Տեղի ունեցավ «Խաղաղության հայկական գինը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

March 6, 2023

Ի՞նչ գին ունի խաղաղությունը կամ թվացյալ խաղաությունը հայերի համար: Ինչ արժեցավ հայերին ու ամբողջ տարածաշրջանին խաղաղության կույր ձգտումը: Քաղաքական ի՞նչ վայրիվերումներ էին տարածաշրջանում 20-րդ դարի երրորդ տասնամյակին ու ո՞րն էր մեր դերը: Այս հարցերի պատասխանները կգտնեք Նաիրա Սահակյանի հեղինակած՝ «Խաղաղության հայկական գինը» աշխատությունում, որի հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի եթերում։

Ռոմանովների ցարական ընտանիքի մահապատիժը՝  նեթֆլիքսի սերիալում։ Ճիշտ ինչպես իրական պատմության մեջ՝ ինտրիգային, մութ և խորհրդավոր ժամանակների ազդականչով:Անդրկովկաս. կայսրությունների մայրաքաղաքներից հեռու, տարբեր էթնիկ ու կրոնական խմբերով, ազդեցիկ ազգային ու կրոնական առաջնորդներով, հակադիր ուժերի դիրքավորումներով՝ պատերազմի ու վրա հասած հեղափոխության քաոսի մեջ: Գիրք-հետազոտություն այն որոշումների մասին, որոնք գծեցին ապագա Հայաստանը քարտեզի վրա:

                                      

«Խաղաղության հայկական  գինը» 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանի ճակատագրի մասին էր և Արևելյան Հայաստանի կարգավիճակի, հիմա՝ Արցախի կարգավիճակ և նորից Հայաստանի Հանրապետության ճակատագիր: Գրքի հեղինակ Նաիրա Սահակյանը 100 տարի անց կարևոր հարցեր է բարձրացնում․ «Մենք ինչի՞ գնով ենք գնում խաղաղության: Արդյոք դա լինելո՞ւ է հերթական կորուստների գնով մեկ, երկու կամ երեք տասնամյակի խաղաղությունը, որը երկու կամ երեք տասնամյակ անց նորից վերանալու է և մենք նորից ստիպված ենք զիջումների գնալ, թե՞ հիմա պետք է որոշակի չափով, ինչպես ասում են գոտիներս ձգենք»։

  

«Խաղաղության հայկական գինը» Մինասյան մատենաշարի 3–րդ գիրքն է։ Արդեն լույս տեսած նախորդ երկու գրքերն են «Փախուստ Էրգրիցը»՝ Ցեղասպանությունից հետո Օսմանյան Թուրքիայում մնացած հայերի ճակատագրի մասին և «Օպերացիա «Զոդը»»՝ ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը։ Մատենաշարի գիտական ղեկավար Վահրամ Տեր-Մաևոսյանը շեշտում է հատկապես մատենաշարի գրքերի վերնագրերը․«Newmag-ի խմբագրությունը կարողանում է այնպես ձևակերպել վերնագրերը, որոնցով գրքի արդիականությունը չկորի և այդ առումով այս գիրքը ևս բացառություն չէր: Որն է խաղաղության գինը: «Խաղաղության հայկական գինը» դա ազգային շահերը սահմանելն է, դա այն գինն է, որը մենք պետք է պատրաստ լինենք վճարել մշտապես, ցանկացած հանգամանքում, ցանկացած համատեքստում»։

  

Արևմտյան ակադեմիական բոլոր չափանիշներին համապատասխան՝ այս գիրքը կարող է գրավել ամենաբծախնդիր ընթերցողի ուշադրությունը: Հատուկ ուշադրության են արժանի աշխատության սկզբնաղբյուրները: Հեղինակը դիտարկել է ժամանակի հայկական մամուլը: Ինչպես նշում է գրքի խմբագիր Գնել նալբանդյանը, հենց մամուլն էր արտահայտում ժամանակի քաղաքական գաղափարախոսությունը․ «Մտավորապես 100 տարի առաջ, մի քիչ ավելի, մամուլն այն հայելին էր, որն արտահայտում էր հասարակության տրամադրությունները, որովհետև մամուլն արտահայտում էր ոչ թե պարզապես ժողովրդի պատկերացումները, մամուլը կապ չի ունեցել ժողովրդի հետ և այսօր էլ կապ չունի, այլ արտահայտում էր քաղաքական հոսանքների պատկերացումները, քաղաքական լիդերների պատկերացումները, քաղաքական մտածելակերպն էր ներկայացնում»։

  

100 տարի առաջ հայ մտավորականները սկսում են Կովկասյան Հայաստանն ընկալել ոչ թե որպես կիսակայարան՝ մինչև Արևմտյան Հայաստանում ազգային պետության վերականգնումը, այլ որպես պատմական Հայաստանի երկու հիմնական մասերից մեկը, որից նույնպես կարող է սկիզբ առնել պետությունը: Գրքի գրախոս Անահիտ Քարտաշյանն առաջին անգամ պատմում է իր տպավորություններից, երբ առաջին անգամ կարդաց այն․ «Բավական տպավորված էի, որ գիրքը ոչ միայն լոկալ կոնտեքստ է ներկայացնում, այլ փորձում է ընդհանուր մեծ պատկերի մեջ տեղադրել իրողությունները»։

 

Ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ գլխավոր հարցը խաղաղությունն է՝ ի՞նչ գնով, ինչի՞ հաշվին և ո՞ւմ շնորհիվ։ Ի՞նչ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Եվ Ռուսաստանն ինչ հարաբերություն կկառուցի մեզ հետ։ Եվ ի վերջո, Հայաստանը պետք է լինի ազգայի՞ն պետություն, թե՞ ժամանակակից, եվրոպակա՞ն կողմնորոշմամբ, թե՞ ռուսական, հարևանների հետ ի՞նչ հարաբերություններ պիտի կառուցի, և ո՞վ կերաշխավորի այդ ընտրությունը։ Այս գրքի և վերջին 100 տարվա գլխավոր հարցը նույնն է. որտե՞ղ, ո՞ր պահին սխալվեցինք և ինչո՞ւ ենք անում նույն սխալները։

Կարդացեք նաև