[Ամփոփիչ] 2021-ի Newmag-ի 3 հուշագրություններն ամենատաղանդավոր հայերի մասին
Հուշագրություններն ամենամոտիվացնող, ջերմ ու հետաքրքիր պատմություններով լի գրական գործերն են, որոնք արագ գտնում են իրենց ընթերցողին ու դառնում տարվա սիրելի գրքերը: Հենց այդպիսին էին 2021-ի մեր այս ոճի գրքերը: Newmag-ն այս տարի ներկայացրեց Վարդան Գրգորեանի
Ամերիկահայ ամենահայտնի մտավորականի՝ Վարդան Գրիգորեանի ինքնակենսագրությունը հայ ընթերցողի համար դարձավ մոտիվացիայի իրական աղբյոր: «Տուն տանող ճանապարհը» գրքի թարգմանության ու հրատարակման գործին մասնակցել է նաև Վարդան Գրիգորեանը՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի: Գրքի հրատարակումից ամիսներ անց Գրիգորյանը հեռացավ կյանքից: «Տուն տանող ճանապարհը» թավրիզցի մի տաղանդավոր հայ տղայի պատմություն է, որը Ամերիկա է գալիս, արագ ավարտում համալսարանն ու ասպիրանտուրան, պատմություն դասավանդում, հրթիռի արագությամբ մեկը մյուսի ետևից գիտական աստիճաններ ձեռք բերում, հետո Նյու Յորքի հանրային գրադարանը մեն-մենակ փրկում է մոռացումից: 1997 թվականից ի վեր Վարդան Գրիգորեանը նախագահել է «Քարնեգի» հիմնադրամը: Գիրք նաև ակադեմիական շրջանակների համար է՝ ինչպես հայթայթել գումարներ բուհի, կրթական-գիտական կենտրոնների համար, այնպես, ինչպես անում էր Գրիգորեանը:
2021-ին Newmag հրատարակչությունը հայերեն ներկայացրեց Ազնավուրի գրական 2 ժառանգությունը՝ «Հայրս՝ այդ հսկան» ու «La Bohème. Անցած օրեր» գրքերը: Սերեր, ընկերներ, բոհեմ, Հոլիվուդ ու Հայաստան. «La Bohème. Անցած օրեր» հուշագրությունում նա պատմում է զավեշտալի ու դրամատիկ, անսապասելի ու հուզիչ հուշեր՝ անցած օրերի, սիրելի ընկերների ու անմոռաց սերերի մասին: Սա Ազնավուրի վերջին ու գլխավորն է՝ ամենածավալուն ինքնակենսագրականը, հաստափոր մատյան՝ բացառիկ հուշերով, այն ամբողջացնում է ազնավուրյան ամբողջ փազլը: Սա Ազնավուրի առաջին գիրքն է ինքնակենսագրական ժանրում, և այս աշխատանքից հետո նա, ասես, հասկացավ, որ գրելով ասելիք ունի, ու սկսեց գրքեր գրել: Գիրքը, քնքշանքով ու ամեն բառը կարևորելով, թարգմանել էր դիվանագետ-թարգմանիչ Համլետ Գասպարյանը: Սա դարձավ նրա վերջին թարգմանական գործը. գրքի շնորհանդեսից օրեր առաջ թարգմանիչը կյանքին հրաժեշտ տվեց:
Newmag-ի 2021-ի հուշագրություններից է «Մյունխեն. վերջին կայարանը»: Այն վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն է` հիմնված իրական դեպքերի ու ժամանակի նշանակալի իրադարձությունների վրա։ Գրքի հեղինակը ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանն է, ով կյանքից հեռացավ անցած տարի: Ցեղասպանությունից մազապուրծ ներգաղթյալների համեստ ընտանիքում ծնված ու մեծացած Ռիման իր բնատուր ունակությունների, աշխատասիրության ու նպատակասլացության շնորհիվ կերտել է հեղինակավոր մանկավարժի ուսանելի կենսագրություն։
Մանկավարժին բնորոշ հոգատարությամբ, նա գրի է առել իր ժամանակաշրջանի մարդակային պարզ ու մնայուն հիշողությունները: Խաչատրյանը համոզված էր՝ ամենայն լավագույնը կյանքում ստեղծվում է անասելի տառապանքով: Իր «Մյունխեն. վերջին կայարան» գործում հերոսների ու պատմությունների միջոցով կարելի է տեսնել այս մտքի ապացույցները: Գիրքն արտացոլում է հայաստանցու կենցաղն ու մտորումներն անցած դարի երկրորդ կեսին և վերջին երկու տասնամյակում։ Ամբողջությամբ հագեցած է աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ։
Կարդացեք նաև