Newmag-ի հեղինակը՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն

June 13, 2022

Newmag-ի հեղինակներից՝ Արսեն Բոբոխյանը դարձել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն: Նա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում այդ պաշտոնում ընտրվել է միաձայն: 2022-ին Արսեն Բոբոխյանն ու Ավետիս Գրիգորյանը համատեղ ներկայացրեցին «Օպերացիա «Զոդ»» գիրքը, որը մեծ արձագանք ստացավ ընթերցողների շրջանում ու միանգամից սպառվեց։ Գիրքը հրատարակվել էր Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Մինասյան» մատենաշարով։ Գիտնականները մինչև այդ հիմնադրամից ստացել էին դրամաշնորհ՝ պեղումների և գիտական աշխատանք իրականացնելու համար։

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտը համոզված է՝ պետք է արդիականացնել ինստիտուտի կառուցվածքը, որ աշխատակիցները գնահատվեն և վարձատրվեն ըստ իրենց արժանիքների. «Մենք նպատակ ունենք նոր մոտեցումներով և գործելակերպով ամրապնդել գիտություն-կրթություն, գիտություն-հասարակություն, գիտություն-տնտեսություն կապերը, նպաստել հայաստանյան գիտական մտքի և մշակութային արժեքների ուսումնասիրության միջազգայնացմանն ու միջազգային համագործակցությանը, պատրաստել երիտասարդ կադրեր՝ ապահովելով սերնդափոխության բնականոն ընթացք, ակտիվացնել կապերը Հայաստանում գործող նույն ոլորտի կազմակերպությունների հետ»:

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Բոբոխյանը կրթությունը շարունակել է Մյունխենի և Թյուբինգենի համալսարաններում։ Թյուբինգենում պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի գիտական կոչում։ Բոբոխյանն իր փորձը ներդնելով՝ պատրաստվում է ինստիտուտը դարձնել ավելի մրցունակ՝ ազգային և հատկապես միջազգային մակարդակներում. «Ավելացնել հրապարակումները բարձր վարկանիշ ունեցող հրատարակչություններում և հանդեսներում, ընդլայնել անհրաժեշտ շենքային պայմանները և հայթայթել դրանց համապատասխան գույքն ու սարքավորումները, կիրառական դարձնել ինստիտուտի գիտական արտադրանքը և կապիտալիզացնել այն՝ նպաստելով պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը»։

 

2022-ին Արսեն Բոբոխյանը՝ Ավետիս Գրիգորյանի հետ համատեղ և Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի աջակցությամբ հրատարակեցին «Օպերացիա «Զոդ»» աշխատությունը։ Այս գրքում հեղինակներն առաջին անգամ նոր փաստական տվյալների հիման վրա ներկայացրել են Սևանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումների պատճառները, ժամանակագրությունը, հետևանքները։

 

Համակողմանիորեն քննարկելով «Զոդ» օպերացիայի ռազմաքաղաքական ու պատմամշակութային նշանակությունը՝ հեղինակներն իրականացրել են բացառիկ  հետազոտություն, օգտագործել ոչ միայն պատմական-արխիվային, այլև հնագիտական ու բանագիտական տվյալներ։ Նրանք հատուկ այս գրքի համար հնագիտական պեղումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հավաքելեն ականատեսների ու նրանց ժառանգների վկայությունները և այդ դեպքերին առնչվող ժողովրդական երգերը։

Կարդացեք նաև

Գրքի հարցադրումները չափազանց արդիական են հենց այսօր ու ոչ միայն նեղ մասնագիտական, այլև քաղաքականությամբ, պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող ընթերցողների համար: «Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: