Ֆերնանդո Արամբուրու՝ գրական գլխավոր դեմքն Իսպանիայում (տեսանյութ)

August 12, 2022

Իսպանացի գրող Ֆերնանդո Արամբուրուն տասնյակ վեպերի, բանաստեղծական ժողովածուների հեղինակ է: Նաև մանկագիր է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ 1985-ից ապրում է Գերմանիայում, որտեղ դասավանդում է իսպաներեն։ Գրականության մասնագետը սովորել է Սարագոսայի համալսարանում։ Արամբուրուին համաշխարհային ճանաչում է բերել «Հայրենիք» վեպը, որը հայերեն է թարգմանել Newmag-ը: 2016-ին լույս տեսած գիրքը դարձել է վերջին տարիների գրական գլխավոր իրադարձությունը Իսպանիայում։

Ֆերնանդո Արամբուրուն ունի գրելու իր ոճն ու կանոնները։ Նոր ստեղծագործություն գրելուց առաջ կայացնում է տեխնիկական կարևոր որոշումներ, հետո անցնում գործի. «Գրելուց առաջ ես լուծում եմ լեզվաբանական խնդիրներ, ինքնս ինձ տալիս եմ հարցեր։ Միշտ չէ, որ գրում եմ նույն լեզվով։ Տեքստից բխում է լեզվաբանական առանձնահատկությունը, մեղեդին, ռիթմը։ Սրանք տեխնիկական հարցեր են, որոնք պետք է լուծվեն նախքան գրելը»։ 

63-ամյա գրողը կյանքի կեսն ապրել է Գերմանիայում, որտեղ դասավանդել է իսպաներեն։ Համաշխարհային հռչակ ձեռք է բերել վերջին տարիներին, հենց «Հայրենիք» գրքի շնորհիվ, որը նրա 10-րդ ստեղծագործությունն է. «Ես հաջողության հասա ճիշտ ժամանակին։ Մի տարիքում, երբ հաջողությունը վայելում ես՝ հողից չկտրվելով. Ես շատ գոհ եմ»։

                                                    

Արամբուրուն տարակուսում է, երբ իրեն դասում են մեծ գրողների շարքին։ Շեշտում է, որ ընդամենն իր պարտքն է համարում ի ցույց դնել հարազատ համայնքի ու ժողովրդի սոցիալական չերևացող խնդիրները, որոնք անտեսելը կարող է հանգեցնել ողբերգությունների. «Ինձ համեմատում են Բենիտո Պերես Գալդոսի, Լև Տոլստոյի հետ, բայց այս դասականների մոտ ես կարծես մուկ լինեմ՝ փղերի կողքին»:

Գրականագետները Ֆերնանդո Արամբուրուին համարում են ժամանակակից իսպանական գրականության ամենաառանցքային մի քանի դեմքերից մեկը։

Կարդացեք նաև