Newmag Winter Fest-ին տեղի կունենա Ռիչարդ Օսմանի «Սպանություններ ակումբ ամեն հինգշաբթի» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

February 16, 2023

Երբ գործի են անցնում 65+ թոշակառուները ու բացահայտում աղմկոտ ու առեղծվածային հանցագործություններ: Նրանք գործում են արհեստավարժ, սառնասիրտ ու գիտակ, ունեն հանդիպման անփոփոխ վայր ու օր: Newmag-ը հայերեն է հրատարակել վերջին տարիների ամենահայտնի դեդեկտիվի հեղինակ Ռիչարդ Օսմանի «Սպանություններ ակումբ ամեն հինգշաբթի» գիրքը։ Թրիլլերը դարձել է իսկական սենսացիա գրական աշխարհում։ Շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 18-ին, «Կոնգրես» հյուրանոցում, Ձմեռային փառատոնի շրջանակում: Գրքի գլխավոր գործընկեր՝ «Զանգակ» գրատուն:

Ռիչարդ Օսմանը BBC-ի Pointless հեռուստաշոուի աստղ, պրոդյուսեր և տարբեր ժամանցային նախագծերի հեղինակ է: Հիթային հեռուստավիկտորինաների պրոդյուսերը վերապրոֆիալվորվեց դետեկտիվ գրողի և «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» գիրքը դարձավ ամենավաճառվող դեբյուտը Հարրի Փոթերից հետո. «Ժամանցային շոուներում կարևոր ու բարդ գործը մարդկանց ուշադրությունը պահելն ու զվարճացնելն է։ Նույնն էլ գրքի դեպքում է։ Վախենում եմ, որ մարդիկ կարող են չցանկանան վերադառնալ պատմությանը։ Այդ պատճառով պետք են այնպիսի հերոսներ և դինամիկ սյուժե, որը ընթերցողները սիրեն»։ 

Միայն տպագրության տարում՝ 2020-ին,  բրիտանական գրականության Սուրբ ծննդյան տոնավաճառի օրերին այն ունեցավ ռեկորդային վաճառք, մեկ շաբաթում վաճառվեց  գրեթե 135 հազար օրինակ ու առաջ անցավ անգամ Բարաք Օբամայի ինքնակենսագրականին։  

Գիրք գրելու համար Ռիչարդ Օսմանն ունի օրական երկու ժամ ու ևս մեկ պարտադիր պայման. միայն խոտաբույսերով թեյ և սեղանին վառվող մոմ՝ ամեն ինչ անգլիական ձևով։ Հենց նման միջավայրում էլ մուսաները օգնում են, որ նա շարադրի հերթական թրիլլերի սյուժեն: «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» գիրքը ունի կուռ կառուցվածք՝ համեմված գրողի սրամիտ ու հումորային նրբերանգներով: Պատմությունը թոշակառուների մասին է, որոնք բացահայտում են առեղծվածային սպանությունների շղթան։ Թոշակառուների համար նախատեսված ավանում բնակվում են պատմության գլխավոր 4 հերոսները: Խմբով էլ հավաքվում են ամեն հինգշաբթի և սկսում բացահայտել սպանությունների արյունոտ կծիկը:

Գիրքը գրելու միտքը հղացել է թոշակառուների համար նախատեսված ավան հերթական այցի ժամանակ, երբ տեսակցում էր մորը: Թրիլլերն ավարտելուց հետո առաջին ընթերցողներից մեկը մայրն էր։ Միայն մեկ մտավախություն ուներ, որ պատմությունը իր հարևաններից որևէ մեկին չնեղացներ, թեև բոլոր հերոսների կերպարները հորինված են։


ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Ի դեպ, «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը շուտով կէկրանավորվի։ Կինոարտադրության իրավունքները վերցրել է Սթիվեն Սփիլբերգը։ Ենթադրվում է, որ ֆիլմը կլինի սերիաներով։  

Կարդացեք նաև

«Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» գիրքը Ռիչարդ Օսմանի դետեկտիվ եռագրության առաջին մասն է։ Շնորհանդեսը Newmag Winter Fest-ին է, փետրվարի 18-ին, 13:00, Կոնգրես հյուրանոցի Մեծ սրահում, մուտքն ազատ է: Գրքի գլխավոր գործընկերը  «Զանգակ»   գրատունն է: 

Կարդացեք նաև