Ինչու Հիտլերն արգելեց «Քամուց քշվածները» վեպը, իսկ HBO Max-ը հեռացրեց ֆիլմն իր հավելվածից (տեսանյութ)

December 2, 2021

Գրախանութներում արդեն հասանելի է Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպի 2-րդ հատորը: Մեկ դար անց հայերեն հրատարակված գրքի առաջին հատորը օրերի ընթացքում սպառվեց: Եթե առաջին հատորում շատ են պատերազմական ծանր նկարագրությունները, երկրորդում կանայք կգտնեն հագուստի ընտրությունից, մինչև տան կահավորման հաճելի մանրուքներ և սիրավեպի հանգուցալուծում, որ անհնար է մոռանալ։

Մեծ վեպը չի կարող չառաջացնել մեծ իրարանցում և, իհարկե, սկանդալներ։ Հենց սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, «Քամուց քշվածները» վեպը արգելվեց Ֆաշիստական Գերմանիայում։ Մեղադրանքն այն էր, որ գիրքը ոգևորել է ֆրանսիական դիմադրության շարժման ակտիվիստներին։ Այս մասին Մարգարետ Միտչելի կենսագիր Դեբրա Ֆրիրն իր հարցազրույցներից մեկում նկատում է. «Նացիստները վախենում էին, որ Քամուց քշվածները մարդկանց մեջ հույս կարթնացնի, ֆաշիստական օկուպացիային դիմանալու ուժ կտա ։ Պատերազմից հետո գիրքն արգելվում է Խորհրդային միությունում»։ Ճակատագրի հեգնանքով, գիրքը արգելում են նաև ԽՍՀՄ-ում, քանի որ Սքարլեթ Օհարան պատերազմի կողմնակից չէր և կոմունիստների համար վտանգավոր էր նրա կերպարը:

                                                        

Զարմանալի է, բայց հրատարակումից և մեծ էկրան բարձրանալուց 80 տարի անց էլ արգելքներն ուղեկցում են վեպին։ Ամերիկյան HBO Max կաբելային ընկերությունն իր հավելվածից հանեց «Քամուց քշվածներ» ֆիլմը: Պատճառը ազգային խտրականությունն էր: Ըստ ընկերության, ֆիլմը ներկայացնում է էթնիկ և ռասայական կարծրատիպեր, որոնք այժմ անընդունելի են։ Ընկերությունը ստիպված էր կողմնորոշվել, ինչպես է պետք այն ներկայացնել մեր օրերում։ Սևամորթ լրագրող Նիշել Թըրները հիշում է. «Ամեն անգամ, երբ ֆիլմը նայել էի իմ սևամորթ ընկերների հետ, խոսում էին, որ այն իդեալականացնում է հարավի ստրկատիրական կարգերը։ Այո, այս ֆիլմը պատմության մեջ իր տեղն ունի, բայց այն նաև պրոբլեմատիկ է»։ Երկու շաբաթ անց ֆիլմը վերականգնվեց և հասանելի դարձավ, բայց մինչև այն դիտելը՝ HBO-ն կցեց լրացուցիչ բացատրական երկու տեսանյութ։ Առաջինում կինոգետ Ժակլին Ստյուարտը բացատրում է, թե ինչպես պետք է ընկալել ֆիլմը։ Երկրորդ տեսանյութում քննարկվում են ռասսայական խտրականության դրսևորումները «Քամուց քշվածներ» ֆիլմում։

Կարդացեք նաև