Գլխավոր Հոդվածներ

Որ քաղաքական դեմքն է դարձել «Արքայի ամբողջ թիկնազո

Որ քաղաքական դեմքն է դարձել «Արքայի ամբողջ թիկնազորը» գրքի գլխավոր կերպարի նախատիպը (տեսանյութ)

newmag-y-n

2021-ի ամենամոնումենտալ գործերից, որ Newmag-ը հրատարակեց, Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» գիրքն է: Այն ամերիկյան լավագույն 50 վեպերից է, 20-րդ դարի լավագույն գրական 100 գործերից: Վեպը իրավաբան Վիլի Ստարկի մասին է, որը դառնում է նահանգապետ։

Հյույի Լոնգը Լուիզիանա նահանգի 40-րդ ղեկավարն է՝ 1928-32 թվակականներին, դեմոկրոտական կուսակցության թերևս ամենահակասական ներկայացուցիչը, որի պոպուլիզմը երբեմն հասնում էր ֆաշիզմի։ Ահա թե ինչ էր նա ասում իր ընտրողներին. «Ամերիկացիների 4 տոկոսին բաժին է հասնում ամբողջ երկրի հարստության 85 տոկոսը։ Իսկ ամերիկացիների 70 տոկոսն իր վարկերը վճարելու փող չունի։ Մեկն ուտում է ամբողջ խորովածը, իսկ 9-ը սոված նայում են նրան»։

Լոնգի քաղաքական արշալույսի շրջանում հենց Լուիզիանայի պետհամալսարանում դասախոսում էր երիտասարդ գրող Ռոբերտ Փեն Ուորենը։ Այս հակասական քաղաքական գործիչը հետաքրքրում էր բոլորին։ Առավել ևս, որ շատ շուտով նահանգապետից դառնում է ԱՄՆ Սենատի անդամ, քննադատում նախագահ Ռուզվելտին ու հանդես գալիս ծայրահեղ ելույթներով: Այդ ելույթներում նա պարբերաբար խոսում էր հարուստներից ու աղքատներից. «125 միլիոնանոց  Ամերիկայում չպիտի լինի ոչ շատ հարուստ, ոչ էլ ծայրահեղ աղքատ, ոչ ոք չպիտի շատ աշխատի, ոչ էլ գործազուրկ պետք է լինի, ոչ դղյակները պիտի դատարկ լինեն ոչ էլ անօթևաններ պիտի լինեն, հասարակությունը չպիտի լինի ոչ իշխանատենչ, ոչ  պառակտիչ, ոչ էլ պատերազմող։ Պիտի լինի օրհնված երկիր, որտեղ հնարավոր լինի սպառել, ուտել, հագնել, որտեղ ամեն ինչ արդար բաժանված լինի բոլորի միջև և ոչ թե ընտրյալների»:

Լոնգի քաղաքական կարիերան ընդհատվում է 1935-ին, երբ նրա քաղաքական մրցակցի ազգականը սպանում է նրան։ Լոնգի սպանությունից 11 տարի անց լույս է տեսնում «Արքայի ամբողջ թիկնազորը վեպը»: Այն ստանում է Պուլիցերյան մրցանակ։ Թայմ ամսագիրը այն ներառում է 20-րդ դարի 100 լավագույն վեպերի ցանկ։ Այն քաղաքականության մասին գրված լավագույն վեպերից է։ Ռոբերտ Փեն Ուորենը, համոզված էր՝ Հիտլերի կամ Ստալինի հաջողության հետևում այլ մարդիկ էին. «Հիտլերը, Ստալինն ոււղղակի ազդեցիկ չէին։  նրանց շրջապատի մարդի՛կ էին նրանց այդպիսին դարձնում։ Այդպես էլ իմ հերոսն է։ Նրա շրջապա՛տը կերտեց նրան և նրա իշխանությունը»:

Վեպը պատմում է իրավաբան Վիլի Ստարկի մասին, որը դառնում է նահանգապետ։ Իրադարձությունները ներկայացնում է Ստարկի համախոհը՝ նրա թիմակից և լրագրող Ջեկ Բարդենը։ Գրաքննադատները հաճախ են վիճում. ի վերջո ում մասին է վեպը՝ արքայի՞՝ Վիլի Ստարկի, թե՞ նրա թիկնազորի՝ հանձին Ջեկ Բարդենի: Ուորենը հետո խոստովանել է՝ չի էլ մտածել, որ Ջեկը այդքան կենտրոնական դեմք կդառնա. «Պարզապես պատմությունը հյուսելու ձայն էր պետք։ Եվ Ջեկը ինձ պետք էր կոնտեքստը փոխանցելու համար։ Բայց երբ սկսում ես գրել, հասկանում ես, որ պատմողը պետք է ներգրավված լինի իրադարձություններին, հակառակ դեպքում, ինչու է հենց նա ներկայացնում պատմությունը։ Այդ պատճառով նա շատ շուտով դարձավ Վիլիի որոշումները բացատրողը։ Ուստի Ջեկի անձնական պատմությունը և հիմնական գիծը դարձան հավասարազոր»։

Այս վեպը իշխանության գալուց հետո մարդու վերափոխման, լավ նպատակներին հասնելու գնի մասին է։ Արքայի ամբողջ թիկնազորը ամերիկյան համալսարաններում թերևս ամենաշատ քննարկված վեպերից է. այն ուսումնասիրում են և բանասերները և գրականագետները և քաղաքագետները։ Քաղաքագիտության դասախոս Ռեյմոնդ Հոպկինսի բնորոշմամբ, այս գրքից կարելի է անել 4 եզրակացություն. «Առաջին. պատմությունը հարստացնում է գրականությունը։ Հիշենք, որ գլխավոր հերոսի իրական նախատիպը Հյուի Լոնգն է։ Երկրորդը՝ մարդը չի կարող լինել լավը կամ վատը։ Այն երկուսի մեջտեղում է։ Երրորդը՝ քաղաքականությունը միշտ կեղտոտ է և չորրորդը՝ չկա չարիք առանց բարիք։ Հավանաբար»։

Ըստ Յեյլի համալսարանի դասախոս Դեյվիդ Բլայթի, Ուորենի հերոսները դրական չեն, բայց բացասական էլ չեն։ Նրանք տարբեր տարիների տարբեր հանգամանքներում գործող, տարբեր որակներով մարդիկ են։ Հետևաբաև, հնարավոր չէ նրանց դատել, բայց հասկանալ՝ կարելի է. «Ուորենին գրավում էր ողբերգությունը, բայց ոչ թե որպես գրական ժանր, այլ որպես մարդու էության անխուսափելի կոնցեպտ։ Նրա համար բարին ու չարը պարզունակ բաժանում էր,  ողբերգությունն էլ ուղղակի թեմատիկ ընտրություն չէր, այլ հանքաքար, որից կարելի է գրական արվեստ կերտել »։

Մի բան է ակնհայտ. «Արքայի ամբողջ թիկնազորը» խելամիտ և հասուն ընթերցողի համար է։ Դալլասում մի դպրոցում այն արգելվել էր «կյանքը ճնշող լույսով ներկայացնելու և անբարոյական իրավիճակները վերհանելու ձևակերպմամբ»։ Ուորենի երկրպագուներն արձագանքել էին. իսկ ով է խոստացել, որ կյանքը հեշտ է լինելու, ճշմարտությունը՝ դյուրամարս։

Կարդացեք նաև

 

Տարածել