Աննա Աստվածատուրյան Թերքոթի բացառիկ հարցազրոյցը՝ Голос Армении-ին (լուսանկարներ)

November 3, 2022

Հայկական արմատներով ամերիկացի գրող, իրավապաշտպան, հասարակական-քաղաքական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթը գրքարշավի շրջանակներում հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին: Ներկայացնում ենք Голос Армении-իի անդրադարձն Աննա Աստվածատուրյանի հայաստանյան այցին: Զրույցի ընթացքում հեղինակը պատմել է, որ մտադիր է իր օրագրերը փոխանցել Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին, որպեսզի նպաստի Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերի ջարդերի վերաբերյալ փաստագրական արխիվը համալրելու գործին:

Անգլերեն, ռուսերեն թարգմանություններից հետո, Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի առաջարկով ու նախաձեռնությամբ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը հրատարակվեց նաև հայերեն: Առաջին դեմքից հեղինակը պատմում է Բաքվի հայերի ջարդերի մասին, որոնց ականատեսն է եղել հենց Աննա Աստվածատուրյանը: Գիրքը նաև հայերեն թարգմանելու կարևորությունը Աննան հասկացավ հատկապես Արցախյան երրորդ պատերազմից հետո։

"Голос Армении"-ի հարցազրույցի ժամանակ Աստվածատուրյան Թերքոթը նկատել է՝ այսօր Բաքվից, Սումգայիթից և Ադրբեջանի այլ բնակավայրերից հայ փախստականների մեծ մասը, որոնք 20-րդ դարավերջին ենթարկվել են ջարդերի, անցել են դժոխքի միջով ու չեն ցանկանում հիշել անցյալը։ Բայց հենց լռելու պատճառով այսօր արցախցիներն ու ամբողջ հայ ժողովուրդը հերթական անգամ անցնում է Ալիևի իշխանությունների կազմակերպած ցեղասպանության միջով։

Հեղինակը գրքի միջոցով ցանկանում է՝ հնարավորինս շատ մարդիկ իմանան իր ընտանիքի պատմությունը։ Այն նման է 1915-ի Ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայ ընտանիքների պատմություններին, որի մասին աշխարհը դեռ լռում է։ Ըստ Աննայի՝ Բաքվի, Սումգայիթի և Ադրբեջանի այլ քաղաքների հայ բնակչության ջարդերի մասին պետք է իմանա համաշխարհային հանրությունը:

   

Հրատարակությունը Աննայի անձնական օրագրի հիման վրա գրված հուշագրություն է, որտեղ ներկայացված են ողբերգական իրադարձությունները, Բաքվում հայերի զանգվածային բնաջնջումները. «Ես ընդամենը 11 տարեկան էի, երբ հայերի ջարդերը սկսվեցին Սումգայիթում, հետո Բաքվում։ 14 տարեկանում տատիկիս խորհրդով սկսեցի օրագիր պահել, որպեսզի ինչ-որ կերպ ազատվեմ ընտանիքիս և մյուս հայ ընտանիքների ապրած սարսափներից, որոնք տանջում էին ինձ»:

ԱՄՆ-ում գրքի հրատարակումից երկու ամիս անց Աննա Աստվածատուրյան Թերքոթը Կոնգրեսում ելույթ ունենալու հրավեր ստացավ. «Դա իմ առաջին հրապարակային ելույթն էր կոնգրեսականների առջև: Ես հասկացա, որ ԱՄՆ-ը գործնականում չգիտեր ոչ միայն Բաքվի, Սումգայիթի և այլ քաղաքների դեպքերի մասին, որտեղ էթնիկ ջարդեր են իրականացվել հայերի դեմ, այլև Արցախի մասին։ Որոշեցի ակտիվացնել արշավը՝ 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելով։ Ճամփորդեցի ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքներով, որտեղ ներկայացրեցի իմ գիրքը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց հայերի, ամերիկացիների և եվրոպացիների շրջանում։ ԱՄՆ-ի հայկական և ամերիկյան բազմաթիվ դպրոցների աշակերտներ ծանոթացան գրքում ներկայացված ողբերգական իրադարձություններին, փաստացի նյութին»։

  

Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Աննան նախաձեռնել էր Թալին քաղաքում ծառատունկ և անտառապատ տարածք հիմնել, այստեղ հիմնել հուշահամալիր. «Հիմնեցի «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը, որի շրջանակներում այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Հիմնադրամ մուտքագրվող միջոցների կեսը գալիս է ոչ հայ դոնորներից։ Օրինակ՝ Թալինում ծառատունկի ծրագրին աջակցել են օտարերկրացիները, ովքեր պատրաստ էին օգնել լուծելու Հայաստանի բնապահպանական խնդիրները»:

Այսօր Աննա Աստվածատուրյան Թերքոթը նախագահում է ԱՄՆ Մեյն նահանգի Ուեսթբրուկի քաղաքային խորհուրդը։ Ինչպես ինքն է խոստովանել, մի օր, վերադառնալով Արցախից, հասկացել է, որ շատ ավելին գիտի, թե ինչ է կատարվում Արցախում, քան այն դպրոցի խնդիրները, որտեղ սովորում են իր երեխաները։ Դա ստիպեց նրան առաջադրվել քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում և, հաղթելով երկու հակառակորդների, ընտրվեց, ապա երկու անգամ վերընտրվեց այս մարմնի ղեկավարի պաշտոնում:

   

Աննան հարցազրույցի ընթացքում պատմել է, որ մտադիր է իր օրագրերը փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերի ջարդերի վերաբերյալ տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով:

Հոդվածն ամբողջությամբ՝ Анна АСТВАЦАТУРЯН-ТЕРКОТТ: «Я НАМЕРЕНА ПЕРЕДАТЬ СВОИ ДНЕВНИКИ МУЗЕЮ ГЕНОЦИДА»

Կարդացեք նաև