Տեղի ունեցավ «Դեպի դպրոց» մանկապատանեկան գրքի փառատոնը (լուսանկարներ)
08/26/2024
Օգոստոսի 24-ին Երազ այգում տեղի ունեցավ BACK TO SCHOOL մանկապատանեկան գրքի փառատոնը։ «Երազ» մատենաշարը ներկայացրեց միանգամից երեք նոր գիրք։
«Երազ» մատենաշարի հիմնադիրներ newmag հրատարակչությունն ու Yeraz Projects-ն արդեն երկրորդ տարին է անցկացնում են «Դեպի դպրոց» փառատոնը։ Երազի գրքերի շնորհանդեսները տեղի են ունենում տարին երկու անգամ՝ մինչև ամառային արձակուրդները և նոր ուսումնական տարվան ընդառաջ։
Ու հենց փառատոներին էլ մատենաշարը ներկայացնում է նոր գրքերը։ Այս անգամ «Երազը» փոքրիկ ընթերցողների համար հրատարակել է գրական ևս երեք գործ։ Մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը փառատոնի բացման ելույթում նկատեց, որ մեկ տարում հրատարակել են 13 անուն գիրք, որոնք նախատեսված են տարբեր տարիքի, նախասիրության երեխաների համար.
«Մեր ամենամեծ ցանկություններից մեկն է, որ դեպի դպրոց ճանապարհը սկսվի Ձեզ համար ոչ թե սթրեսով, այլ մեծ սպասումով։ Հենց այդ նպատակով էլ արդեն 2-րդ տարին է, ինչ newmag-ն ու Yeraz Projects-ն ուսումնական նոր տարին ազդարարում են այս գրքատոնով։ Ու այն գրքերը, որոնք մենք ընտրում, թարգմանում ու հրատարակում ենք, ունեն մեկ գլխավոր նպատակ՝ Ձեզ համար լինեն օգտակար, լինեն ձեր խորհրդատուն, ընկերը, ապահովեն ձեր ժամանցն ու լրացնեն գիտելիքները։ Իսկ լավ գործ, երազանքներ իրագործելու համար հարկավոր են հավատարիմ ընկերներ։ «Երազ» մատենաշարի շուրջ հավաքվել ու ամեն տարի հավաքվում են մարդիկ, ովքեր ցանկանում են ստեղծել լավագույն գրքերը ձեզ համար»։
Արդեն երկու տարի է ՎՏԲ֊Հայաստան Բանկը «Դեպի դպրոց» փառատոնի ընթացքում հանդես է գալիս որպես նոր գրքի գործընկեր։ Այս տարի բանկը ոչ միայն օժանդակեց «Էլեկտրոնիկի արկածներ» գիրքը, այլև փառատոնի գլխավոր հովանավորն էր։ ՎՏԲ Հայաստան բանկի Մարկետինգի և հասարակության հետ կապերի պատասխանատու Նարե Թադևոսյանի խոսքով, մշտապես աջակցում են երկրի կրթական և մշակութային տարբեր նախաձեռնություններին և նախագծերին.
«Մեր բանկը շատ մեծ նշանակություն է տալիս կրթությանն ու երեխաների մեջ ընթերցանության հանդեպ սեր առաջացնելը։ Ուրախ ենք, որ երկու տարի է այս փառատոնի կողին ենք։ Սովորաբար նոր ուսումնական տարին երեխաների ու ծնողների մոտ սկսվում է լարվածությամբ, բայց երկու տարի է, շնորհիվ այս փառատոնի, երեխաները բարձր տրամադրությամբ գնում են դպրոց»։
Այս տարի ևս փառատոնի ընթացքում միաժամանակ 3 լոկացիաներում տեղի ունեցան տարբեր իրադարձություններ։ Օրվա հյուրերին դիմավորեցին այգու հերոսները։ Իսկ Կանաչ գոտիում նրանց սպասվում էին փառատոնի գլխավոր գործընկեր «Դոբրի հյութերի» կամավորները։ Բազմաֆունկցիոնալ տաղավարում երեխաները մասնակցեցին զարգացնող ու զվարճալի խաղերի, համտեսեցին հյութ։
«Դեպի դպրոց»՝ / BACK TO SCHOOL ամենամյա մանկապատանեական գրքի փառատոնին մասնակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կվինտետը, որը երեխաներին պարգևեց սիրված մուլտֆիլմերի՝ դասական հնչողությամբ կատարումներ, ինչպես նաև «Սիմֆոնիկ ԴասA»-ն այգում անցկացրեց բաց դաս այցելուների համար։
Փառատոնի ընթացքում հանդես եկան նաև երաժշտախմբեր։ Արցախի երգի պետական սաներն ու «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաները «Դեպի դպրոցի» հատուկ հյուրերն էին։ «Օրրանի» հիմնադիր-տնօրեն Արմինե Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը.
«Ես մի քանի գիրք արդեն ձեռք եմ բերել Օրրանի գրադարանի համար, բայց քանի որ այնքան հետաքրքիր մանրամասներ լսեցի, որ նախ ես կկարդամ, հետո կփոխանցեմ «Օրրանի» երեխաներին։ Երևի մարդկության պատմության ամենամեծ գյուտերից մեկն էլ գիրքն է։ Երբ գիրք կարդում ես, տեղափոխվում ես մի ուրիշ աշխարհ, սկսում ենք երազել, ճամփորդել, տխրել, մի ուրիշ տրամադրություն ենք ունենում, ու հիմա հենց այնստեղ էլ մենք միասին պատմություններ ենք գրում միասին։ Միգուցե երեխաներից մեկը ևս դառնա գրող, մի պատմության հեղինակ»։
Երեք գրքից բացի, «Երազը» ներկայացրեց նաև երգի պրեմիերա։ Թարգմանվել է ոչ միայն Եվգենի Վելտիսովի «Էլեկտրոնիկի արկածները» գիրքը, այլև ֆիլմի հայտնի երգը, որն առաջին անգամ հնչեց փաառատոնին։ «Թևավոր ճոճանակը» կատարում են «Միհրան Արփի ստուդիայի» սաները։
«Երազ» մատենաշարի բոլոր գրքերը փառատոնին վաճառվեցին մինչև 40% զեղչով։
Կարդացեք նաև
- «Երազ» մատենաշարը ներկայացնում է Եվգենի Վելտիստովի ամենահայտնի գիրքը. «Էլեկտրոնիկի արկածները» (թրեյլեր)
- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Դեպի դպրոց» մանկապատանեկան գրքի փառատոնի գլխավոր հովանավոր
- «Դեպի դպրոց» գրքի փառատոնի մասին newmag-ը ներկայացրել է Armenpress-ի մամուլի սրահում (տեսանյութ, լուսանկարներ)
- Դոբրի բնական հյութերը՝ «Դեպի դպրոց» փառատոնի գլխավոր գործընկեր
- «Երազը» ներկայացնում է շվեդական հիսաքանչ պատկերագիրք՝ «Վերջին ամրակետը» (թրեյլեր)