FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Զինվորի օրագիր - 11] Ընտանեկան կռիվ ընդդեմ թուրքե

[Զինվորի օրագիր - 11] Ընտանեկան կռիվ ընդդեմ թուրքերի, գաղտնաբառերի տարբերությունը և ОК-ի ռազմական անցյալը

Մասիսից զորակոչված եղբայրների մարտական առաջին հերթափոխի առաջին օրը սկսվեց ժպիտով, զարմանքով ու հաճույքով: Վերջին օրն էր, որ տպավորվեց Արամի և Արմանի մեջ ընդմիշտ:
Հակառակորդի հարձակումը դիրքում արթնանալու, քնելու, սնվելու ու դիտակետում կանգնելու պես երևույթ է՝ գիտակցված: Հերթափոխի առաջին օրը շատերը բարձրանում են դիրքեր կրակոցի ձայնն առաջին անգամ լսելու, փորձառուները դրանց զարգացումները կանխատեսելու համար: Պոստում այդպես է, հերթափոխի մշտական ժամկետայիններն անգիր գիտեն՝ մեկ կրակոցին ինչ է հաջորդելու, անկանոնի հետևանքը որն է, կանոնավորի դեպքում՝ որ կողմից սպասել: Այդպես է նաև դիվերսիոն հարձակումների դեպքում:
Անդորր՝ փոթորկից առաջ: Սա միայն գեղարվեստական ու փոխաբերական արտահայտություն չէ, իրական է հատկապես առաջնագծում: Կեսգիշերը դիրքում դիմավորում են կրակի ազդանշաններով, կրակի քանակը հաշվելով, ուղղությանը հետևելով: Եթե հակառակ կողմում լռում են, ուրեմն առավոտը շփման գծում շարժ է լինելու: Ադրբեջական ցիկլը վաղուց ճանաչելի է, հայտնի: Զինվորները նույնիսկ դիվերսիաների ժամերն են ֆիքսել: Զորքի թայմլայնը դիտակետի պատուհանն է: Նաև սարքեր ունեն, որ հետևեն հրադադարին՝ առանց երևալու: Հայելիների խողովակ է: Այնտեղից է սկսվում էքշնը:
Վտանգի ստարտը վաղ առավոտյան է: Հակառակորդի նոպաները սկսվում են ժամը 3-ին, անառողջ օրգանիզմի պես՝ ամենաանհաջող ժամերին, երբ քունդ տանում է, քնած ես ավելի խորը, քան դրանից առաջ և հետո: Մինչև վերջին մեկ տարին, նրանց war challenge-ն աննկատելի էր մինչև հայկական խրամատներ: Գալիս էին ամենամոտ թմբերին կանգնում, դիտորդներին վնասում, հետ դառնում: Փորձառու հարձակվողները նույնիսկ կարողանում էին հայ դիրքապահին մոտենալ թիկունքից, քանի որ տարածքին քաջատեղյակ էին, աննկատ էին տեղաշարժվում, կապ պահում թիկունքի հետ: Մթությունն իսկական պատուհաս էր սահմանին, չէր երևում մոտեցողը: Բոլոր զինվորականների համազգեստը մուգ է՝ բուսականության երանգներով: Միջատների մեղեդիներն էլ խլացնում էին ոտնաձայները: Զվարճալի ճշմարտությունն ավարտվում էր ողբերգական իրականությամբ:
- Էս ճանճերը ոնց որ դրանց կողմից լինեն, անընդհատ խանգարում են:
Հիմա այլ է: Սահմանին գիշերային տեսանելիության սարքեր ու ջերմատեսիլներ կան: Համակարգչային game zone-ում տեսած կլինեք: Կռիվ խաղերից Medal of honor-ն ամենահայտնին է՝ պատերազմների մասին: Այնտեղ երևում է, ինչպես է զինվորը հակառակորդին տեսնում նույնիսկ պատի ետևում: Ջերմատեսիլի օպիտկան մթությունը վերածում է վառ կանաչ պլատֆորմի: Սպիտակի մեջ երևում են միայն մարդիկ և կենդանիները: Դրանք գործում են ցանկացած եղանակի, ցանկացած վայրում, ցանկացած պատնեշի դեպքում: Հիմա զինվորի ձեռքին հեռադիտակից բացի նաև հրաշագործ սարքեր կան: Տեսախցիկները շարժական են, շուրջօրյա:






Քոչարյան եղբայրներին չեք մոռացել, օրագրի նախորդ էջի վերջին հերոսներն են:  Արմանն ու Արամը, որ վերջին հերթապահությունը համարել էին կյանքի հիշվող օրը: Փետրվարի վերջին հարձակումն իրենք են դիմակայել: Լրատվական դաշտը գրեց բացառիկ միջադեպի մասին: Դիվերսիան բացառիկ էր, որովհետև հակառակորդը նույնիսկ չհասցրեց առաջանալ, հայ տղաները ոչնչացրին սահմանախախտներին՝ առանց կորստի:
Արամը դիտակետում էր եղել, Արմանը հենակետում: Կամ հակառակը, անկեղծ ասած, ես նույնպես շփոթում են նրանց: Մեկը սուր աչքով, մյուսը թաքցրած տեսախցիկի օբյեկտիվով էր հետևում թշնամուն: Նկատել էր «օպերատորը»` Արմանը: Կապ էր տվել, բոլորին հայտնել, անցել շրջանաձև պաշտպանության: Սա նշանակում է դիրքը պահել բոլոր թևերից, պահպանվող օբյեկտը, այս դեպքում դիրքը վերցնել կենտրոնում, հսկել՝ շրջան կազմած:
Արմանը պատերազմ էր վարել նստած, հենակետի վառարանի կողքին, կապի միջոցը՝ ձեռքին: Տեսախցիկը պտտելով՝ հրահանգել էր կրակ բացել, խոցել թիրախը: Արամը լսել էր ուղղությունը, նշան բռնել, կրակել: Ընտանեկան դիմադրությունը պսակվել էր հաջողությամբ, մեկը մյուսին բղավել էր ok է (ամենատարածված այս արտահայտությունը ռազմական ծագում ունի: Ամերիկացի օդաչուները երկրորդ համաշխարհայինի ժամանակ, կորուստներ չէին ունենում, հաշվետվության մեջ նշում էին «0 killed»: Ավելի ուշ ձևակերպումը կրճատվեց, դարձավ ok): Դիրքին մոտեցողների թիվը՝ րոպեների ընթացքում պակասել էր, մի մասը տեղում ընկել, մնացել, մյուսներն արագ հեռացել՝ դիակների վրայով: Տեսանյութը, որը հրապարկվեց, իրենց գլուխգործոցն է: Հիմա կատակելով հարցնում են վիդեոյի դիտումներից, լայքերից:  
- Կռիվ կինոն լրիվ free style էր, թե չէ կպատրաստվեինք, լույս կդնեինք, ռեժիմով կնկարեինք: Ստիպված մի դուբլով նկարեցինք, վերջացրինք:
Պատմում է մարտը հաղթած հրաշալի քառյակը: Մյուսները խրամատում են: Նրանց լսում եմ կենտրոնացած, կկոցած աչքերով, պատկերացնելով, սարսափելով, էմոցիաներս չթաքցնելով, սիգարետը մեկը մյուսի հետևից հանգցնելով: Իրենք կատակում են, խառնում վառարանը, հիշում այդ մարտի ամենաանկարևոր դրվագը:


Ապրիլյան պատերազմի մասին.



- Սաղ դրանք են մեղավոր, շալվարս ճղվեց, գրպանի թելերը քանդվեցին:
Ոչ թե չեն գիտակցում գլխավոր վտանգը, կյանքի գինը, պարզապես չեն խոսում դասականի պես գեղարվեստորեն ուռճացնելով, հպարտանում՝ փրկիչ զգալով, փիլիսոփայում պատգամավորների նման: Համեստ ընկերներով միայն կիսվում են, կատակի տալիս: Իրենցից պահանջվում է այդ մասին հրամկազմին զեկուցել, մանրամասնել, հյուրերին ներկայացնել վավերագրությունը, ընդամենը: Կարևորն առջևում իրենց ճանաչում են, իրենց մասին խոսում, դիրքից խուսափում: Վկայությունը՝ հակառակորդի դիերն են, որ չեզոք գոտում մնացին երկու օր, անպաշտպան, անտեր:
- Սրբապիղծ են, զինակիցների դիերը թողեցին, փախան, վազեցին դրանց վրայով: Ոչխար են:
Չորքոտանի անասունին ադրբեջանցի զինծառայողներին վերագրելը պատահական չէ, վիրավորանք նույնպես: Ոչ էլ էթիկապես է սխալ: Ամեն ինչ սկսվել է տարիներ առաջ: Օրինակներ նաև արցախյան պատերազմից են հայտնի: Զորքերում ու մանավանդ դիրքում՝ ռադիոկապով շփվելիս, զինծառայողներն իրար անուններով չեն դիմում: Գաղտնաբառերը շատ են, հիմնականում կենդանիների անվանումներով, թվերին զրոներն ավելացնելով: Սա մի քանի պատճառ ունի: Գաղտնաբառն օգնում է չբացահայտել զինվորին, այդպես հնարավոր է թաքցնել զեկուցողի գտնվելու վայրը, հասցեատիրոջը, անձնակազմի, զենքի, սննդի քանակը: Գաղտնաբառը փոխվում է ամեն օր, յուրաքանչյուր հերթափոխի: Սա փակ ինֆորմացիա է: Իրավունք ունեն իմանալ ստորաբաժանման անդամները, վերադասը և վերջ:
- Пароль-ն ասա:
Դիրքերում այսպես են համոզվում՝ մոտեցողը բարեկամ է, թե թշնամի: Դիտակետում դեպքեր են եղել, որ զինակցի անունով հակառակորդը ներկայացել է, առաջացել և … Սա տասնամյակների պատմություն ունի, նույնիսկ անկախությունից առաջ՝ հայրենականի դասերից է: Հարցնողին պետք է պատասխանել բարձրաձայն ու ընդգծված, որովհետև կարող է քամի ու աղմուկ լինել, մեկը մյուսին չլսեն, կրակոցն ու դժբախտությունն իրար հաջորդեն: Սա կատակ չէ, ոչ էլ կատակելու ենթակա է, պիտի հետևես կանոնադրությանը, անվտանգությանը, հետևես ինքդ քեզ:
Հայերը սովորաբար հաղթող գիշատիչների գաղտնաբառ են ընտրում՝ արծիվ, առյուծ, գայլ… մյուսները երբեմն կրկնվում են, հայտնի անուններ են, բայց հրապարակման ենթակա չեն: Ադրբեջանի ամենատարածված փասվորդը ոչխարն է՝ qoyun կամ ağuş (լափ): Նրանց մականունն է դարձել դիրքերում, մեր կողմում, «կիլդիմի» մուլտերում: Սահմանին մուլտեր, ֆիլմեր ու այն էլ հնդկական, չեն նայում, չեն կարող, հեռուստացույցը զորամասում է, մուլտերը տանը, երգերը՝ շուրթերին: Մանավանդ, երբ ֆիլմերն առաջին գծում իրական են, 5D: Տղաների պատկերացումներն ու երևակայությունն անպակաս է: Կարդում են, գրքի էջերը վերածում կինոժապավենի ու լրացնում էկրանի բացը, բացակայությունը: Պոստի ընթերցանությունը գուցե ավելի մեծ հաճույք է, քան գրադարանում: Հոսանքալարերը դիրքեր չեն հասնում՝ անվտանգությունից ելնելով: Ցանկացած լուսավորություն թիրախավորում է տեղակայման վայրը: Մոմի լույսը կամ արևի ջերմությամբ վառվող ֆանարն օգնում են վերապրել ստեղծագործության յուրաքանչյուր պատկեր:
Ցանկացած գիրք պահում են զենքի նման, մաքուր, բացում են խնամքով, դնում սահմանված տեղում՝ էջանշանի տեղը զգուշությամբ փոխելով: Զինակիցների տարեդարձի լավագույն նվերը նույնպես որևէ հեղինակի գործը նվիրելն է: Գումար տալ չեն կարող: Նվերը նույնպես ծախսատար է, էլի գումար է անհրաժեշտ: Գիրքն ավելի մատչելի շնորհավորանք է ու նաև ավելի հաճելի՝ ստացողի համար:  Դիրքի հիմնական գրքերի կազմի ներսի կողմում միանգամից կտեսնես՝ մակագրված է. «Իմ ընկեր Աշոտին» կամ «լավագույն սերժանտին…թագավոր ախպորս», «ճուտո կարդա, որ մեծանաս, ամուսնանաս…2017 թվական, Արցախ... N դիրքի Կյաժից»:


Նախորդիվ. Զինվորի օրագիր. Մաս 1-10


Գրական ֆլեշմոբին մասնակցում են շատ դիրքեր, զորամասեր, զինվորներ: Շատերը նույնիսկ ապագայից են գալիս, առաջին հերթին պատկերացնում, հետո շարունակում ծառայությունը. 20 տարի անց, երբ ինչ-որ մեկին ներկայացնեն բնակարանի գրադարանը, առաջինը կխոսեն այդ նվերի մասին՝ հիշելով նվիրատուին, մաղթանքը, տարեդարձը, որը նշեցին սահմանին՝ զինվորի բաժին ճաշի սեղանի շուրջ:
Հիմա գուցե թվա, մարտական դիրքը դրախտային զոնա է: Բոլորը արվեստասեր, խելացի, հասուն, զգուշավոր, համերաշխ են: Երբեմն՝ ոչ: Նույն ճակատում են, նույն համազգեստով, նույն առաջադրանքով ու նույն առաքելությամբ, բայց առաջին հերթին 18 են՝ տարբեր մտածողությամբ, խառնվածքով, կենսագրությամբ: Տաքարյուն են, բռնկվում են ցանկացած բառից, նկատողությունից, վերաբերմունքից: Լռում են, մոռացնել տալիս հնչած առաջին կրակոցի հետ: Դիրքում որևէ մեկը հիշաչար չէ:
Դիրքերում վեճեր հիմնականում չեն լինում, վիճում են հազվադեպ, ծայրահեղ դեպքերում: Պատճառը ժամկետայինների ջերմությունը հոգատարությունն ու հասունությունը չէ: Ծառայությունն է ստիպում, այն էլ սահմանապահի կարգավիճակում:
Տարաձայնությունները հիմնականում առաջանում են գիշերը: Ավելի ստույգ տարիներ առաջ էր այդպես, երևույթն այսօր անհետացել է, անցյալում է: Ամեն անգամ օրինակներն են փոխանցում մեկը մյուսին, նոր սերնդին, դեպքերը պատմում, սխալը կրկնողին պատժում: Դիտակետը հսկելիս ամենավտանգավոր հանցանքը՝ քնելն է, դիրքն անտերության մատնելը: Զինվորը կարող է 2 ժամ կանգնելիս ձանձրանալ, հոգնել ոտքի վրա, պատին կամ զենքին հենվել, աչքը փակել: Առաջին րոպեներին ննջել կիսաբաց աչքերով, հաճախ ուշքի գալով: Ավելի ուշ՝ խորը քուն մտնել, կրակը գցել իրեն էլ, մյուսներին էլ, թիկունքն էլ:
Երբ սպաները, դիրքի ավագը կամ զինակիցները նկատում են անջատվածին՝ արթնացնում են, մեղադրում, ամոթանք տալիս, սահմանափակվում հայհոյանքով: Կրկնելու դեպքում պետք է արգելել նրան հերթապահել, տեղեկացնել վերադասին, կանչել ոստիկանություն: Սա իհարկե օրենքով է սահմանված, բայց ոչ գործնականում: Որևէ մեկը չի ցանկանում իր զինվորին կամ ընկերոջը դատապարտել, ուղարկել կարգապահական վաշտ Պարզապես հիշեցնում են՝ հետևանքի մասին, լավագույն դեպքում ապտակում, առաջ անցնում:
Քնի դեմն առնել գուցե դժվար է, անհաղթահարելի: Լարված ծառայության պայմաններում հոգնելու և քնելու հավանականությունը մեծ է, մանավանդ երբ հերթապահությունը շուրջօրյա է: Լավագույն լուծումը ընկերներին տեղեկացնելն է, խնդրելը, որ արագ փոխարինեն: Հետո միայն կարելի է հավաքել ուժերը, պատրաստվել փոխհատուցել փոխարինողին՝ դիտակետ բարձրանալ, նրա ժամերը լրացնել: Ամենաթեժ կետերում այդպիսի դեպքեր չեն գրանցվել, ավելի ստույգ մեկ, երկու անգամ: Այս պատմությունը հիմա ցանկացած պոստում գիտեն: Լսել են, թե ինչպես է զինծառայողն արթնացել՝ տեսել ձեռքում դրած իրը, զրահաբաճկոնի նշանը, սաղավարտին թողած՝ գրությունը՝ [ BO ] …

Տարածել