Հարցազրույց թարգմանչի հետ. Սկզբում ընթերցեց, հետո էլ համոզեց թարգմանել «Մաշկի խնամքի կանոնագիրքը»

October 8, 2022

«Մաշկի խնամքի կանոնագիրքը» 4 տարում գիրքը թարգմանվել է 7 լեզվով։ Հիմա կա նաև հայերեն տարբերակը։ Գրքի հեղինակը մաշկաբան է՝ Մեծ Բրիտանիայում առաջատար մասնագետ Անջալի Մահտոն։ Ունի սեփական կլինիկա Լոնդոնում։ Նա այնքան պահանջված մասնագետ է, որ հեղինակավոր բոլոր հեռուստաընկերություններն ու ամսագրերն ուզում են հենց մահտոյական վերլուծությունները հրապարակել։ Այս գիրքը անգլերենից հայերեն է թարգմանել Մոնիկա Կեսոյանը. երիտասարդ թարգմանչուհին, ով սովորում է ԱՄՆ-ում:

Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրքը» հայերեն թարգմանել է Մոնիկա Կեսոյանը։ Մինչ այս գիրքը, Մոնիկան մասնակցել էր Միշել Օբամայի հուշագրության թարգմանական աշխատանքին: Մաշկի խնամքի մասին բեսթսելլերը միանգամից էր գրավել նրա ուշադրությունը և ինքն էլ առաջարկել է  հրատարակչությանն այն թարգմանել. «Մարդկանց հետաքրքրությունը դեպի մաշկի խնամք տարեցտարի մեծանում է: Ես ինքնս էլ հետաքրքրված եմ ու փնտրում էի երկար ժամանակ հայերենով գրքեր ու չէի գտնում: Անգլերենով գտա այս գիրքը: Նախ ձևաչափը գրավեց ինձ, քանի որ գրված է հարց ու պատասխանի ֆորմատով՝ ասես մաշկաբանի մոտ խորհրդատվության ես գնացել»:

Մաշկը կատարյալ դարձնելու սպառիչ տեղեկություններով գիրքը հավասարազոր է գիտական աշխատության։ Դոկտոր Մահտոյի աշխատանքը նրանց համար է, ովքեր հետևում են ապացուցողական բժշկությանը, ոչ թե հավատում ու վստահում բլոգերի կամ էլ պատահական մաշկաբանի. «Չկա երևի  մարդ, որ իրեն հուզող հարցերը չի գտնի: Բավականին խորը գիտելիքներ է տալիս այս գիրքը; Ամբողջովին հիմնված է գիտական ապացույցների վրա , բայց միևնույն ժամանակ, մատչելի լեզվով է մատուցված: Պետք չէ լինել մասնագետ, որ հասկանաս Անջալի Մահտոյի լեզուն»: 

                                                                   

Դոկտոր Մահտոն Բրիտանիայի հեղինակավոր ուսումնական հիվանդանոցներում աշխատելու հարուստ փորձ ունի։ 2018-ին հրատարակված կանոնագիրքը բում է առաջացրել ամբողջ աշխարհում՝ ընդգծում է թարգմանչուհին. «Թարգմանության մասով միակ դժվարությունն այն էր, որ գեղարվեստական չէ, քիմիական տարբեր տերմիններն ու հիվանդության ճիշտ անվանումները ճշտել եմ բժշկականի ուսանողների, քիմիայի ուսուցչիս հետ: Ինձ ևս գիրքը շատ օգնել է:  Կային սխալներ, որ ես թույլ էի տալիս մաշկիս խնամքի ժամանակ, հիմա սկսել եմ հետևել Մահտոյի խորհուրդներին»:  

Մահտոյի գնահատականները գիտական գրականության ոլորտում օրիգինալ բովանդակություն են։ Նրա հոդվածներն ու վերլուծությունները միշտ պոպուլյար են։  

Կարդացեք նաև