[Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

February 17, 2022

«Ուժերի նոր բալանս. ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու Ռուսաստանը» գրքի հեղինակը Դմիտրի Տրենինն է՝ Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի ղեկավարը: Դմիտրի Տրենինին սովորաբար կարդում են գրիչը ձեռքին: Նրա միջազգային հարաբերություններին նվիրված գրքերը լույս են տեսել Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, ՉԺՀ-ում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում։ Այս գրքում ռազմական թարգմանիչ, քաղաքագիտական գրքերի հեղինակն այս աշխատությունում վերլուծել է երկրի արտաքին քաղաքականության վերջին երեքուկես տասնամյակի ընթացքը:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին գիրք գրելու միտքը հեղինակին հուշել է «Ալպինա Պաբլիշեր» հրատարակչության գլխավոր խմբագիր Սերգեյ Տուրկոն: Դմիտրի Տրենինին միտքն ավելի քան ոգևորեց, քանի որ արդեն երկար ժամանակ ուսումնասիրել էր ու կարող էր վերլուծել երկրի արտաքին քաղաքականության երեքուկես տասնամյակի ընթացքը՝ սկսած գորբաչովյան վերակառուցումից, և, հիմք ընդունելով այդ տարիների դասերը, որոշակի մտքեր և գաղափարներ առաջարկել առաջիկա տասնամյակի արտաքին քաղաքականության համար:

«Ուժերի նոր բալանս» գրքի հեղինակի վերլուծական նյութն ընդգրկում է բազմաթիվ ուղղություներ՝ Ռուսաստանին պե՞տք է կրկին դառնալ գերտերություն, ինչպե՞ս բալանսավորել ներքին հնարավորություններն ու արտաքին ակտիվությունը, ինչպե՞ս կառուցել հարաբերություններն անմիջական հարևանների հետ, իսկ ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի հետ հատման կետեր կա՞ն։ Ռուսաստանցի միջազգայնագետ Դմիտրի Տրենինն այս գրքում դիտարկում է հիմքերը, որոնց վրա կառուցվում են Ռուսաստանի հարաբերություններն այլ երկրների հետ։

Տրենինն ամփոփ ներկայացնում է Մոսկվայի արտաքին քաղաքականությունը Միխայիլ Գորբաչովի, Բորիս Ելցինի և Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին։ Վերլուծելով ոչ վաղ անցյալի հաջողությունները, ձախողումները և սխալները՝ հեղինակն առաջարկում է մտորել, թե արագ փոփոխվող աշխարհում Ռուսաստանը ինչպես պետք է կառուցի ինքնուրույն ու հավասարակշռված արտաքին քաղաքականության ռազմավարություն: Ըստ նրա, այս տարիների միջազգային քաղաքականության գլխավոր արդյունքները, դասերը, հաջողությունները պետք է պահպանել ապագայի համար:

                                                                                  

Գիրքը բաղկացած է 3 մասից: Առաջինն անվանել է «Արտաքին քաղաքականության հիմունքները», որտեղ անդրադառնում է պետության արտաքին քաղաքականության ոլորտում կիրառվող ընդհանուր հասկացությունների՝ միջազգային հանրության մեջ ազգային ինքնության, ազգային շահերի, քաղաքականության նպատակների ու սկզբունքների, գաղափարախոսության ու աշխարհում երկրի առաքելության մասին: 2-րդ՝ «Ժառանգություն» խորագրում ամփոփել է Վլադիմիր Պուտինի, Դմիտրի Մեդվեդևի, Բորիս Ելցինի և Միխայիլ Գորբաչովի արտաքին քաղաքական աշխատանքը:  3-րդ մասն անվանել է «2020-ականների Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուրվագծային քարտեզը» վերնագրով: Այն մտորումներ է՝ ինչպես է նպատակահարմար ապագայում կառուցել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը:


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Գիրքը թարգմանել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը։ Հայերեն հրատարակության գործընկերն է «Լույս» հիմնադրամը։

Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս». ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու Ռուսաստանը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winter Fest-ին, Կոնգրես հյուրանոցի Մեծ սրահում, փետրվարի 19-ին, 16:00-ին:

Շնորհանդեսից անմիջապես հետո՝ 17:00-ին, քննարկումների սրահում կմեկնարկի պանելային քննարկում՝ նվիրված «Հայ-ռուսական հարաբերությունների ապագան» թեմային:

Կարդացեք նաև