Աննա Աստվածատուրյան Թերքոթ. Ադրբեջանն աննկարագրելի փողեր է ծախսում հայի կերպարն ապամարդկայնացնելու և հայատյացություն քարոզելու վրա (լուսանկարներ)

March 3, 2023

Ամերիկացի գրող, իրավաբան և հասարակական գործիչ, Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» կենսագրական գիրքը փախստական աղջկա հայացքն է Բաքվի հայ բնակչության դեմ ադրբեջանցիների վայրագություններին, որոնք տարբեր կերպ դրսևորվել են 1988-1992թթ. Ադրբեջանում հայկական ջարդերի ժամանակ: 2022-ին այն Newmag-ը թարգմանեց ու հրատարակեց հայերեն: Ձեզ ենք ներկայացնում հատվածներ գրողի՝ 168TV-ի «Ռեվյու» հաղորդման հարցազրույցից:

Բաքվի դեպքերից հետո Աննա Աստվածատուրյան Թերքոթն ընտանիքի հետ ստիպված է եղել բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ փախստականի կարգավիճակով։ 2015թ. նա ընտրվել է Մեյն նահանգի Վեսթբրուք քաղաքի քաղաքային խորհրդի անդամ և վճռորոշ ներդրում է ունեցել Մեյն նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում:

  

Գրողի պապը 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել է թուրքական յաթաղանից։ 75 տարի անց նրա ընտանիքը կրկին փորձում էր փրկվել այդ յաթաղանից արդեն Բաքվում. «Ադրբեջանում հակահայկական տրամադրություններն ու հայատյացությունը նոր երևույթներ չեն։ Բաքվի հայերը միշտ են «իմացել իրենց տեղը: Հայատյացությունը հատկապես զգացվում էր մարզերում, գյուղերում: Այնտեղ գնացքով ճամփորդելիս հայերն իրենց երեխաներին նստեցնում էին պատուհանի մոտ, իսկ իրենք նստում էին եզրին, քանի որ եղել են դեպքեր, երբ ինչ-որ ադրբեջանցի կողքով անցնելիս կարող էր դանակով խփել հայ երեխային: Չգիտեմ՝ սա նրանց գեներո՞ւմ է դրված, թե՞ ոչ, բայց այսօր էլ Ադրբեջանի կառավարությունն աննկարագրելի փողեր է ծախսում հայի կերպարը ապամարդկայնացնելու և հայատյացություն քարոզելու վրա»:

   

Աննա Թերքոթ Աստվածատուրյանը պատմել է նաև Վաշինգտոնում իր «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքն անգլերեն հրատարակելուց հետո ստացած բազմաթիվ սպառնալիքների մասին. «Ինձ հունից հանեց, որ լինելով ամերիկացի՝ ինչ-որ պահի զգացի այդ նախկին վախը: Մանկությունս կործանած հակամարտությունը շարունակվում է։ Ես ինձ նվիրել եմ այս գործին, բոլորին պատմում եմ Բաքվի հայերի ճակատագրի մասին, անում եմ դա և տեսնում եմ, որ դա օգնում է»:

                                                              

Նա խոսել է նաև իր ստեղծած «Սեր, Արցախ» հիմնադրամի մասին, որի գործունեությունն ուղղված է մասնավորապես օգնելու այսօր Արցախում ծնվող երեխաներին և նրանց մայրերին. «Այս հերոսական մարդիկ մնացին իրենց հողում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք մնան այնտեղ, սկսեն տեսնել ապագան: Իսկ ապագան երեխաներն են: Մեր հիմնադրամն արցախցի յուրաքանչյուր ծննդաբերող կնոջն ուղարկում է նվերների այնպիսի փաթեթ, որն անհրաժեշտ է երեխային առաջին ամիսներին: Եվ այն ամենը, ինչ ներառված է փաթեթում, արտադրված է Հայաստանում կամ Արցախում»:                                                                        

Կարդացեք նաև