Միանգամից ֆրանսիական 2 նոր բեսթսելլեր, որ կգրավեն ձեր սրտերը (տեսանյութ, լուսանկարներ)
10/22/2024
Newmag հրատարակչությունն Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց իր երկու ֆրանսիական բեսթսելլերները։ Այս գրքերի շնորհանդեսները տեղի էին ունեցել օրերս՝ ֆրանսիական բովանդակության փառատոնին։
Francofest 2024-ին հրատարակչությունը ներկայացրեց Ամելի Նոտոմբի «Թշնամու հարդարանքը» և Մարտին Անյես-Լյուգանի «Թելից կախված երջանկությունը»։ Ամելի Նոտոմբը ֆրանսիական ժամանակակից գրականության ամենապրովոկացիոն հեղինակներից է։ Նրան նաև կոչում են Աստվածային Ամելի կամ Եվրոպայի գոթ արքայադուստր։ Գրքի մասին խոսեց հայերեն հրատարակության թարգմանիչ Թագուհի Բլբուլյանը.
«Հեղինակը շատ հայտնի է ֆրանկոֆոն աշխարհում, շատ հետքրիքր կերպար է, ամեն տարի մի վեպ է հրատարակում, գրել է 132 վեպ, դրանցից հրատարակել է 32֊ը։ «Թշնամու հարդարանքը» գիրքը մարդու ու իր ներքին թշնամու մասին է։ Հարցադրումներ է անում հեղինակը, ո՞վ ենք մենք, արդյոք ճանաչում ենք մեր ներքին թշնամուն, ի՞նչ հարդարանքով նա կհառնի մեր առաջ։ Նոտոմբը շատ աչքի է ընկնում իր անակնկալներով, որ մատուցում է ընթերցողին։ Երբեք չես իմանա, թե ինչով կավարտվի գիրքը։ Դա միշտ անակնկալ է ընթերցողի համար»։
Ամելի Նոտոմբը համարվում է երկխոսությունների թագուհի։ Ստեղծում է ռիթմիկ, դինամիկ ստեղծագործություններ, որոնցից չես կարողանում կտրվել. «Այս գրքում մարդու և իր մեղքի հարաբերություններն են։ Այս գործը մի քիչ նման է Սարտրի «Դռնփակ» ստեղծագործությանը կամ Դոստոյեվսկու «Ոճիր ու պատիժ» վեպին»։
Անյես Մարտին֊Լյուգանը կլինիկական հոգեբան է։ Նրա առաջին գիրքը, որ կոչվում էր «Երջանիկները ընթերցում են ու սրճում», նույնպես հայերեն հրատարակել է Newmag-ը։ Հեղինակը կլինիկական հոգեբան է, գրքերում ներկայացնում է մարդկանց, որոնք ուզում են փոխել իրենց կյանքը։ Երկու գրքերի թարգմանիչը՝ Հասմիկ Առաքելյանը, ընդգծում է, որ հեղինակը հոգեբանական բարդ տերմիններ չի օգտագործում, գրում է պարզ ու հասկանալի լեզվով.
«Պարզ պատմություն է մի աղջկա մասին, որը փոխում է իր մասնագիտությունը, կյանքը։ Մենք հաճախ զոհ ենք դառնում կարծրատիպերին, որ աղջիկը պետք է ընտրի, այսպես ասած, լավ մասնագիտություն, օրինակ՝ իրավաբանություն, բժշկություն՝ խեղդելով իրենց ցանկությունները։ Այս գիրքն այն մասին է, որ սիրելի մասնագիտությունը թևեր է տալիս, խանդավառում է։ Ես կարծում եմ, որ մասնագիտություն ընտրելը կողակից ընտրելու նման է, չես կարող մեկի հետ ապրել, որին չես սիրում»։
Գիրքը նորաձևության մասին է։ Գլխավոր հերոսուհին 30 տարեկանում սկսում է զբացվել սիրելի գործով՝ հագուստի դիզայնով։ Թարգմանիչը վստահեցնում է՝ գրքում ընթերցողը կգտնի փարիզյան նորաձևության շունչը. «Գլխավոր հերոսուհին տարված է նորաձևությամբ, գրքում կառնչվեք փարիզյան նրբագեղությամբ, կզգաք ֆրանսիական պարֆյումի բույրը»։
Երկու գրքերն էլ հասանելի են գրախանութներում և newmag.am կայքում։
Կարդացեք նաև
- Ֆրանկոֆեստին Newmag-ը կներկայացնի Անյես Մարտեն-Լյուգանի «Թելից կախված երջանկություն» գիրքը (թրեյլեր)
- Ֆրանկոֆեստին Newmag-ը կներկայացնի Ամելի Նոտոմբի նոր վեպը՝ «Թշնամու հարդարանքը» (թրեյլեր)
Ամելի Նոտոմբ
2900 ֏
Նկարագրություն
Անծանոթների հետ զրույցը, որպես կանոն, լավ ավարտ չի ունենում, այն էլ՝ Ամելի Նոտոմբի վեպերում: Անգյուստն օդակայանում ձանձրանում է՝ սպասելով հետաձգված թռիչքին: Դա էլ հերիք չէ, ստիպված է դիմանալ տարօրինակ անունով հոլանդացու՝ Տեքստոր Տեքսելի ձանձրալի շաղակրատանքին: Շատախոսին ինչպե՞ս ստիպել, որ սսկվի․իհարկե, սկսելով խոսել: Ու Անգյուստն ընկնում է այդ թակարդը: Դառնում է Տեքսելի ձեռքի խաղալիքը, ի սկզբանե նշանակված մեղավորը, կատարյալ զոհը: Այդպես Անգյուստն անցնում է դժոխքի բոլոր պարունակներով:
Անյես Մարտեն-Լյուգան
2900 ֏
Նկարագրություն
Այս գիրքը մերօրյա Մոխրոտի պատմություն է: Ի տարբերություն հեքիաթային Մոխրոտի, Անյեսի հերոսուհին չի սպասում, որ բարի փերին փոխի իր ճակատագիրը:
Իրիսը դիզայների տաղանդ ունի, սակայն ծնողները ստիպել են այլ մասնագիտություն ընտրել։ Ձանձրալիաշխատանք բանկում և անտարբեր ամուսին. սա նրա ամբողջ կյանքն է, որը միապաղաղ հոսում է գավառականքաղաքում: Երեսունմեկ տարեկանում Այրիսը որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը, մեկնում է Փարիզ, որբացահայտի նորաձևության աշխարհը և դառնա դիզայներ։ Նա հայտնվում է տարօրինակ ստուդիայում, որըղեկավարում է խորհրդավոր և ազդեցիկ գեղեցկուհի Մարթան: Իրադարձություններն անսպասելի ու հուզիչ ընթացք ենստանում։
Այս վեպն իր ինքնությունը փնտրող կնոջ դիմանկար է: Ընթերցողը հերոսուհու հետ անցնում է դեպի երջանկություն տանող ինքնակայացման ճանապարհով, որից շեղվելն անհնար է: