Նարինե Աբգարյանը՝ Հայաստանում երջանիկ մանկության և «Մանյունյա» գրքի էկրանավորման մասին (լուսանկարներ)

October 26, 2021

Ուղիղ տասը տարի առաջ Ռուսաստանում ապրող և ստեղծագործող Նարինե Աբգարյանը գրեց «Մանյունյան»: Եռահատոր այս ստեղծագործությունը գրողը նվիրել է իր մանկության, պատանեկության տարիներին Բերդում ապրող և մեծացող սերունդին։ Նրանց, որոնք հեռու են եղել գաջեթներից, անհոգ մանկությունն անցկացրել են հայրենի գեղատեսիլ բնության գրկում՝ զվարճալի խաղերով ու մանկական անմեղ փորձություններով: Սեպտեմբերին Newmag-ը ներկայացրեց գրքի հայերեն նոր հրատարակությունը, շուտով «Մանյունյայի» մյուս մասերը հասանելի կլինեն հայ ընթերցողին: Ինչո՞ւ չարաճճի Մանյունյային ու Նարինեին սիրեցին ամբողջ ԱՊՀ-ում, ու մինչև հիմա էլ այն հրատարակվում ու թարգմանվում է տարբեր լեզուներով, նկարահանվում է ֆիլմ, բեմադրվում ներկայացում՝ այս հարցերի վերաբերյալ ռուս հայտնի գրաքննադատ Գալինե Յուզեֆովիչը զրուցել է հեղինակի՝ Նարինե Աբգարյանի հետ:

«Մանյունյան» հրատարակվելուց անմիջապես հետո այն միանգամից դարձավ ԱՊՀ տարբեր երկրների սիրելի գրքերից, որն ընթերցում էին 13 տարեկանից բարձր պատանիները՝ անկախ սեռից ու տարիքից: Ռուս գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչն իր հաղորդման ընթացքում ընդգծեց՝ հետխորհրդային գրականությունում քիչ են գրողները, որոնց սիրում են բոլորը, քիչ են հերոսները, որոնք դառնում են ընտանիքի սիրելի կերպարը. «Մանյունյան հենց այդպիսի գիրք է։ Ես միշտ բողոքում եմ, որ հետխորհրդային գրականությունը հիասթափեցնող է, քիչ պայծառ հերոսներ են ծնվել այդ փուլում: Բայց «Մանունյան» այդպիսին չէ: Անցյալ անգամ Նարինե Աբգարյանին հանդիպեցի Տալինի փառատոնին։ Այնտեղ մասնակցող գրողներից միայն Աբգարյանի հետ հանդիպմանն էր դահլիճը լիքը.  գրողին լսել ցանկացողները չէին տեղավորվում դահլիճում, իսկ մի խումբ մարդիկ դրսում կանգնած դիտում էին ուղիղ հեռարձակումը, բոլորի ձեռքին էլ՝ «Մանյունյան»»։

Հաղորդման ընթացքում Նարինե Աբգարյանն անկեղծանում է՝ ի սկզբանե այս գիրքը գրել է փոքրիկների համար, սակայն հրատարակվելուց հետո նկատել է, որ «Մանյունյան» կարդում են անկախ տարիքից ու ազգային պատկանելիությունից: Հայկական Բերդը, գյուղական կոլորիտը, ավանդույթներն ու մաքրամաքուր հարաբերությունները հետաքրքիր էին նաև ԱՊՀ մյուս երկրների բնակիչներին, և նրանք հաճախ գալիս են Հայաստան և ուղևորվում դեպի Տավուշ ու Աբգարյանների տուն, առանց նախազգուշացնելու. «Տարբեր ազգերի ընթերցողներ հաճախ գալիս են Բերդ, այցելում ծնողներիս, չեն էլ զգուշացնում։ Առօրյա գործերի ընթացքում հանկարծ թակում են ծնողներիս տան դուռն ու ներս մտնում: Մայրս ասում է, Նարինե՛, լավ է՝ շրթներկով էի։ Զբոսաշրջիկներն անգամ մայրիկիս խնդրում են ստորագրել իմ գրքերը, իրենց երեխաներին Մանյունյա են կոչում, հաջորդ տարի էլ գալուց՝ փոքրիկ Մանյունյային նկարում և ուղարկում լուսանկարը»:

 

Գիրքը հրատարակվելուց 10-ը տարի անց նկարահանվեց նաև բազմասերիանոց ֆիլմը, որի փակ ցուցադրությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Մոսկվա կինոթատրոնում, Okko-ի և Newmag-ինախաձեռնությամբ։ Սերիալի ստեղծագործական թիմում ընդգրկված են պրոդյուսերներ Ղևոնդ ու Սարիկ Անդրեասյանները, սցենարիստ Հայկ Ասատրյանը, ռեժիսոր Արման Մարությանը։ Գլխավոր դերերում են երիտասարդ դերասանուհիներ Կատյա Տեմնովան և Կարինա Ղահրամանյանը, Տաին մարմնավորել է Ջուլիետտա Ստեփանյանը. «Հերոսները շատ լավն են, կարելի ասել, որ ստացվել են։ Նրանց ընտրության հարցում նաև անհանգիստ էր ընթերցողը: Նարինեի կերպարը շատ ճիշտ է ընտրված՝ ինձ շատ նման է, նիհարիկ, թեթև, որը չնայած իր փխրունությանը, միշտ պատրաստ է մանկական անհավանական սխրագործությունների: Հաջողված է նաև Տայի կերպարը»:

 

Իսկ հեշտությա՞մբ է գրողն իր իսկ ստեղծած կերպարիներին փոխանցում ռեժիսորին՝ հարցը Յուզեֆովիչինն է: Ըստ գրաքննադատի, հայազգի հանրահայտ գրող Մարիամ Պետրոսյանն իր հեոսների նույնիսկ նկարազարդումը չի վստահում այլ մասնագետների, քանի որ կարծում է՝ նրանք կդառնան արդեն ուրիշի հերոսները: Նարինե Աբգարյանը բոլորովին այլ տեսակետ ունի. «Ինձ համար որոշել եմ, որ իմը գիրքն է, իսկ ներկայացումն ու ֆիլմն արդեն պրոդյուսերներինն է, ռեժիսորներինն է: Շատ են ցանկացել նկարահանել «Մանյունյան», սակայն միշտ հետաձգում էի, այս անգամ հեշտությամբ համաձայնեցի: Այնքան էին ընթերցողներն ինձ գրում, որ ցանկանում ենք դիտել նաև «Մանյունյա»-ի ֆիլմը, մուլտֆիլմը, որ ես արդեն ընդունում եմ, որ նրանք միայն իմ կերպարները չեն, արդեն ընթերցողի հերոսներն են: Դրա համար էլ հեշտությամբ նրանց տվեցի ռեժիսորին»:

 
Իր հայրենի Բերդի մասին Նարինե Աբգարյանը միշտ պատմում է ժպիտը դեմքին ու առանձնակի ջերմությամբ: Այնտեղ, որտեղ ինքն է ապրել ու մեծացել, այնտեղ, որտեղ իր «Մանյունյան» է ծնվել, օդը զուլալ է, բնությունը գողտրիկ, ինչպես իր հերոսներից յուրաքանչյուրը, ինչպես իր բոլոր գրքերը: Եվ ինչպես իր Բերդը, այնպես էլ կերպարներին սիրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ ու գրքի ջերմ շունչը նրանց բերում է Հայաստան, դեպի Տավուշ և ուղիղ Բերդ՝ Աբգարյանների տուն:

Կարդացեք նաև