Տեղի ունեցավ «Մարող լույսի ժամանակներում» գերմանական բեսթսելլերի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Մեծ գերմանական վեպն՝ արդեն հայերեն: Newmag-ը հրատարակել է ժամանակակից գերմանացի գրող Օյգեն Ռուգեի «Մարող լույսի ժամանակներում» վեպը: Սա հեղինակի առաջին գիրքն է: Բեռլինի պատի փլուզումից 20 տարի անց նա պատմել է գերմանացի մի գերդաստանի 4 սերնդի պատմությունը:
«Մարող լույսի ժամանակներում» վեպը թարգմանվել է Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի հրատարակչական դրամաշնորհով: Մրցույթն անցկացվում է 10 տարուց ավելի, և Newmag-ն առաջին հայկական հրատարակչությունն է, որ հաղթել է: Գրքերից՝ Օյգեն Ռուգեի վեպն ընտանեկան սագա է, գլխավոր հերոսները՝ չորս սերնդի տղամարդիկ՝ հայրեր ու որդիներ: Ինքնակենսագրական վեպ՝ պատմական աշխատության մոտիվներով՝ նկարագրում է գրքի խմբագիր Աննա Բախշյանը. «Պատմությունը սերունդների մասին է, կապիտուլիացիայի ենթարկված ու մասնատված Գերմանիայի մասին: Չորս տղամարդիկ են՝ պապ, հայր, որդիներ ու թոռ: Ընտանեկան վեճեր, սկանդալներ, հայրեր-որդիներ հավերժական թեման»:
Ընտանիք, որն ապրում է պատից այն կողմ: Փոքր ընտանիքի պատմությունը՝ մեծ պատմական իրադարձությունների ֆոնին: Ըստ գրականագետ Արա Առաքելյանի, «Մարող լույսի ժամանակներում» վեպը լավագույններից մեկն է այսօրվա եվրոպական գրականությունից. «Բացի անձնականից, լուրջ քաղաքական շերտ է բերել գրականություն. ինչպես են միավորել երկու Գերմանիաները՝ հոգեբանական, էթնիկական տեսանկյուններից: Ռուգեն լավագույնս ներկայացրել է դրանք»:
Հայերեն հրատարակության մեջ Newmag-ի խմբագրակազմը վեպի հերոսներին ներկայացրել է տոհմածառ-ինֆոգրաֆիկայով՝ խճճված ու բարդ ընտանեկան կապերն ընթերցողին ավելի պարզ ցույց տալու համար` ընդգծում է թարգմանության նախագծի համակարգող Զոհրաբ Հարոյանը. «Գիրքը ներկայացնում է ԳԴՀ վերնախավը: Քիչ կա գրականություն, թե ովքեր են եղել կոմունիստ գերմանացիները: Պարտվելուց հետո, ԳԴՀ-ն ղեկավարում էին ռուսները, բայց դա այդպես չէ: Վիլհելմը, պապը, հենց կոմունիստ գերմանացի է: Նրա կերպարով ներկայացվում են իրական գերմանացիները»:
Ընտանեկան պատմություն, որի միջոցով հեղինակը ներկայացնում է Արևելյան Գերմանիայի պատմությունը՝ հասնելով, մինչև փլուզում՝ ընտանիքի ու սոցճամբարի, ընտանեկան կապերի ու արժեքների, անձնական ու քաղաքական հարաբերությունների: Գրքի թարգմանիչը Մարիամ Գուրզադյանն է, նրա առաջին թարգմանական աշխատանքն է. «Գերմաներենը ողողված է ռուսական առոգանությամբ, կրկնվող արտահայտություններ էլ կան: Գերմաներենում լատինատառ ռուսերենն է ու այդպես էլ պահպանել ենք հայերեն տարբերակում»:
«Ստեղծարար Եվրոպա» ծրագրի նախագծով Newmag հրատարակչությունը կթարգմանի ու կհրատարակի վեց գիրք: Ինչպես Օյգեն Ռուգեի «Մարող լույսի ժամանակներում» վեպը, մյուսներն էլ Եվրոպական միության տարածքում գրված լավագույն ժամանակակից վեպերն են:
Կարդացեք նաև
- Newmag-ը հաղթել է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մրցույթում. կթարգմանվի եվրոպական 6 մրցանակակիր, ժամանակակից վեպ
- «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակում Newmag-ը ներկայացնում է գերմանական մեծագույն վեպ. «Մարող լույսի ժամանակներում» գիրքը (թրեյլեր)
- Newmag-ն ազդարարեց «Ստեղծարար Եվրոպայի» հրատարակչական ծրագրի մեկնարկը. Ներկայացվել է հյուսիս-եվրոպական երկու բեսթսելլեր (տեսանյութ, լուսանկարներ)