Որտե՞ղ և ինչպե՞ս է ծնվել Վահան Իշխանյանի վերջին՝ «Դառը ծով» գրքի գաղափարը

October 31, 2023

Լրագրող, գրող Վահան Իշխանյանը կյանքի վերջին տարիներին ապրում էր Կանադայում, որտեղ էլ հենց գրել է վերջին գիրքը։ Այդ ընթացքը համընկավ ծանր հիվանդության հետ։ Ու գործը դարձավ նրա ամփոփիչ աշխատանքը, որտեղ և հավաքեց անցյալում գրված էսսեներն ու հոդվածները: Նա անձնական կյանքից բացի, ներկայացրել է գաղափարական հակասականությունները։ Գրքի անունն էլ՝ «Դառը ծովը», կոչել է այն սրճարանի անունով, որտեղ գրել է գործը։ Նրա կինը՝ Եվա Հակոբյանը, պատմել է գրքի գաղափարի ու այն աշխատանքի մասին, որն այդպես էլ անավարտ մնաց։

Որտե՞ղ ծնվեց գրքի գաղափարը  

Հայտնի է տեղում պատրաստվող գարեջրով, անունը բառախաղ է՝ «Դառը ըմպելիք կամ խմել ծովը», որը նշանակում է դժվար բան անել: Այս բարը կարևոր դեր ունի իմ ու Վահանի ու հատկապես Վահանի համար: Իմ ղեկավարը Մանդելը հրավիրեց իր շնորհանդեսին: Այդ երեկոյի ընթացքում եղած զրույցների անդրադարձն է Վահանի «Դառը ծով» վեպը, որը սկզբում պատմվածք էր:

Վերջին գիրքը. «Դառը ծով»  

Գրքի զարգացումը նաև համընկավ Վահանի հիվանդության հետ, անցյալում գրված էսսեներ ու հոդվածներ բերեց: Կարելի է ասել՝ ամբողջ կյանքի ամփոփումն է: Ոչ միայն անձնական: Գաղափարական հակասականության ամփոփումն է, ցանկացած ազնիվ մարդ իրեն հարց է տալիս, ով էի, ինչ գաղափարներ ունեի, ինչպես, ինչու փոխվեց այդ ամեն ինչը: Այդ գիրքը ամբողջացնում է ոչ միայն Վահանի, այլ նաև հայ մտավորականի, հայաստանցի մտավորականի կյանքը, որն անցել է Հայաստանի պատմության տարբեր փուլերով, մեծ հաշվով, տեսնում ենք Հայաստանի անցած փուլերը:  

Որոնումների ավարտը. Ազգայնականից մինչև սոցիալիստական  

Այո՛, Վահանի դեպքում, քանի որ նա ինտելեկտուալ մարդ էր, անընդհատ փնտրտուքի մեջ էր, կախված սոցիալ-քաղաքական բնութագրիչներից, նրա գաղափարական հավատալիքները ըստ այդմ են եղել: Սովետի 88 ազգայնական շարժման ժամանակ ազգայնական-լիբերալ էր Վահանը, տարիների հետ, Հայաստանի լիբերալիզմի ու վայրի կապիտալիզմի պատճառով Վահանի մոտ կասկած առաջացավ, արդյոք, ա՞յն էր, ինչի համար պայքարում էինք: Ի վերջո, վերջին 10 տարին, կարող եմ ասել, որ Վահանը հակված էր ձախ սոցիալիստական գաղափարների: 

Վահանը՝ Քվեբեկում  

Վահանի համար Քվեբեկը հետաքրքիր էր, այստեղ են ձուլվում ազգայնականությունը ու ձախ գաղափարախոսությունը: Քվեբեկը ֆրանկոֆոն է, ունի ինքնորոշման խնդիր: Երկու հանրաքվե է եղել Կանադայից առանձնանալու համար: Սոցիալական բոլոր ասպեկտները հետաքրիր են: Վահանը շատ սիրում էր այդ հոսանքները: Ինձ ասում էր, որ գնամ միանամ ձախ ազգայնական կուսակցությանը, ասում էր, որ լեզու իմանայի, կգնայի: Քաղաքական գաղափարներով Քվեբեկը շատ համապատասխանում էր Վահանին։ Նաև հոգեկան խաղաղություն կար, Երևանում կյանքը, շրջապատը, բանավեճերը, ես կարծում եմ, այստեղ Վահանն ապրելով, շատ ավելի ստեղծագործական ազատ ժամանակ ուներ նվիրելու իր գրքերին: Շատ հոդվածներ գրեց:  

Սպասող ընթերցողը՝ դուստրը  

Անպայման, անշուշտ կտամ այս գիրքը ու ոչ միան այս, այլ նաև մյուսները կտամ, որ ընթերցի: Ինքը Վահանի հետ քիչ ժամանակ է անցկացրել: Երբ Վահանը հիվանդացավ, մեկ տարեկան էլ չկար: Վահանի ֆոտոյին է նայում, գրադարակից գտնում է Վահանի գրած գրքերը, թերթում է: Ինչ որ Վահանից մնացել է, անպայման կդառնա իրենը:  

Անավարտ….  

Անվերջ վեպի մասին էր խոսում, Վիոլետն էր խմբագիրը, քննարկում էր իր հետ: Ուզում էր հասցնել վերջնական տեսքին: Շատ էր աշխատել, բայց վերանայում էր: Վահանը շատ ուրիշ պրոեկտներ ուներ: Չհասցրեց տատերին ու պապերին, իր ընտանքիին նվիրված աշխատանքը: Նյութեր էր հավաքել, շատ կարևոր էր իր համար: Երբ առաջին անգամ իմացավ, որ քաղցկեղ ունի, տուն գալուց հետո սկսեց հավաքել այդ թղթերը, ասում էր, հիմա ես սա պետք է անեմ, պիտի հասցնեմ: Ցավոք, չհասցրեց: Շատ անելիք ուներ, ասում էր՝ շատ տարիներ եմ իզուր անցկացրել՝ ոչինչ չանելով: 

Կարդացեք նաև