«Սև քառակուսին». XX դարի ամենաքննարկված, ամենաքննադատված ու միևնույն ժամանակ ամենաառեղծվածային գործը (տեսանյութ)

January 24, 2022

Newmag-ի հրատարակած «Սև քառակուսին» գրքում Մալեվիչը բացատրում ու հիմնավորում է իր որոշումը, ներկայացնում արվեստի զարգացման մասին իր պատկերացումը։ Այստեղ են հավաքված նրա բոլոր ժամանակների հոդվածները, մանիֆեստները, հռչակագրերը: Մալեվիչն անդրադառնում է արվեստում նոր համակարգերի ստեղծմանը, ներկայացնում նկարչի իրավունքների դեկլարացիան, առաջ քաշում նաև սոցիալական խնդիրներ՝ օրինակ, նկարչի տնտեսական վիճակը: Մինչև 1915 թվականին Սև քառակուսին նկարելը՝ նա փնտրտուքի մեջ էր, որովհետև չէր գտել այն, ինչ պետք էր։ Ինչպես այդ աշխատանքը դարձավ գլուխգործոց, իսկ նկարիչը՝ հեղափոխական՝ մեր անդրադարձում:

Երբ առաջին շոգեքարշը փնչացնելով պոկվեց տեղից, երբ քաղաքների փողոցներում հայտնվեցին առաջին ավտոմեքենաները, երբ երկքնում սկսեց սավառնել առաջին օդանավը, ծնվեց Մալևիչի «Սև քառակուսին»: Ըստ Տրետյակովյան թանգարանի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի,  սա նոր իրականություն էր, նոր պատկերացում, նոր հայացք աշխարհին ու ապագային. ««Սև քառակուսին» 20-րդ դարի գլխավոր ստեղծագործությունն է ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Այն ամենառադիկալ գեղարվեստական ստեղծագործությունն է, որ կարող էր լինել։ «Սև քառակուսին» ոչ միայն կտավ էր, այլև ապստամբություն արվեստում»։

Կուբիզմը հասել էր իր գագաթնակետին, մարդկությունը փնտրտուքի մեջ էր. ձևավորվում էին գեղարվեստական նոր ուղղություններ: Մալևիչի սուպրեմատիզմը այդ ուղղություններից մեկն էր՝ գույնի առավելություն գեղանկարչության մյուս բոլոր հատկանիշների նկատմամբ: Արվեստագետ Անդրեյ Սարամբյանովի խոսքով, Մալևիչը սկում է զրոյից ու վերադառնում զրոյին. «Այսինքն՝ նա հասնում է արվեստի ամենասկզբին՝ Սև քառակուսուն և քայլում Սև քառակուսու հետևից։ Այնտեղ, որտեղ չկա պատկեր՝ չկան ֆորմաներ և չկա ոչինչ»։

Մալևիչի «Սև քառակուսին» ոչ այնքան քառակուսի է, և ոչ այնքան սև, բայց երբ նայում ես, թվում է, իրոք քառակուսի է ու իրոք՝ սև։ Նկարի վերևի և ներքևի հատվածներն իրար զուգահեռ չեն։ Գույնը հավասարապես սև չէ՝ կան երանգներ։ ալևիչի կտավն ունի նախանկար, որտեղ տարբեր երկրաչափական պատկերներ են, նաև մեծ քառակուսի։ Նա այդ պատկերները ծածկել է սպիտակով, վերջում ստացվել է մեծ, սև քառակուսի։

                                                                                 

Սև քառակուսու տակ թաքնված է երկու կոմպոզիցիա՝ առաջինն ամբողջությամբ ավարտված ֆուտուրիստիկական աշխատանք է։ Սա հայտնաբերել էին 1990-ականներին։ Միջին շերտում կա ևս մեկ կոմպոզիցիա՝ ամենայն հավանականությամբ չավարտված։

Հայտնի բանավեճ է. Մալեվիչը նկարի՞չ է, թե՞ գիտնական։ Հավանաբար երկուսն էլ։ Նրա բոլոր կտավների տակ թաքնված են կուբո-ֆուտուրիստական պատկերներ։ Մոսկվայում 1913 թվականին բեմադրվեց «Հաղթանակ արևի նկատմամբ» ներկայացումը, որի բեմադրող նկարիչը Մալեվիչն էր։ Հենց այս ներկայացման ժամանակ է առաջին անգամ հայտնվում նրա սև քառակուսին։

«Սև քառակուսին» որպես կտավ Մալեվիչն առաջին անգամ ներկայացրեց 1915 թ. Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Զրո կետ տասը» ֆուտուրիստական ցուցահանդեսին։ Նա ներկայացրել էր 39 գործ, որտեղ բացի «Սև քառակուսուց» կային նաև «Սև խաչը» և «Սև շրջանակը»: Մալեվիչին համաշխարհային ճանաչում բերեց միայն «Սև քառակուսին» և արդեն մեկ դար մարդիկ քննարկում են այս առեղծվածային գործը՝ ընդգծում է ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Կոնչալովսկին. «Ես համարում եմ, որ Մալեվիչի «Սև քառակուսին» ստեղծագործություն չէ։ Որտե՞ղ եք տեսնում այդ կտավի մեջ զգացմունք, որտե՞ղ է այնտեղ վարպետությունը, ամեն մի երեխա կարող է նկարել քառակուսի։ Եվ որտե՞ղ է այնտեղ գեղեցկությունը։ Այնտեղ չկա գեղեցկություն»։

«Զրո կետ տասը» ֆուտուրիստական ցուցահանդեսում Մալեվիչն իր «Սև քառակուսին» կախել էր սենյակի վերին աջ անկյունում, որը Ռուաստանում հայտնի է որպես կարմիր անկյուն։ Ռուսներն իրենց տներում հենց այդ հատվածում էին փակցնում սրբապատկերները։ Մալեվիչը հենց այդպես էլ անվանել է այս գործը՝ սրբապատկեր՝ որպես իր ժամանակի կրոնի իկոնա։ Կոնչալովսկին այդ կտավի վերաբերյալ ունի հարցերի մի ամբողջ շարք. «Ի՞նչն է այստեղ կարևոր. քառակուսի՞ն, թե՞ յուրահատուկ դիրքը սենյակում։ Ես կարծում եմ՝ սա ֆենոմենալ, տաղանդավոր, մինչև վերջ մտածված փի-ար քայլ էր»:

Այդ նկարի իմաստն էր. ոչինչ, դատարկություն, խավար՝ Աստծո տեղում։ Արվեստի գո՞րծ, թե՞ բողոքի ակցիա, գեղարվեստական ուղղությո՞ւն, թե պարզապես լավ մտածված գովազդային արշավ: Մալեվիչի «Սև քառակուսին» XX դարի ամենաքննարկված, ամենաքննադատված ու միաժամանակ ամենաառեղծվածային գործն է, որն այսօր պահվում է Տրետյակովյան թանգարանում:

Կարդացեք նաև