ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հայաստանի պատվիրակության ու Ջորջ Բուշի հանդիպման հ

Հայաստանի պատվիրակության ու Ջորջ Բուշի հանդիպման հուշերը՝ 32 տարի անց (լուսանկարներ)

newmag-y-n

Ձմեռային փառատոնին Newmag-ը ներկայացրեց Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը։ Աշխատությունում զետեղված են 1988-1992 թթ․ հայ-ամերիկյան հարաբերությունների հիշարժան դրվագները։ Mediamax-ի մեր գործընկերներն առանձնացրել են մի պատմություն, որը տեղի

- Մենք՝ հայերս, մեր ամենաուրախ եւ ամենատխուր առիթներով կոնյակ ենք խմում։ Սա  Ձեզ նվիրում ենք հայ ժողովրդի անունից՝ հույսով ու հավատով, որ Դուք այն կբացեք Ձեր եւ Ձեր ժողովրդի համար ամենաուրախ առիթներից մեկի ժամանակ,– ասում է Բաբկեն Վարդանյանը։

- Այս կոնյակը չեմ բացելու, հավերժ պահելու եմ որպես հիշատակ,– արձագանքում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-ավագը։ 

Զրույցը նկարագրված է այս տարի հրատարակված Սուրեն Սարգսյանի  «Հայաստանն ու Բուշն անձամբ»  գրքում, որը ներկայացնում է 1988-1992 թթ․ հայ-ամերիկյան հարաբերությունների հիշարժան դրվագները։ Վերոհիշյալ հանդիպումը տեղի է ունեցել 1989-ի հունվարի 6-ին, երբ ԱՄՆ ընտրված նախագահ Ջորջ Բուշն ընդունել է Հայաստանից ժամանած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված Վլադիմիր Դիլանյանը մանրամասներ է պատմել ոչ միայն Սպիտակ տանը կայացած հանդիպումից։

                                                 

Այցին նախորդած աշխատանքները՝ Աղետի գոտում

«1988 թվականի դեկտեմբերի 7, երկրաշարժ, ցնցում, կառավարական շենք։ Ես աշխատանքի վայրում եմ։ Կես ժամ հետո մաման է զանգում, ասում՝ կարո՞ղ ես Գյումրի զանգել (այնտեղ բարեկամներ ունեինք)։ Տղաներին ասացի, չկարողացան, վերջում ռացիայով կապ հաստատեցի։ Ահավոր էր»,- հուզմունքով վերհիշում է Վլադիմիր Դիլանյանը։ Ժամեր անց նաեւ տեսել էր աղետի իրական պատկերն ու աշխատանքային ծանր շաբաթներ անցկացրել։ Այդ ժամանակ նա աշխատում էր Մինիստրների խորհրդում՝ որպես արտաքին կապերի բաժնի ղեկավարի տեղակալ։ Մինչ այդ աշխատել էր Կուբայում ԽՍՀՄ դեսպանությունում՝ տնտեսական բաժնում, եւ Մոսկվայում՝ էլեկտրատեխնիկայի մինիստրության արտաքինի կապերի բաժնում։

Աղետի գոտու համար ուղարկված մարդասիրական հսկայական օգնությունը կանոնակարգելու եւ արտերկրից ժամանած մասնագետներին ուղղորդելու համար անհրաժեշտ էր տեղում ճիշտ կազմակերպել աշխատանքները։

«Հաջորդ օրը լուսահոգի Ֆադեյ Սարգսյանը ասաց՝ ով օտար լեզու գիտի, բոլորը գնում են օդանավական։ Ես գիտեի ռուսերեն, անգլերեն, իսպաներեն։ 10 օր ու գիշեր օդանավակայանում էինք, օդանավերն էինք դիմավորում»,- պատմում է զրուցակիցս։

Վլադիմիր Դիլանյանն ասում է, որ իրավիճակն այնքան բարդ էր ու չկանոնակարգված, որ արտերկրից եկած մասնագետները հաճախ մնում էին օդանավակայանում՝ չստանալով հրահանգ, թե ուր պետք է մեկնեն։ Դժվար էր նաեւ ժամանած մասնագետներին պատշաճ ընդունելը։ Երկրաշարժից մի քանի օր անց իրեն էին մոտեցել իսրայելացի ռազմական բժիշկներ եւ խնդրել օգնել, որպեսզի կարողանան լոգանք ընդունել։

Երբեմն անհրաժեշտ էր լինում նաեւ արտասահմանյան թղթակիցներին ու օգնություն բերողներին ուղեկցել Սպիտակ, Գյումրի եւ երկրաշարժից տուժած մյուս բնակավայրեր։ «Նկարահանող խումբ էր եկել, ամերիկյան հեռուստատեսությունից էին։ Իրենց լրագրող Բեքսին Սպիտակում սկսեց երեխու նման լաց լինել»,- հիշում է Վլադիմիր Դիլանյանը։

Օդանավակայանում նա ծանոթացել նաեւ Աղետի գոտուն 40 տոննա դեղորայքի օգնություն բերած «Ֆիլիպ Մորիս» ընկերության փոխտնօրեն Գայ Սմիթի հետ, որին հանդիպեց նաեւ ԱՄՆ-ում, իսկ անձնական շփումները շարունակվեցին բավական երկար ժամանակ։

Առիթը Երեւանն էր, նպատակը՝ Սպիտակը

1989-ի հունվարին՝ երկրաշարժից դեռ մեկ ամիս չանցած, Հայաստանից պատվիրակություն մեկնեց ԱՄՆ։ Պաշտոնական հիմնավորումը Երեւանի եւ Քեմբրիջի քույր քաղաքներ հռչակվելու առթիվ կազմակերպվելիք միջոցառումներն էին։ Իրական նպատակը, սակայն, երկրաշարժի հետեւանքները մեղմացնելու համար միջոցներ գտնելն էր՝ օգտագործելով այցի հնարավորությունը։ Պատվիրակությունը, որը գլխավորում էր Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Բաբկեն Վարդանյանը, կազմված էր վեց անձից, որոնք ներկայացնում էին տարբեր գերատեսչություններ ու ոլորտներ։

 

Վլադիմիր Դիլանյանը հիշում է՝ ուղեւորությունը հենց սկզբից արտասովոր էր. մինչ Վաշինգտոն հասնելը եղանակային անբարենպաստ պայմանների եւ ինքնաթիռի անսարքության պատճառով վայրէջք կատարեցին Կանադայի Նյու Ֆաուլենդ քաղաքում։ ԱՄՆ-ում առաջին պաշտոնական հանդիպումը «Կարմիր Խաչում» էր։

Նպատակը, պարզ է, ավերիչ երկրաշարժի մասին առաջին ձեռքից տեղեկատվության փոխանցելն էր եւ առաջիկայում հասցեական օգնություն ակնկալելը։ Այս նույն պատճառով էր նաեւ, որ հայկական պատվիրակությունը հյուրընկալվեց Սպիտակ տանը։ ԱՄՆ նախագահները սովորաբար քաղաքապետների չեն ընդունում, էլ չասած՝ փողքաղաքապետների:

Պատվիրակությունը վեց հոցանոց էր, սակայն, ինչպես նշում է Վլադիմիր Դիլանյանը, նորընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպմանը ներկա են եղել ինքն ու Բաբկեն Վարդանյանը։

«5 րոպե է մնացել, որ պիտի մտնենք, ռուսերենից թարգմանիչը եկել է, մեկ էլ, Բաբկեն, դու Բաբկեն, թե`ես պիտի հայերեն խոսեմ, ասում եմ՝ հո՞ գիժ չես։  Թարգմանիչն ասում է՝ բայց ախր ես հայերեն չգիտեմ։ Բաբկենը թե՝ բա Դիլանյանը կթարգմանի։ Հետո հասկացանք, որ ռուսերենի ակցենտի համար էր վախենում»,- պատմում է զրուցակիցս՝ հավելելով, որ բարեբախտաբար պատվիրակության ղեկավավարն իրենց վատ դրության մեջ չդրեց։  Սպիտակ տան հանդիպումը, Վլադիմիրի Դիլանյանի խոսքով, տեւել է 40 րոպե։ «Երբ մենք պատմում էինք երկրաշարժի մասին, նրանք պարզապես ապշում էին»,-ասում է Վլադիմիր Դիլանյանը։

Հրաժեշտից առաջ հյուրերն ու «տան տերը» նվերներ են փոխանակում։ Մերոնք, ինչպես սպասելի է, կոնյակ են նվիրում։ Պարզվում է՝ այդպիսի նվեր հայկական կողմը պատրաստել էր նաեւ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինի համար, որը ներկա էր հանդիպմանը։ Հայտնի խմիչքից եւս մեկ շիշ հայկական կողմը պատրաստել էր դեռեւս պաշտոնավարող նախագահ Ռոնալդ Ռեյգանի համար։

Դատարկաձեռն չէր նաեւ Բուշը. գրիչը՝ Բաբկեն Վարդանյանին, կրծքանշանը՝ Վլադիմիր Դիլանյանին։ Վերջինս մի անգամ է փորձել ամրացնել կրծքանշանը, բայց պարզվել էր՝ կրելու համար այնքան էլ հարմար չէ։ «Ինձ վրա Բուշը ֆանտաստիկ տպավորություն թողեց.շատ խելոք մարդ էր՝ ինֆորմացիայի հսկայական պաշարով։ Հանդիպումն էլ շատ անմիջական էր։ Մի գեղեցիկ բան էլ արեց, մեզ հրավիրեց իր երդմնակալությանը, որը կայացավ հունվարի 21-ին»,-ասում է զրուցակիցս։

Կարդացեք նաև

Ոչ պաշտոնական, պատվիրակության կազմից դուրս հանդիպումներից Վլադիմիր Դիլանյանի համար կարեւոր էին հատկապես Գայ Սմիթի հետ հանդիպումը։ «Ֆիլիպ Մորիս» ընկերության փոխնախագահը, պարզվում է, չէր մոռացել հայաստանյան ջերմ ընդունելությունը եւ անգամ Վլադիմիր Դիլանյանի կնոջ՝ Անուշի պատրաստած բրդուճները, որոնք ստիպած էին ուտել ավերված մի քաղաքից մյուսը գնալու ճանապարհին։ Գայ Սմիթը ոչ միայն իր տուն է հրավիրում Վլադիմիր Դիլանյանին, այլեւ կազմակերպում հանդիպում նրա ազգական Առնոլդ Նիկողոսյանի հետ, որը NASA-ի փոխտնօրենն էր։

Mediamax, Անահիտ Փիլոսյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

Տարածել