BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նարինե Աբգարյանի տարօրինակությունները կամ կատարյալ

Նարինե Աբգարյանի տարօրինակությունները կամ կատարյալ անհեթեթություններ՝ 8 կետով (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ն ի մի է բերել Նարինե Աբգարյանի տարօրինակությունները։ Այս մասին բարձրաձայն ու ինքնահեգնանքով պատմում է նաև գրողը։ Օրինակ՝ սարսափում է անցնել այն հատվածներով, որտեղ պարան կամ շղթա է կապած, շփոթում է գույներն ու թվերը։ Թվում է՝ իր իսկ հերոսների մասին

ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒՅԹՈՒՆ # 1  

Ես շփոթում եմ գույներն ու թվերը․ այդպես է եղել միշտ՝ ինչ հիշում եմ ինձ։ Երևի ուղեղումս մի բան ճտտացել է, և թվերն ու գույները երկու զուգահեռ շարք են կազմել։ Օրինակ, 3-ը դեղինն է, 4-ը՝ կանաչը, 5-ը՝ կարմիրը, 2-ը կապույտն է, 6-ը՝ շագանակագունը, 1-ը՝ սպիտակը։ Լուսացույցի կանաչի ժամանակ մտովի ասում եմ՝ 4-ն է, կարող եմ անցնել։ Երեխաս կարող է հարցնել՝ մամ, ժամը քանի՞սն է, և ես շատ սովորական կարող եմ ասել՝ շագանակագույնի կեսը։  

ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ # 2  

Շատ տհաճ ֆոբիա․ սարսափում եմ անցնել այն հատվածներով, որտեղ պարան կամ շղթա է կապած․ ասենք՝ երկու սյուների արանքում։ Ես փնտրելու եմ շրջանցող ճանապարհ, եթե չգտնեմ, ու ստիպված պիտի անցնեմ պարանի վրայով, հավաքում եմ բոլոր ուժերս, լարում եմ կամքս։ Ամենակարևորը․ որքան ցածր է այդ պարանը, այդքան ավելի եմ սարսափում։ Եթե չեմ սխալվում, սա կոչվում է խուճապի համախտանիշ։    

ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ # 3  

Ցնցուղ ընդունելուց հետո որոշ ժամանակ չեմ կարողանում թուքս կուլ տալ։ Նորմա՞լ է։ Լողանալուց հետո մի քսան րոպե անընդհատ նետվում եմ դեպի լվացարան կամ զուգարան ու, մեղքս ինչ թաքցնեմ, էլեգանտորեն թքում եմ մեջը։ Եթե ասեք, որ դա էլ ինչ-որ կապ ունի խուճապի համախտանիշի հետ, ուղղակի կկախվեմ։  

ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ # 4  

Ես շատ նրբախնդիր մարդ եմ․ երևի վատ գիծ չի, չԷ՞։ Բայց երբեմն այն աստիճան նրբախնդիր եմ, որ ուղղակի զզվելի է։ Եթե ինչ-որ բանի համար գովեք ինձ, զգացմունքների ավելցուկն ինձ կստիպի Ձեզ համոզել հակառակը։ Եթե հանկարծ ձեր մտքով անցնի մի լավ բան անել ինձ համար (Կոպեհագենի կենտրոնում բանկարան կտակել կամ փոքրիկ կղզի նվիրել), չի ստացվի։ Միայն կվատնեք ժամանակը։ Դա նույնիսկ դյուրազգացություն չէ։ Երևի ծալապակա՞ս եմ։  

ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ # 5

Կոկետություն անել չեմ կարողանում։ Ամենևին։ Կոկետ եմ նույնքան, որքան կարդանի լիսեռը։ Որոշ արուներ, պարզելով այդ տարօրինակությունս, ճգնում էին համբուրվել հետս․ նրանք սխալմամբ կարծում են, թե կինն ամեն ինչի պատրաստ է, եթե կոկետուհի չէ։ Դրանց միանգամից տեղն եմ դնում։ Թեև, մեղքս ինչ թաքցնեմ, կուզեի քնքուշ եղնիկի պես երերալ, մարալի պես թրթռալ՝ փոքր-ինչ թեքելով էն, ինչը թեքում են փորձառու կոկետուհիները։ Տրված չէ։ Տըր-ված-չէ։  

ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ # 6  

Իմ հիշողությունը կարճ է։ Վիրավորանքը երբեք չեմ կուտակում։ Վատությո՞ւն են անում՝ մի երկու օր նեղվում եմ, հետո ընդմիշտ մոռանում։ Կարծում եք՝ լա՞վ է։ Ամենևի՛ն։ Երբեմն մտքիդ դնում ես ամուսնուդ հետ վիճել, օրերից մի օր որոշում ես զոհի տեղ դնել քեզ, մեկ էլ պարզում ես, որ նրան ներկայացնելու մեղադրանք չունես։ Գլխիցդ թռել է ինչ կա-չկա։ Ոչ կարող ես սկանդալ սարքել, ոչ՝ աման-չաման փշրել, ոչ էլ ցուցադրաբար լացել բարձի մեջ։ Մի խոսքով՝ սկի բանի պետք չեմ։    

ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ # 7  

Եթե առանց զգուշացնելու հյուր գաք ինձ, գուցե վայրի տեսք ունենամ։ Տանը շորերս հաճախ թարս ու շիտակ են վրաս։ Ու չասեք՝ խուճապի համախտանիշի մասին։ Խնդիրն այլ է։ Մաշկը շատ քմահաճ է․ կոշտ կար կամ կոպիտ պիտակ չի հանդուրժում։ Այդ պատճառով էլ շորը թարս եմ հագնում։ Մտերիմներս գիտեն դա․ զանգում, ասում են՝ քեզ կարգի բեր, գալիս ենք։ Ինձ ասում են՝ Սիսեռահատիկի վրայի արքայադո՞ւստրն ես, Ավազանային փողոցի ցրվա՞ծն ես։  

ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ # 8

Գլուխ գովել չեմ կարողանում։ Չի ստացվում մարդկանց փոխանցել ուրախությունս, ասել, որ բարի գործ եմ արել, տատիկին օգնել եմ փողոցն անցնել կամ կատվին իջեցրել եմ ծառից։ Ահա այսպիսի անսովոր մարդ եմ։ Արտասովոր տեսակ, ինչպես Ջրհոսի աստղակերպում է գրված, թեև ես Այծեղջյուր եմ։ Տարօրինակ տիպ։ Կարծես հենց իմ մասին ասեն։ Ամեն դեպքում, որոշել եմ պայքարել իմ տարօրինակությունների դեմ։ Հասունացել եմ լոկալ պատերազմի համար։ Ու պատրաստ եմ հենց հիմա գլուխ գովել։ 

Կարդացեք նաև

Տարածել