, սոցիալական երգիծանկարներ եմ անում։ Հայաստան տեղափոխվելուց հետո արել եմ նաև մանկական նկարազարդումներ, գրքերի ձևավորում ու շապիկներ։ Սունդուկյան թատրոնի թատերական պաստառներն եմ անում նաև»։ 

Էդիկ Պողոսյանի ստեղծագործություններն իրանական ու հայկական մշակույթի միահյուսում են։ Հատկապես վայելչագրության մեջ արվեստագետը սիրում է միքսել հայկական ու իրանական գեղանկարչությունը. «18 տարի առաջ ես Հայաստան եմ տեղափոխվել Իրանից։ Երբ տեղափոխվեցի, հասկացա, թե ինչ մշակույթի կրող եմ, ինչ հետք է թողել իմ աշխատանքներում իրանական մշակույթը։ Ես միշտ սիրել են դիսցիպլինաների արանքում լինել՝ տեքստ, պատկեր, պոեզիա»։ 

Դիզայներ, արվեստագետ Էդիկ Պողոսյանի համար «Ներկատարյալ» ցուցահանդեսը հաշվետու ցուցահանդես է։ Ցուցահանդեսային օրերի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, կլինի նաև հեղինակի «Սպասող մարդու օրագիր» գրքի վերահրատարակման առիթով բացառիկ քննարկում։ 

Գիրքը իրանական պոեզիայի անթոլոգիա է, որը հայերեն է թարգմանել Էդիկ Պողոսյանը։ «Սպասող մարդու օրագիրը» հրատարակվել էր 2015 թվականին։ 10 տարի անց գիրքը վերահրատարակվում է Newmag & friends ծրագրով. 

«Միշտ սիրել եմ թարգմանություններ անել։ Հայաստանում հասկացա, որ բարդ է հաղորդակցվել հասարակության հետ, որի հետ չունես հուշեր։ Այդպես սկսեցի ֆոտոներ անել, որոնք տեղադրում էի ֆեսյսբուքում, հետո սկսեցի փոքր բանաստեղծություններ թարգմանել։ Սկսեցի ընթերցողներ, հետո ընկերներ ձեռք բերել։ Հետո այդ բանաստեղծությունները որոշեցի հրատարակել, բայց սահմանափակ քանակով, քանի որ ոչ գրող եմ, ոչ թարգմանիչ։ Գիրքը հրատարակեցի տարվա օրերի քանակով 365 + 1՝ նահանջ տարվա օրերով։ Ժողովածուն իրանցի Հաֆեզ բանաստեղծի գրքի նմանությամբ է արվել։ Նրա գիրքը մարդիկ պատահականության սկզբունքով բացում են ու կարդում են որևէ բանաստեղծություն, որը նաև գուշակություն է, խորհուրդ։ 

Այդպես արեցի նաև ես։ Եղան անհարկի քննարկումներ կամ հակառակը՝ պաշտամունքային վերաբերմունք նկատեցի գրքի նկատմամբ։ 10 տարի անց, կարծում եմ, գիրքն ավելի շատ է ընկալվում է, որպես գրականություն, ճամփորդություն դեպի իրանական պոեզիա։ Հիմնական բախումն այն էր, որ դրանք շատ կարճ են, ինչպես ճապոնական բանաստեղծությունները։ Քանի որ թարգմանիչ չեմ, որոշ լեզվական խախտումներ եմ արել, որոնք տարածված չեն հայերենում, բայց այդպես կարողացել եմ պահել ոգին։ Դրա շուրջ էլ քննարկումներ եղան։ Հետաքրքիր փորձառություն էր»։

«Սպասող մարդու օրագիր» գիրքը կհրատարակվի խմբագրված ու համալրված։ Գրքում ներառվել են նաև պարսկագիր, իրանահայ Վահե Արմենի գործերը, որոնք նախորդ հրատարկության մեջ չկային։ Ցուցահանդեսի բացումը սեպտեմբերի 30-ին է, երեկոյան 19։00-ին Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում։ Ցուցահանդեսը բաց կլինի հոկտեմբերի 1-8-ը, 11։00-ից 20։00-ն։

Կարդացեք նաև

Տարածել