BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 միտք` Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի»

10 միտք` Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գրքից (տեսանյութ)

newmag-y-n

Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների չորրորդ հատորում մեկտեղված են հոդվածներ, որոնցում հեղինակն ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները: Գրքից

1. Ազատականության արևմտյան ընկալման ամենաայլասերված տարբերակի և արևելյան բռնապետության գերադրական նկրտումների խաչասերումից ծնվեց հրեշը՝ հայաստանյան տիպի ժողովրդավարությունը, որն անսանձելի է դարձել անգամ նրա ստնտու քաղաքական այրերի համար: «Այսպես պետականություն չի կայանում, պարոնա՛յք»:

2. Մենք հազարամյակների պատմություն ունենք, բայց քիչ մնաց՝ 20-րդ դարի սկիզբը մեր հազարամյա տառապանքի վերջին ճիչը դառնար: Հայաստանի այսօրվա քաղաքականությունը ցույց է տալիս, որ տառապանքից դասեր չենք քաղել:  

3. Այո՛, մենք հին և հարուստ մշակույթ ունենք, բայց դրա ֆետիշացումը հանգեցրել է նրան, որ հայ ժողովրդի իդեալը մնացել է անցյալում: Ամեն ինչի լավագույնը տեսնելով անցյալում՝ ինքներս էլ անցյալ ենք դարձել: Նույնիսկ աշխարհը մեզ գնահատում է որպես «արժեքավոր հնություն»:  

4. Հայաստանը գլորվում է ավտորիտարիզմի և նեոգաղութացման անդունդը: Պատմությունը բազմիցս ապացուցել է նման ընտրության կործանարար հետևանքները: Միակ հույսն այն է, որ հայրենիքում ու սփյուռքում դեռ կան առողջ ուժեր, որոնք ի վիճակի են կանխելու իրադարձությունների զարգացման նման ընթացքը: Իսկ եթե ոչ...  

5. Կհասկանաս, որ քեզ ու աշխարհը հարկ է ճանաչել այնպես, ինչպես ստեղծված է: Կհասկանաս, որ Աշխարհին տիրողներն այնու են տարբերվում քեզնից, որ գիտեն Օրենքը, և իրենց բանականությունը ենթարկում են նրա պահանջներին: Եվ մեծամիտ չեն քեզ պես, քանզի գիտեն իրենց ճշմարիտ արժեքը: Իզուր չէ, որ նրանց համար բարձրագույն արժեքները հոգևորությունն ու կամքի ազատությունն են, զի որքան շատ է ազատությունը, այնքան բարձր է հասարակության կազմակերպվածությունը: 

6. Թե պատերազմում ես, զենքդ է ավելանում, թե չես ցանկանում պատերազմել, ծեծելով են ստիպում: Քեզ փորձում են համոզել, որ, եթե գլխիոտ կանգնես ի զեն, ոչ ոք քեզ չի կարող հաղթել: Եվ դու հավատում ես, որովհետեւ 1700 տարի այդպես էլ չհասկացար, որ այդ զենքով չարին չես հաղթի: Դու խորապես համոզված ես, որ վերջին Աշխարհամարտին Գերմանիային զենքով զգետնեցին: Զգետնեցին, իհարկե, զենքով, բայց ոչ՝ քո ենթադրած, այլ Մտածողի գրիչը դեն նետած գերմանացի ժողովրդի ընտրած զենքով: 

7. «Հաց եւ տեսարաններ»: Զանգվածներին կառավարելու հին հռոմեական մեթոդն առայսօր չի կորցրել իր նշանակությունը և շարունակում է մնալ այս կամ այն վարչակարգի հարատևության հիմքը: Նորանկախ պետություններում «հացի» պակասը ստիպում է հիմնական շեշտադրումներն անել «տեսարանների» վրա, ինչը պետք է հնարավորություն տա երկարաձգելու վարչակարգի իշխանությունն այնքան ժամանակ, քանի դեռ զգացմունքային «տեսարաններն» ի վիճակի են փոխհատուցելու ինչպես «հացի» պակասը, այնպես էլ հասարակության մյուս պահանջները: 

8. Ի՞նչ իմաստ ունի «պատերազմ թե՞ խաղաղություն» երկընտրանքի առաջադրումը Հայաստանում, եթե ո՛չ մեկը, ո՛չ մյուսն այսօր մեր կամքից կախված չեն: Ուստի ոչ թե խաղաղություն է պետք պետականության կառուցման համար, այլ ամեն գնով անհրաժեշտ է ամուր պետություն կառուցել՝ խաղաղ ապրելու իրավունքը ձեռք բերելու համար:  

9. Ինչպես Գիրքը հարսանեկան խորովածի խարույկի մեջ այրած ընտանիքը, այնպես էլ տոնական կամ առօրեական խրախճանքներում հոգին մոխրացնելու ձգտող հասարակությունը դատապարտված են սթափվելու և սկզբում անհատական խորքերում, ընդամենը օրեր անց նաև խմբակային պոռթկումի բոհում պատասխան փնտրելու այն միակ պարզ, բայց ոչ պարզունակ հարցին՝ իսկ հետո՞:  

10. Ազգային զարթոնքի էներգիան նախ որկրամոլության, իսկ ավելի ուշ՝ նյութապաշտության պտուտակախաղում մսխելու փուլում, մեծարգո՛ տիկնայք եւ պարոնայք, դուք ծնեցիք իշխանության հանցավոր համակարգը, պաշտպան կանգնեցիք քաղաքական դեմագոգիային, երկրպագեցիք տնտեսական թալանի քրմերին և հոգևոր տգիտության քարոզիչների պահապան հրեշտակները դարձաք: 

Կարդացեք նաև

Տարածել