inKin Social Fitness. Սկսիր շարժվել ընկերներիդ հետ
inKin ստարտափը հիշեցնում է՝ առողջության մասին մտածելը և քաշ կորցնելը երբեք ավելորդ չէ: Որքա՞ն եք քայլել, կալորիա սպառել՝ ֆիզիկական ակտիվության ցուցանիշներ վերլուծում է հայկական inKin Social Fitness հարթակը: Այն վերահսկում է օգտատիրոջ ֆիզիկական ակտիվությունը և օգնում ազատվել ալարկոտ կենսակերպից:
inKin Social Fitness համակարգում օգտատերերը ֆիզիկական ակտիվությունը վերահսկելուց բացի կարող են հետևել իրենց ընկերների և հարազատների մարզական վիճակին: Սոցիալական հարթակին միանալու համար inKin-ին պետք է ինտեգրել մեկ կամ ավելի ֆիթնես-թրեքերներ կամ Moves անվճար հավելվածը: Ֆիզիկական ակտիվության տվյալներով էլ օգտատերերը մրցում, համեմատվում են ընկերների և համակարգի մյուս օգտատերերի հետ:
inKin ստարտափի համահիմնադիր Արամ Շահինյանի խոսքով, պլատֆորմը մոտիվացնող գործիք է, որն օգնում է մարզումներն ավելի ինտենսիվ դարձնել: Օրինակ, օգտատերը կարող է գտնել ընկեր, ում հետ կարող է առավոտյան վազել:
«Համակարգի անունը անգլերեն «kin» և «next of kin» բառակապակցությունից է, ինչը թարգմանաբար նշանակում է «մոտիկ ընկերներ, հարազատներ»:
Համակարգին կարելի է ինտեգրել Fitbit, Jawbone, Garmin, Withings, Microsoft Band, Misfit, iHealth, Lumo ֆիթնես թրեքերները և Moves app, Miband հավելվածները: Չնայած շուկայում ֆիթնես-թրեքերները ավելանում են, բայց ավելորդ քաշով մարդկանց թիվը չի պակասում: Գեր մարդիկ շատ են հատկապես ԱՄՆ-ում (68%) և Եվրոպայում(50%). «Մարդիկ ալարում են մի քանի քայլ ավելի անել, նման ապրելակերպը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, դիաբետի, գիրացման»:
[ Startup Հայաստանից ]
- Wakie. Աշխարհը զրուցում է «հայերեն»
- Upub. Ի՞նչ փնտրել և ինչպե՞ս կարդալ հայերեն էլեկտրոնային գրախանութում
- A2B Transport. Երևանյան երթուղային ցանցը սմարթֆոնում
- Playland Armenia. Օնլայն խաղահրապարակ աշխարհի հայ մանուկների համար
- Immersive Education Solutions. Կրթական վիրտուալ շրջայց տիեզերքում
Առողջ ապրելակերպը սկսվում է կարճ զբոսանքներից: Պարտադիր չէ 2 ժամ մարզասրահում անցկացնել: Սկզբի համար բավարար է օրը 10 րոպե զբոսանքը: Սկսում եք 1000 քայլից և օրեցօր կրկնապատկում: Մոտիվացիայի համար պլատֆորմը առաջարկում է օգտատերերին մասնակցել տարբեր մրցույթների և պայքարել առաջատարների ցանկում հայտնվելու համար:
«Ձգտում ենք համակարգում ներգրավել առավել շատ բժշկական ցուցանիշներ` այս պահին inKin-ը կարող է վերլուծել 15 ֆիթնես և բժշկական ցուցանիշներ»:
Թիմում 5-ն են, սթարթափի հիմնադիրները ցանկանում են ստեղծել առողջությանը և ֆիթնեսին վերաբերող էկոհամակարգ. «Դժվար է հագեցած շուկայում ներգրավել նոր օգտատերեր: Այն, որ մենք դուրս եկանք գլոբալ շուկա որոշ դժվարություններ ստեղծեց: Մենք սովորում ենք մեր սխալնների վրա և դասեր քաղում` համառորեն շարժվելով առաջ»:
Պլատֆորմը գործում է վեբ հարթակում և անվճար բջջային հավելվածներով (iOS և Android): Առաջիկայում կլինի նաև Windows ՕՀ-ի տարբերակը: