Մերգելյան ինստիտուտի փառքի ու լեգենդար աշխատակիցների մասին՝ «Մարդիկ և մեքենաներ» գրքում (տեսանյութ)
Սերգեյ Մերգելյանը 20 տարեկանում լուծեց ֆունկցիաների մաթեմատիկական տեսության խնդիրներից մեկը, որը չէին կարողացել լուծել աշխարհի ամենաանվանի գիտնականները։ Մերգելյանը շուտով լոկոմոտիվի դեր էր ստանձնելու Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում։ Մերգերլայնի,
1956-ին Սերգեյ Մերգելյանի գլխավորությամբ սկսեց գործել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որը դառնալու էր Խորհրդային միության խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկը։ ԵրՄՄԳՀԻ նախկին աշխատակից Ռաֆայել Սարգսյանը հիշում է՝ հաստատությունում քանի մարդ էր աշխատում. «Մեր մոտ 7 հազար մարդ էր աշխատում, 3 հազարը գործարանում, մնացածը ծրագրավորում էին անում»։
Ինստիտուտը շուտով սկսեց ռազմական գերգաղտնի աշխատանքը։ Դրանով զբաղվող մարդիկ գաղափար չունեին, թե ինչ են անում։ Ու այդպես՝ տարիներ։ Վերջում պարզվել էր, որ մշակում էին խորհրդային բանակի կառավարման հատուկ համակարգեր՝ մտաբերում է Ռաֆայել Սարգսյանը. «Ես չգիտեի իմ կողքինը էտ գործի մեջ ինչ էր անում։ Իրար կողք նստած էինք, բայց տեղյակ չէինք. էդ աստիճանի փակ էր»։
Հայաստանում պատրաստվող հաշվիչ մեքենաները ստանում էին հայկական անվանումներ ու տարածվում Խորհրդային միության ամբողջ տարածքում՝ ներդրվելով գիտության, արդյունաբերության ու տրանսպորտի համակարգերում։ Մոսկվայից գալիս էին ստուգայցի ու պարզում, որ տեխնոլոգիական նվաճումներով մոտեցել են ամերիկացիներին՝ պատմում է ԵրՄՄԳՀԻ նախկին աշխատակից Ռադիկ Անանյանը. «Հարցրեց մեր տնօրենին, թե ինչքանով ենք հետ, նա միանգամից ասաց 8 տարի, հարցրեց՝ էդ ո՞նց տենց հաշվեցիր, ասաց, որովհետև էն ինչ մենք հիմա անում ենք, նրանք 8 տարի առաջ էին անում»։
Այդ տարիներին հայկական տեխնոլոգիական բեկման մեջ կարևորագույն ներդրում ունեցան հայրենադարձները, որոնք իրենց հետ բերեցին ոչ միայն նոր գիտելիք, այլև նոր մշակույթ, լեզուներ, հետևաբար՝ նոր մտածողություն՝ ընդգծում է Ռադիկ Անանյանը. «Հայրենադարձների մեջ շատ տղաներ կային, որոնք շատ լավ աշխատանք տարան, ամենահայտնի մեքենաներից «Նաիրիի» գլխավոր կոնստրուկտորը հայրենադարձ էր։ Մեր լաբորատորիայում աշխատում էին մի քանի հայրենադարձներ՝ մեկը ԱՄՆ–ից, մեկը՝ Ֆրանսիայից»։
Ըստ Ռաֆայել Սարգսյանի, տեխնոլոգիական նվաճումները, դրանցում ներգրավված մարդիկ ու մշակութային բազմազանությունն էապես ազդեցին երկրի վրա: Հենց այստեղից առաջացավ այն չերևացող հիմքը, որի շնորհիվ այսօր մեծ նվաճումների են հասնում հայ ծրագրավորողները՝ հենվելով հարուստ պատմության և ուժեղ ավանդույթների վրա։
Կարդացեք նաև
- Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները» գրքի շնորհանդեսը
- Տեղի ունեցավ «Մարդիկ և մեքենաները» գրքի հեռուստաշնորհանդեսը
- Գիրք, որ պատմում է Հայաստանի ՏՏ սերնդի և ոլորտի ձևավորման մասին
- ԽՍՀՄ-ի ՏՏ ժառանգությունը քանդվեց, մարդիկ՝ մնացին. հարցազրույց DataArt-ի Հայաստան ընկերության տնօրենի հետ (տեսանյութ)
- Ինչպես են Հայաստանում ստեղծվել առաջին համակարգիչները. պետերբուրգցի տղաների բացառիկ ուսումնասիրությունը (լուսանկարներ)
- Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը՝ Պոլիտեխնիկում (տեսանյութ, լուսանկարներ)