Գերմանական բեսթսելլեր, որը հեղինակը գրել է 20 տարվա ընթացքում (տեսանյութ)
Օյգեն Ռուգեի «Մարող լույսի ժամանակներում» վեպն ընտանեկան սագա է, գլխավոր հերոսները՝ չորս սերնդի տղամարդիկ՝ հայրեր ու որդիներ: Պատմական աշխատության մոտիվներով ինքնակենսագրական վեպի միջոցով հեղինակը ներկայացնում է Արևելյան Գերմանիայի պատմությունը՝ հասնելով,
Oյգեն Ռուգեի դեբյուտը՝ 20 տարվա ծրագրի արդյունքը, լույս տեսավ բեռլինյան պատի փլուզումից գրեթե 20 տարի անց։ Հեղինակը միայն այդ ժամանակ կարողացավ ներկայացնել իր ոչ սովորական ընտանիքի պատմությունը, որը զուգահեռվում է Խորհրդային միության պատմությանն ու փլուզվում սոցլագերի հետ:
Գիրքը Գերմանիայում դարձել է բեսթսելլեր։ 2011-ին ստացել է Գերմանիայի գլխավոր գրական մրցանակը։ Թարգմանվել է ավելի քան 30 լեզվով, դարձել է բեսթսելլեր նաև արևմտյան երկրներում։ Պարզվեց բոլորին է հետաքրքիր, թե ովքեր էին ապրում Բեռլինի պատից արևելք՝ այս մասին անդրադարձել է հեղինակն իր հարցազրույցներից մեկում. «Զարմացա, որ այս պատմությունը հետաքրքրեց և՛ ֆրանսիացիներին, և՛ ամերիկացիներին և՛ չինացիներին»։
Որքան էլ տարօրինակ է՝ Օյգեն Ռուգեի այս վեպը միայն 2017-ին թարգմանվեց ռուսերեն, մինչդեռ, ըստ գրողի, գործողությունը ծավալվում է Խորհրդային միության տարածքում, հերոսների մի մասը ռուս է, մշակույթը, կենցաղը՝ ռուսական. «Անկեղծ ասած չգիտեմ, իմ գիրքն ինչու այդքան ուշ թարգմանվեց ռուսերեն։ Ափսոս, որովհետև այդ գիրքը Ռուսաստանի հետ ընդհանուր շատ բան ունի։ Սա նաև Ռուսաստանի պատմությունն է»։
«Մարող լույսի ժամանակներում» վեպը ընտանեկան սագա է՝ արևելագերմանական 4 սերնդի պատմություն, որն անցնում է խորհրդային դարաշրջանով ու ցույց տալիս սոցիալիզմի ճգնաժամը։ Ե՛վ խորհրդային կայսրությունը, և՛ գլխավոր հերոս կոմունիստ Վիլհելմի ընտանիքը փլուզվում են 20-րդ դարի վերջին. Օյգեն Ռուգեն նկատել է. «Գիրքը ներկայացնում է հարյուրամյակի կեսը՝ 50 տարի՝ եթե վերցնենք ընդհանուր առմամբ, ապա ամբողջ 20-րդ դարը։ Պատմում եմ 4 սերունդների մասին, որոնք աստիճանաբար հեռանում են կոմունիզմից»։
Սա հենց Ռուգեի ընտանիքի պատմությունն է, որտեղ ամեն մի պերսոնաժ իր արդարացումը, իր հիմնավորումն ու սկզբունքներն ունի։ Հեղինակն այս գրքում երբեմն մոտենում է ինքնակենսագրական ժանրին, երբեմն՝ պատմական աշխատության: Սա Արևելյան Գերմանիայի պատմությունն է՝ ներկայացված մեկ ընտանիքի հայացքով, ասում է Ռույգեն. «Ես գրում եմ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության մասին։ Սա ընտանեկան սագա է՝ մի ընտանիքի պատմություն, որը փլուզվում է, ինչպես ԳԴՀ-ն, ինչպես սոցիալիզմը։ Ես փոքր ընտանեկան պատմություններով մեծ պատմական թեմա եմ ներկայացնում»։
Այս գրքի բոլոր հերոսները տարբեր են ու հակադիր հայացքներով։ Ճակատագրի բերումով բոլորն էլ ստիպված են նույն հարկի տակ ապրել, բայց անընդհատ վիճում են, միմյանց փնովում: Հեղինակն էլ հրաժարվում է դատավորի դերից՝ դառնալով իր ստեղծած կերպարների հոգեվերլուծաբանը:
Կարդացեք նաև
- Newmag-ը հաղթել է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մրցույթում. կթարգմանվի եվրոպական 6 մրցանակակիր, ժամանակակից վեպ
- «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակում Newmag-ը ներկայացնում է գերմանական մեծագույն վեպ. «Մարող լույսի ժամանակներում» գիրքը (թրեյլեր)
- Newmag-ն ազդարարեց «Ստեղծարար Եվրոպայի» հրատարակչական ծրագրի մեկնարկը. Ներկայացվել է հյուսիս-եվրոպական երկու բեսթսելլեր (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Մարող լույսի ժամանակներում» գերմանական բեսթսելլերի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)