ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 10] Առաջին անգամ դիրքերում. Հենա

[Զինվորի օրագիր - 10] Առաջին անգամ դիրքերում. Հենակետն ու շատ մոտ և շոշափելի հակառակորդը

Դիրքապահ զորամասում չեմ ծառայում, սակայն դիրքերում հաճախ եմ լինում: Կյանքը պոստում ավելի վտանգավոր է, ծառայությունն` ավելի զգուշավոր, երբեմն` ոչ պակաս ռոմանտիկ: 14 օր: Այսքան է հերթափոխն անցկացնում մարտական հենակետում: Ասում են այստեղ ավելի հաճույքով են գլորում օրերը, քան զորամասում: Իրականում պատճառն ազատությունն է, երբ ավելի մոտ է հակառակորդը, քան հրամանատարը, ռազմական ոստիկանը:
Այստեղ կարգը սահմանում և պահպանում են առանց վերահսկելու, բայց օրենքի տառի համաձայն: Յուրաքանչյուր սխալն ու խախտումը կյանքի գին ունի, հետևաբար յուրաքանչյուրն էլ ձգտում է զգոն լինել, սթափ ու հետևողական` նաև մյուսների համար, որովհետև սխալվում է մեկը` տուժում են բոլորը:



Ապրիլյան պատերազմի մասին կարդացեք



Օրագրի հոբելյանական համարն է` տասներորդը: Կպատմեմ դիրքում անցկացրած օրվա, գիշերվա, ապրումների, վախերի ու կրակոցների մասին: Աշխատանքային տարիներին պարբերաբար եմ դիրքեր բարձրացել, մեկ-երկու ժամով: Հայացք է դրսից, կողքից: Այլ է հայացքը` ներսից:
- Ադաշ, էստեղից ենք սկսում ծառայությունը, բռոնին հագի, կասկեն դիր:
Դավիթն առանց զրահաբաճկոնի որևէ մեկին ներս չի թողնում: Դիրքի ավագն է, փորձառու սերժանտը ներկայացրեց խրամուղիները: Կավահողը փորել, խրամատ են սարքել, գրեթե մի մարդաբոյ: Խորացրել են հատկապես ապրիլյան քառօրյայից հետո: Քայլերդ պիտի զգուշորեն հաջորդեն մեկը մյուսին: Դիրքապահներն այս լաբիրինթն անգիր են արել, մինչդեռ նորեկի համար սա իսկական կռիվ կինոյի դաշտ է:
-  Զգուշացիր` տարածքը ականապատ է: Հակառակորդը նենգ է:
Մետաղյա ձողերի վրա ցուցանակներ կան, ճանապարհին` թակարդներ: Այստեղից հակառակորդը մի քանի անգամ հեռացել է` վերջույթները թողնելով կամ արնաշաղախ: Դիվերսիոն փորձերի համար ծուղակներն իսկական փրկություն են:


Համաշխարհային զինուժից և պատերազմներից կարդացեք



Դիտակետերում կանգնածները բարևում են առանց հեռադիտակն աչքերից իջեցնելու, չեն կարող դադարեցնել հսկողությունը, նույնիսկ մի րոպեով: Հատկապես, երբ հակառակորդն ամեն րոպե տեխնիկա է մոտեցնում հենակետին, ինժեներական աշխատանք կատարում: Հայկական կողմի դիտորդներն այդ ամենին հետևում են: Ձեռքի տակ հեռախոս ունեն` տապիկ են ասում: Վերադասի հետ կապ են հաստատում, զեկուցում, շարունակում ծառայությունը: Փոխարինում են մեկը մյուսին 2 ժամը մեկ, կարգի համաձայն` զենքը ստուգելով, հրամանն ու գաղտնաբառն ասելով:
Միայն առաջնագծում կարող ես իսկապես պատկերացնել կռվի ու կրակոցների մասին, երբ խոսում են շշուկով: Դիտորդի անկյունում տետր է, տապիկն ու քարերին փորագրված տարեթվեր: Նախորդներն իրենց ժամանցն այսպես են ապահովել, դաջել` ծառայության թիվը: Դիտորդ Սամվելն Աշոցքից է, հասցրել է ընտանիք կազմել, երեխա ունենալ, զորակոչվել, մարտական դիրք բարձրանալ: 140 օր: Այսքան է մնացել: Եվս մի քանի հերթափոխ ու տանը կլինի:
Խրամատների վերևում ու գրեթե ծայրից ծայր մաշված անիվներ են, հողով լցված: Սա գուցե թվա պաշտպանվելու էժանագին միջոց, մինչդեռ չափազանց արդյունավետ է: Հակառակորդի փամփուշտները կանգ են առնում ռետինե անիվների մեջ: Մոտ 50 մետր այն կողմ ադրբեջանական դիրքերն են, զինծառայողները մրջյունների չափ ունեն, որ անընդհատ գնում, գալիս են:
Պոստերում ամենաջերմ վայրը` հենակետն է, հատկապես ձմռանը, ու գիշերը: Բլինդաժ են ասում: Մեծ սենյակ չէ, սակայն հարմարանքները բավարար են` քնելու, ճաշելու, հանգստանալու համար: Պատին սրբապատկեր է կախված, փոքր պատշգամբ ունեն` կտակարանը դնելու համար: Նույնիսկ ծաղիկներ են խնամում: Նավթի հոտին ընտելանում ես դժվարությամբ, նույն կերպ էլ բաժանվում, մի քանի ժամ նստելուց հետո: Վառարանը չեն հանգցնում: Մարտին տաք է մայրաքաղաքում, մինչդեռ լեռներում ջերմաստիճանը զրոյական է:


Զինուժի և պատերազմի մասին հեղինակային սյունակներ



Ճաշում ենք: Զինվորի չոր սնունդը պահարանում է` սա նեղ օրվա համար է: Սեղանին դրված է հաց, երշիկ, պահածոներ, մսեղեն, հյութ: Խոհարարը Երևանցի Արամն է, 3-րդ մասից: Կես կատակ, կես լուրջ հարցրի. 3-րդ մասից ես և խոհարար, ոնց ստացվեց:
- Ուշադրություն չեմ էլ դարձրել: Մեր թաղը համարում են ռաբիզ տղեքի հավաքատեղի, բայց դիրքերում շուտ ես ընկերանում: Մեկը դիտորդ է, դու ես ճաշ պատրաստում էստեղ բարքերը տարբեր են:
Կես ժամից կազմը փոխվեց, տղաները բարձրացան դիրքեր, մյուսներն իջան: Ամբողջ գիշեր զրուցեցինք, պատմեցին սահմանային երկու շաբաթների մասին: Գիշերը. երբ շինությունից դուրս ես գալիս, լուսինը ցույց է տալիս սարերը, հակառակորդին: Փշաքաղվել կարելի է: Բայց կարևորը չծխելն է: Դիրքերում ծխում են շատ ավելի, քան ներքևում, սակայն ցերեկը: Գիշերը` կացարանի չերևացող պատի տակ: Մթության պահին վառվող գլանակը խանգարում է, անմիջապես կրակում են սիգարետի լույսի ուղղությամբ:
Սթափեցնող են գիշերային ձայները` միջատների, քամու, ծառերի: Սա առաջին մի քանի օրը, հետո սովորում ես, նույնիսկ մեղեդիներ փնտրում ձայների համադրության մեջ:
Կրակոցները սկսեցին վաղ առավոտյան, երեքին, չորսին, երեք չորս անգամ: Հիմնականում և պարբերաբար հենց այդ ժամերին է ընդհատվում հրադադարը: Դրսից տղաներով հետևում ենք անկանոն կրակին, լուսացրող փամփուշտները ծակում են երկինքը, մարում անհետևանք: Երբեմն լինում են նաև թիրախային խոցումներ: Այդ ժամանակ էլ անձնակազմը գործի է անցնում: Կրակում են մի քանի դիտակետից, մի քանի անգամ: Մյուս կողմում լռում են, քուն մտնում:


Նախորդիվ. Զինվորի օրագիր. Մաս 1-9


Դիրքերում ավելի հաճախ կարելի է բղավոցները որսալ: Լեռնային գոտում ձայներն արձագանքում են, տեղ հասնում լույսի արագությամբ: Գոռում են հայկական անուններ, հիմնականում` Վազգեն: Աշխուժանում են, երբ մի թաս խմում են, փորձում ձայնի հզորությամբ առավելության հասնել: Անօգուտ է: Դիրքի տղաներն անձայն ժպտում են, անտեսում, առաջ անցնում:
Ներթափանցման փորձեր այս հատվածում եղել են, լինում են: Չեզոք գոտին փոքր է, տարածությունը կարճ, բուսականությունը` խիտ: Հիմա ավելի է հեշտացել սահմանախախտներին որսալը: Ջերմատեսիլներն իրենց գործն անում են: Շուրջօրյա նկարահանումներն էլ դիրքի անձնակազմին լրացուցիչ հուշարար են: Ցանկացած անցուդարձ է հայտնի, նույնիսկ գիշատիչների, չորքոտանիների: Ի դեպ, գրեթե բոլոր դիրքերն իրենց հավատարիմներն ունեն: Շներ են: Ակտիվ յուրաքանչյուր շարժի դեպքում: Քնում են կիսափակ աչքով, արթնանում բոլորից վաղ: Այս դիրքի սևուկն ադրբեջանական կողմից է փախել, հայկական խրամատներում հաստատվել:
Որևէ մեկը նույն քաղաքից, գյուղից չէ: Կարծես ընտրված լինեն: Մարզերից են, մայրաքաղաքից, շատ անծանոթ, բայց մանկության ընկերների պես, գուցե միմյանց դիմեն արա-ով, բայց հարգեն որպես այդ օրերի անփոխարինելի: Իսկապես անփոխարինելի են, հատկապես այդ օրերին: Մի մասը քթի տակ հպարտանում են. 20 տարի ապրեցինք մեր գյուղից դուրս, մարդու չճանաչեցինք: Եկանք բանակ հիմա ամբողջ Հայաստանից մոտիկներ ունենք: Իրենց բախտավոր համարում են հատկապես Արմանը և Արամը: Քոչարյան երկվորյակների ծառայության կատակները շարունակվում են.
- Երբեմն մեկս քնում է, մյուսս ներկայանում է հրամանատարին, չեն էլ իմանում, որ ես չեմ, եղբայրս է, անցնում գնում է:
Մասիսից զորակոչված եղբայրների մարտական առաջին հերթափոխի առաջին օրը սկսվեց ժպիտով, զարմանքով ու հաճույքով: Վերջին օրն էր, որ տպավորվեց իրենց մեջ ընդմիշտ:

Տարածել