Սա գիրք է, որը ոչ թե կարդում ես, այլ՝ խաղում ես. Սյունե Սևադան Ֆերանտեի Նեապոլիտանական քառյակի մասին

January 25, 2022

Էլենա Ֆերանտեն ամենառեղծվածային ժամանակակից իտալացի գրողն է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև բավականաչափ հայտնի է։ Համաշխարհային ճանաչում ստացել է «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ 2021-ին այդ 4 վեպերից երկուսը Newmag-ը հրատարակել է։ Սա կլանող պատմություն է Նեապոլի աղքատ թաղամասի երկու լուսավոր աղջիկների՝ Լիլայի և Էլենայի ոչ այնքան հարթ ընկերության մասին: Կանանց խառը ու բարդ հարաբերությունների մասին, գրողին, նրա հանելուկային կերպարին և գործերին է անդրադարձել գրող Սյունե Սևադան:

Տարին սկսվել է անակնկալներով, նախապես չպլանավորած որոշումներով, անհայտության ինչ-որ գրավիչ շղարշով, որը ներքաշել է ուրիշ ու հաճելի խաղի մեջ։ Անգամ տարվա առաջին գիրքն էդպիսին ստացվեց։ Շատերդ հաստատ քառագրության մասին լսել եք․ համաշխարհային բեսթսելլեր է, երկու ընկերուհու մասին պատմություն է՝ գրված ընկերուհիներից մեկի առաջին դեմքով։ Ծավալուն վեպ է, որտեղ անընդհատ գործողություններ են ու խառը ընտանիքներ, որոնց պիտի մտապահես։ Ի՞նչ կա, վեպ է էլի, հավեսով կարդում ես՝ եթե բավարար համառ ես՝ չորս թմբլիկ գրքերը հաղթահարելու համար։

Վեպը՝ հա, «սովորական» վեպ է՝ թանաքով տպած թղթի վրա, սովորական գրքերի չափսերով, ուղղանկյուն...Բայց հարց կա՝ ո՞վ է հեղինակը։

Է, գրված է, Էլենա Ֆերանտեն։ Չեք հավատա, բայց ամբողջ աշխարհը ցնցած, համաշխարհային լավագույն ու ամենահայտնի պարբերականներն ու գրաքննադատներին գրաված այս հեղինակի մասին ոչ մեկը ոչինչ չգիտի։ Պարբերաբար իր անձը բացահայտող «վերջնական» նյութեր են հրապարակվում, հետո՝ հերքվում, կամ մնում առկախ։ Կապի է դուրս գալիս միայն իր գրական գործակալը՝ որն էլ հենց առաջին կասկածյալն է, հարցազրույցներ է տալիս իր անգլերեն թարգմանիչը կամ այլ մարդիկ։ Այսքանը։

                                                                                                 

Հեղինակը ներկայանում է իբրև յոթանասունն անց կին գրող։ Եթե իմ անձնական հետաքննությունն է հետաքրքիր՝ կարծում եմ՝ քառասունի վերջերում կամ հիսունի սկզբներում շորորող տղամարդ է՝ գեյ կամ բիսեքսուալ։ Տարիքն էլ մեծացնում է, որովհետև երևի ամեն ինչից շուտ հոգնող է` քառագրությունից դուրս շատ վատ գրքեր ունի, և սա իմանալով իրեն ապահովել է ծերությամբ, որ հենց հավեսը հանի` բարեհաջող մեռնի, իբր:

Ինչու տղամարդ՝ ձեռագիրը կտրուկ է, մի տեսակ «փշոտություն» կա տեքստում, որը կանանց ձեռագրին բնորոշ չէ՝ որքան էլ «չոր» գրեն։ Սեռական կողմնորոշումն էլ այս դեպքում հետաքրքիր ու կարևոր է, որովհետև «փոքրամասնության» նրբազգացություն կա, չնայած շատերը գուցե չնկատեն, բայց Լիլայի ու ընկերուհու հարաբերությունների ենթատեքստում զգացմունքայնություն կա՝ բնավ ոչ ընկերական։ Գուցե գրքի հաջորդ մասերում նման գիծ է զարգանում՝ չգիտեմ։ Կարդամ՝ կիմանանք:

                                                                                                  

Իսկ ես կխիզախեմ ու կկարդամ․ դժվարություններ սիրում եմ, հեղինակի գաղտնիության ու արկածային շղարշն էլ խիստ իդենտիկ է իմ սկսվող տարվա հետ։ Եվ չնայած ինստագրամում հարցման օգնությամբ հետևորդները խնդրել էին չորս մասերին էլ առանձին անդրադառնալ, որոշեցի ոսկե միջինն ընտրել․ երկու գրառում անել, մեկը հիմա՝ առաջին գրքի մասին՝ գուցե հետաքրքրի ու դուք էլ կարդաք, մեկն էլ կանեմ վերջում՝ ավելի «գրականագիտական»:

Կարդացեք նաև

Իսկ էսպես՝ փափուկ տեքստ է, բայց հատուկ տրամադրություն է ուզում՝ դանդաղ ընթացք ունի, պիտի հանգիստ ու կլանված լինես։ Հայերեն թարգմանությամբ այս պահին երկու հատորները կան, ռուսերենով՝ չորսը, էլի շատ լավ են թարգմանել։ Դանդաղ ռիթմով ու ներածական տեքստեր սիրողները կհավանեն․ ասես հանդարտ գետակ լինի, որը չափազանց ճիշտ է՝ ափերից դուրս գալու համար, բայց անընդհատ խորքն ես նայում ու լիքը ուսումնասիրելու մանրուքներ կան:

Սա գիրք է, որը չես կարդում։ Գիրք է, որի հետ խաղում ես։ Ու խաղում ես գրքի ու հեղինակի հետ այնքան, մինչև որ հասկանում ես՝ ինքն է քո հետ խաղում, ու որքան շուտ ընդունես պարտությունդ, այնքան՝ լավ:

Անցնենք խաղի երկրորդ մասին։ Ով ես դու, Էլենա Ֆերանտե, ով՝ բնավ չգիտենք:

Կարդացեք նաև