«Ավրորան-2021»՝ ի հիշատակ կազմակերպության հիմնադիր Վարդան Գրիգորեանի (տեսանյութ)

April 26, 2021

Ապրիլի 24-ին Մատենադարանում «Ավրորան» անցկացրեց հատուկ միջոցառում, որի ընթացքում ներկաները նախ հարգեցին մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ ու մեծ մարդասեր Վարդան Գրիգորեանի հիշատակը, որին հաջորդեցին նրան նվիրված մի շարք ելույթներ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2021 թվականի հավակնորդ 5 հերոսների անունները:

Ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, մանկավարժ ու խորհրդատու Վարդան Գրիգորեանը, լինելով ցեղասպանության, խտրականության և հետապնդումների վերացման գործի հանձնառու, իր կարեկցանքով ու վճռականությամբ ոգեշնչված, բոլորի համար դարձել է ուսուցիչ: Նրա «Տուն տանող ճանապարհը» հուշագրության մեջ անդրադարձել է նաև  «Ավրորային», նախաձեռնության կարևորությանն ու եզակիությանը:

Ըստ «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, «Ավրորան»  մանդատ է, որի միջոցով օգնություն է ցուցաբերվում այլ մարդկանց. «Սա միջազգային մրցանակաբաշխություն է, որի շնորհիվ աշխարհին հայ ազգի կողմից երախտիքի խոսք ենք ուղղում: Մենք հաճախ քննարկում էինք Գրիգորեանի հետ, թե ինչպես այս ամենի մեջ պահպանեն հայկականը: Մենք հասկանում էինք, որ չէինք կարող անտարբեր գտնվել նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և երբ Արցախում տեղի ունեցավ պատերազմը, ասացինք, որ «Ավրորան»  աշխարհի համար է, բայց Հայաստանն ու Արցախն էլ աշխարհի մի մասն են, և մենք պետք է արձագանքենք այն ամենին, ինչ տեղի է ունենում»:

Մարդասիրական նախաձեռնությունը հայատարարեց 2021 թ. հինգ հերոսների անունները, որոնց ընտրել է «Ավրորա» մրցանակն Ընտրող հանձնաժողովը՝ նրանց խիզախության, նվիրվածության եւ ազդեցության համար:

Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին իր խոսքում կարևորեց մարդասիրական այս նախաձեռնության առաքելությունը. «Ինձ համար մեծ պատիվ է ճանաչման արժանացնել ամբողջ աշխարհից ընտրված այս ականավոր կանանց ու տղամարդկանց: 2021 թ. «Ավրորայի» հերոսներն անհատներ են, որոնք իսկապես հավատում են մարդու հիմնարար իրավունքներին և իրենց կյանքը նվիրել են անբարենպաստ վայրերում գտնվող մարդկանց օգնելուն»:

Կարդացեք նաև

Ավանդույթի համաձայն, 2021 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են «Մատյան մարդասիրաց» 21-րդ դարի եզակի ձեռագիր-մատյանում, որը մարդասիրական այս նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է: Հերոսներից մեկը կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ կկարողանա շարունակել նվիրատվության շղթան՝ մեկ միլիոն դոլար մրցանակը բաժանելով այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքավորներին: