Նեյմար. երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային ոդիսականը
14 տարեկանում Նեյմարը փորձաշրջան է անցել Մադրիդում՝ Ռեալ տեղափոխվելու համար, սակայն վերջին պահին Սանթոսն ավելացրել է տրանսֆերի գումարը. Ռեալը հրաժարվել է։ Սանթոսում հանդես գալու տարիներին Նեյմարին ցանկացել են գնել ավելի քան 10 ակումբներ։ 2012-ին անգլիական Վեսթ Հեմթը 15 մլն եվրո է առաջարկել. բրազիլական ակումբը մերժել է։
Եվ այդ մերժումը տրամաբանական էր, քանի որ հաջորդ տարում՝ 2013-ին, Սանթոսը ֆուտբոլիստին վաճառեց Բարսելոնային։ Ակումբի փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն շնորհանդեսի ժամանակ վերցրեց խոսափողն ու նշեց՝ Նեյմարն արժեցել է 57 մլն եվրո։
«Սկզբում մենք առաջարկում էինք 40 մլն, բայց գինն աճեց այլ ակումբների հետ մրցակցելու հետեւանքով: Բացի այդ՝ Նեյմարը մեկ տարի շուտ միացավ Բարսելոնային», - ասում է Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
Գործարքի կողմերին մոտ կանգնած աղբյուրները նշեցին, որ Բարսայի նախագահ Սանդրո Ռոսելը թաքցրել է տրանսֆերի իրական չափը։ Ռոսելի՝ փողերի լվացման մախինացիան բացահայտվեց՝ ակումբի նախագահը հրաժարական տվեց... պարզվեց՝ Նեյմարի հայրը, որը նաեւ ֆուտբոլիստի գործակալն է, գործարքից ստացել էր 40 մլն եվրո, որ համաձայնի պայմանագիրը կնքել 1 տարի շուտ, մինչդեռ Նեյմարի ակումբ Սանթոսը ստացել էր ընդամենը 9,5 մլն եվրո։ Ավելի ուշ հայտնի կդառնա տրանսֆերի իրական գինը՝ ոչ թե 57, այլ 95 մլն եվրո։
Կարդացեք նաև.
- Մինչմրցաշարային հատվածը Նեյմարի համար շոկային է դասավորվում
- Տեղի ունեցավ newmag-ի հրատարակած «Նեյմար» գրքի շնորհանդեսը
- Սպորտային բեսթսելլեր. newmag-ը հրատարակել է «Նեյմար» գիրքը
Եվ այդ խելահեղ գումարը վճարող՝ գտնվեց։ Բարսայում անցկացրած չորս տարիներից հետո՝ 2017-ի օգոստոսին հայտարարվեց՝ Նեյմարը Բարսելոնայից տեղափոխվում է Պարի Սեն Ժերմեն։ Սկզբում տրանսֆերը կարող էր չեղարկվել ֆեյր-փլեյի ֆինասնական սահմանափակումների պատճառով։ Լա լիգան, ՈՒԵՖԱ-ն հայտարարեցին՝ դա անհարգալից է մյուս ֆուտբոլիստների նկատմամբ եւ չկա որեւէ ֆուտբոլիստ, որն արժե 222մլն եվրո։
Գործը գլուխ բերելու համար ՊՍԺ-ի շեյխ սեփականատերերը վարձեցին լավագույն իրավաբաններին։ Արդյունքում՝ ՊՍԺ-ն Նեյմարին տվեց 222 մլն եվրո, որ ֆուտբոլիստը Բարսելոնային վճարին իր իսկ հրաժարագինն ու դառնա ազատ գործակալ։ Այդպես՝ ՊՍԺ-ն պայմանագիր կքնեց ազատ ֆուտբոլիստի հետ։
Ֆրանսիայում անցկացրած 2 մրցաշրջանում նա 2 անգամ դարձել է երկրի չեմպիոն, մեկական անգամ՝ գավաթակիր եւ լիգայի գավաթակիր։ Փարիզյան թիմը սակայն չի կարողանում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Ավելին մասնագետների պնդմամբ՝ Նեյմարը ցանկանում է տեղափոխվել իր երազանքների ակումբ՝ Ռեալ Մադրիդ։ Հիմա Նեյմարը 27 տարեկան է եւ կարող է հայտնվել այնտեղ, որտեղ 14 տարեկանում արեց եվրոպական ֆուտբոլի իր առաջին քայլերը։
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում