Տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

April 22, 2021

Ցեղասպանության մասին թուրք պատմաբանի գիրքը՝ հայերեն թարգմանությամբ։ Newmag-ը ներկայացրել է Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» աշխատությունը։ Այս գիրքը Թուրքիայում մեծ սկանդալ էր բարձրացրել, նացիոնալիստները կոչ էին անում սպանել Աքչամին։ Թուրքիայի առաջատար թերթերը գրոհում էին գրողի վրա. խնդիրը վերնագիրն էր՝ «Խայտառակ արարք»: Ապրիլի 21-ին Newmag-ը ՀԲԸՄ-ում անցկացրեց գրքի շնորհանդեսը, որին ներկա էին մի քանի տանյակ փորձագետներ ու ընթերցասերներ:

Այս ծավալուն ու մանրակրկիտ ուսումնասիրությունը հատկապես ցեղասպանությունը ժխտողների համար է։ Աքչամը բացահայտում է ամենակարևորը՝ ինչպես Թուրքիան խուսափեց պատասխանատվությունից և ովքեր են անպատիժ թողել մեղավորներին։ Գրքի թարգմանությունը նախաձեռնել է դիվանագետ Լիլիթ Թութխալյանը. «Յուրաքանչյուր նոր գիրք հայերի ցեղասպանության մասին լույս աշխարհ է բերում նոր փաստեր, մեզ զինում է նոր փաստարկներով, լռեցնելու այն ձայները, որոնք փորձում են նվաստացնել, մոռացության տալ հայոց ցեղասպանության փաստը»:

Աշխարհի ու սեփական բնակչության համար պատմությունը հետևողականորեն խեղաթյուրող ու խմբագրող Թուրքիայի ամբողջ պետական համակարգն աշխատում է այս գրքի դեմ։ Փորձում հերքել ու քողարկել՝ պատմական փաստերը։ Թեմային լավատեղյակ Արմեն Ամիրխանյանը փաստում է՝ գիրքը խմբագրելիս շատ հանգամանքներ է բացահայտել. «Իսկապես համարում եմ, որ բոլոր հայերը պետք է կարդան այս գիրքը, թվում է, թե գիտական աշխատանք է, ձանձրալի կլինի, իհարկե ոչ։ Գեղարվեստական, էմոցիոնալ ֆիլմերը կարող են տանել մեզ այլ կողմ, իսկ այս աշխատությունը մեզ կարևոր գիտելիքով է օժտում»:

    

Թաներ Աքչամը ներկայացնում է գրքի հայկական, թուրքական ու արևմտյան ընկալումները, բայց աշխատությունը հատկապես աչքի է ընկնում օսմանյան աղբյուների առատությամբ։ Թարգմանության պատմական ճշգրտության ուղեցույցը թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն է։ «Թաներ Աքչամը այս գիրքը գրելիս հիմնական նպատակ ունենալով պայքարել ցեղասպանությունը ժխտողների դեմ, աշխատել է օգտվել հիմնականում օսմանյան, թուրքական փաստաթղթերից։ Մինչ այդ օգտվում էին եվրոպական աղբյուրներից»:

Կարդացեք նաև

Ազգայնականների հարձակումներ, սպառնալիքներ ու մեդիա տեռոր՝ Թաներ Աքչամը Թուրքիայի իրական, բայց ոչ պաշտոնական  պատմությունը ներկայացնելու պատճառով մշտապես թուրքական ագրեսիայի թիրախում է։ Գիրքը թարգմանվել է տարբեր լեզուներով, բայց Աքչամի համար առավել կարևոր է հա՛յ ընթերցողի կարծիքը։ Ըստ նրա, իր համար սա կարևոր իրադարձություն է. «Էքստրաօրդինար երջանիկ եմ, որ հայերը կարող են իմ գիրքը կարդալ  հայերեն և տեսնել, քննադատել այն աշխատանքը, որը ես եմ անում: Այնքան հետաքրքիր է, թե ինչ արձագանքներ կլինեն»:

  

Թարգմանության գլխավոր հովանավորը հայկական բարեգործական ընդհանուր միությունն է։ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրենի խոսքով, նպատակը՝ ցեղասպանության տարելիցի նախաշեմին գիտական բարձր արժեք ունեցող այս աշխատությունը հայ ընթերցողին ներկայացնելն է։ Ըստ ՀԲԸՄ ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի. «Սովորաբար մենք կենտրոնանում ենք հայերեն գրքերն օտար լեզուներով թարգմանելու գործին, բայց հակառակ ուղղությունը նույնքան կարևոր եմ համարում և իսկապես ուրախ եմ այս գործակցության համար»։

«Խայտառակ արարք» այսօր առավել քան արդիական է։ Սա սթափեցնող հիշեցում է, որ 100 տարի առաջ թե այսօր նույնն է թշնամին և նույնն է նրա ցեղասպան քաղաքականությունը։